Текст книги "Մենք ստախոսներ էինք"
Автор книги: Էմիլի Լոքհարթ
сообщить о нарушении
Текущая страница: 7 (всего у книги 7 страниц)
Ես չեմ ուզում նրանց ետևից ման գալ, եթե նրանք չեն ուզում… բայց Գատը թխթկացնում է կայակի իր առջևի նստարանին ու ես անցնում նստում եմ:
Ես իրոք չեմ ուզում նրանցից առանձնանալ:
Երբեք:
Մենք թիավարում ենք երկտեղանոց կայակները դեպի Ուինդեմիրի ներքևի ծովախորշը: Մայրիկի տունը նստած է հենց ժայռին: Ժայռի ներքևում քարե բեկորների խումբ է, որ համարյա քարանձավ է թվում: Մենք կանգնեցնում ենք կայակները բեկորների մոտ, անցնում ենք սառը ցամաք:
Միրրենի ծովային հիվանդությունը գլուխ է բարձրանում, չնայած մենք թիավարել էինք ընդամենը մի քանի րոպե: Նա հիմա հաճախակի է սրտխառնոցներ ունենում, դա անակնկալ չէ: Նա պառկում է, ձեռքերը դնում դեմքին: Ես սպասում եմ, որ տղաները կհանեն, կդասավորեն պիկնիկի իրերը՝ նրանք իրենց հետ ունեն մեծ պայուսակ, բայց փոխարենը Գատը և Ջոննին սկսում են բարձրանալ քարե բեկորներով: Հասկանում եմ, որ նրանք առաջ էլ են դա արել: Բոբիկ են, բարձրանում են ամենաբարձր կետը՝ ջրից հաշված մոտ քսանհինգ ֆուտ //(7-8 մետր), կանգնում են ժայռի այն մասում, որ կախված է ծովի վրա:
Ես նայում եմ նրանց, մինչ նրանք նստում են:
– Ի՞նչ եք անում:
– Մենք մեզ պահում ենք իսկական տղամարդու նման. – բացականչում է Ջոննին: Նրա ձայնը արձագանքում է:
Գատը ծիծաղում է:
– Չէ, լուրջ. – ասում եմ ես:
– Կարող է թվալ, թե մենք քաղաքի թուլամորթ տղաներ ենք, բայց իրականում մենք լի ենք տղամարդկությամբ ու տեստոտերոնով:
– Այդպես չէ:
– Այո այդպես է:
– Օյ, խնդրում եմ: Ես բարձրանում եմ ձեզ մոտ:
– Ո՛չ, պետք չէ. – ասում է Միրրենը:
– Ջոննին ինձ դրդեց, – ասում եմ ես, – հիմա ես ստիպված եմ:
Ես սկսում եմ բարձրանալ այն նույն ճանապարհով, ինչ տղաները: Քարերը սառն են ձեռքերիս տակ, ավելի խոնավ քան պատկերացնում էի:
– Պետք չէ, – կրկնում է Միրրենը, – ես հենց սրա համար չէի ուզում, որ դու գաս:
– Իսկ դու՞ ինչու ես եկել, – հարցնում եմ, – չե՞ս պատրաստվում բարձրանալ այնտեղ:
– Անցած անգամ ես թռա, – խոստովանում է Միրրենը, – այդ մի անգամը բավական էր:
– Նրանք թռնու՞մ են. – դա անհնարին է թվում:
– Կանգնիր, Կադի: Դա վտանգավոր է, – ասում է Գատը:
Եվ նախքան ես կշարունակեի բարձրանալ, Ջոննին փակում է քիթը ու թռնում է: Նա ոտքերի վրա թռնում է մեծ ժայռից:
Ես ճչում եմ:
Նա ուժեղ հարվածում է ջրին, և ծովը թրջում է քարե բեկորները: Ոչ ոք չի կարող ասել որքան խորը կամ ոչ խորն է այդտեղ: Նա իրոք կարող էր մահանալ: Կարող էր… բայց նա գլուխը հանում է ջրից, թափ տալով ջուրը իր կարճ, դեղին մազերից ու բղավելով:
– Դու խե՛նթ ես. – բարկանում եմ ես:
Հետո Գատն է թռնում: Այն ժամանակ, երբ Ջոննին թռավ անկանոն շարժումներով ու բղավելով, Գատը լուռ է, ոտքերը միասին: Նա անցնում է սառցե ջրի մեջ հազիվ թե կաթիլ բարձրացնելով: Նա դուրս է գալիս ուրախ, շապիկը քամելով, երբ ետ է բարձրանում չոր քարերի վրա:
– Նրանք հիմարներ են. – ասում է Միրրենը:
Ես նայում եմ վերև՝ այնտեղ, որտեղից նրանք թռան: Անհնար է թվում, որ դրանից հետո ինչ-որ մեկը ողջ կմնա:
Եվ հանկարծ ես ուզում եմ անել դա: Սկսում եմ նորից բարձրանալ:
– Չէ, Կադի, – ասում է Գատը, – Խնդրում եմ, պետք չէ:
– Բայց դուք հենց նոր արեցիք, – ասում եմ ես, – իսկ դու ասացիր, որ ես կարող եմ գալ:
Միրրենը նստում է, նրա դեմքը գունատ է:
– Ես ուզում եմ տուն գնալ, հիմա, – ասում է նա արագ, – ես ինձ լավ չեմ զգում:
– Խնդրում եմ, մի արա, Կադի, ջրում քարեր կան, – կանչում է Ջոննին, – մենք չպետք է քեզ բերեինք:
– Ես հաշմանդամ չեմ, – ասում եմ ես, – ես գիտեմ ինչպես լողալ:
– Հարցը դրանում չէ, դա… դա լավ միտք չէ:
– Ինչու՞ է դա լավ միտք ձեզ համար, իսկ ինձ համար ոչ, – ասում եմ ես: Ես համարյա ամենավերևում եմ: Մատներիս ծայրերին արդեն հետքեր են մնում, քարերին սեղմվելուց: Ադրենալինը անցնում է արյանս մեջ:
– Մենք հիմար էինք, – ասում է Գատը:
– Գլուխ էինք գովում, – ասում է Ջոննին:
– Ետ իջիր, խնդրում եմ. – Միրրենը արդեն լացում է:
Ես ետ չեմ իջնում: Նստում եմ այնտեղ, որտեղից տղաները թռան, ծնկներս սեղմում կրծքիս: Նայում եմ ներքև, փրփրոտ ծովին: Մութ ֆոռմաներ են երևում ջրի երեսին, բայց ես նաև կարողանում եմ տեսնել ազատ տարածքներ: Եթե ես կարողանամ ճիշտ ուղությամբ թռչել, կանցնեմ խորը ջրի տակ:
– «Միշտ արա այն, ինչից վախենում ես». – բացականչում եմ ես:
– Դա ապուշ նշանաբան է, – ասում է Միրրենը, – ես դա քեզ առաջ էլ ասացի:
Ես կապացուցեմ, որ ես ուժեղ եմ, չնայած նրանք կարծում են թե հիվանդ եմ:
Ես կապացուցեմ, որ ես քաջ եմ, չնայած նրանք կարծում են, թե թույլ եմ:
Շուրջս քամիներ են: Միրրենը հեկեկում է: Գատն ու Ջոննին գոռում են վրաս:
Ես փակում եմ աչքերս ու թռչում եմ:
Ջրի հարվածը հոսանքի նման է: Շոկային: Ոտքս քերծվում է քարից, ձախ ոտքս: Ես սուզվում եմ ներքև, ներքև դեպի քարքարոտ հատակը, ու
ես կարողանում եմ տեսնել Բիչվուդ կղզու հիմքը,
իմ ձեռքերն ու ոտքերը անզգայանում են, բայց մատներս սառում են:
Կողքերով ես անցնում են ջրիմուռներ, մինչ ես իջնում եմ ներքև:
Եվ արդեն հետո ես ջրի երեսին եմ, ու շնչում եմ:
Ես նորմալ եմ,
գլուխս նորմալ է,
ոչ ոք ինձ համար լացելու կամ անհանգստանալու կարիք չունի:
Ես լավ եմ:
Ես ողջ եմ:
Լողում եմ դեպի ափ:
Երբեմն ես մտածում եմ իրականության երկակի լինելու մասին: «Կախարդական կյանքում»՝ այն գրքում որ տվել եմ Գատին, կան զուգահեռ աշխարհներ, որտեղ նույն մարդկանց հետ տեղի են ունենում տարբեր իրադարձություններ: Ուրիշ ընտրություն է կատարվել, կամ այլ կերպ է դժբախտ պատահարը տեղի ունեցել: Յուրաքանչյուրն ունի իր կրկնօրինակը զուգահեռ աշխարհում: Տարբեր ինքնություններ, տարբեր կյանքերով, տարբեր ճակատագրերով: Տարբերակներ:
Ես մտածում եմ, օրինակի համար, իսկ եթե կա այսօրվա ուրիշ տարբերակը, որտեղ ես մահանում եմ այդ ժայռից թռչելիս: Ես ունենում եմ հուղարկավորություն, իմ մոխիրը շաղ են տալիս փոքր ափում: Միլիոնավոր ծաղկող պիոններ շրջապատում են իմ սուզվող մարմինը, այն ժամանակ երբ մարդիկ հեկեկում են պատժի ու տանջանքի մեջ: Ես գեղեցիկ դիակ եմ:
Ես մտածում եմ, իսկ եթե կա տարբերակ, որտեղ Ջոննին վնասվում է, նրա ոտքերը ու մեջքը փշրվում են քարերին հարվածելիս: Մենք չենք կարող օգնություն կանչել, ու պետք է ետ թիավարենք կայակները նրա բաց վերքերով: Հետո ինքնաթիռը նրան տեղափոխում է հիվանդանոց, և նա այլևս երբեք չի կարողանում քայլել:
Կամ մեկ ուրիշ տարբերակում, որտեղ ես Ստախոսների հետ չեմ գնում թիավարելու: Թողնում եմ, որ նրանք ինձնից առանձնանան: Նրանք առանց ինձ հանգիստ գնում են՝ ինձ ինչ-որ ստեր ասելով: Մենք մեծանում ենք առանձին, քիչ-քիչ, և արդյունքում մեր ամառային իդիալիան հավերժ կործանվում է:
Ինձ շատ հավանական է թվում, որ այդ տարբերակները գոյություն ունեն:
55
Այդ գիշեր ես արթնանում եմ ցրտից: Ես մի կողմ էի գցել վերմակս, իսկ պատուհանը բաց է: Չափից արագ նստում եմ ու գլուխս պտտվում է:
Հիշողություն:
Մորաքույր Քերրին է, լացում է: Գլուխը կախել է, քիթը քաշում է, բայց չի էլ փորձում մաքրել: Նա կրկնակի մեծ է երևում, դողում է, և թվում է, թե հիմա կփսխի: Մութ է, նա հագել է սպիտակ, բամբակյա բլուզ, վրայից վերարկու… Ջոննիի կապույտ, վանդականախշ վերարկուներից մեկը:
Ինչու՞ է նա հագել Ջոննիի վերարկուն:
Ինչու՞ է նա այդքան տխուր:
Ես վեր եմ կենում, գտնում եմ հաստ, կապյուշոնով սվիտեր ու կոշիկներ: Վերցնում եմ լապտեր ու շարժվում եմ Քադդլդաուն: Մեծ սենյակը դատարկ է ու լուսնից լուսավորված: Խոհանոցի սեղանին դատարկ շշեր են: Ինչ-որ մեկը թողել է կտրտված խնձոր, և այն սևացել է: Ես զգում եմ դրա հոտը:
Միրրենն այստեղ է: Սկզբում ես նրան չէի նկատել: Նա փաթաթվել է գծավոր ադեալով ու տեղավորվել բազմոցին:
– Դու արթուն ես. – շշնջում է նա:
– Ես եկա քեզ տեսնելու:
– Ինչու՞:
– Ես բան հիշեցի: Մորաքույր Քերրին լացում էր: Նա հագել էր Ջոննիի վերարկուն: Դու հիշու՞մ ես Քերրիին լացելիս:
– Պատահել է:
– Բայց տասնհինգերորդ ամռա՞նը, երբ նա ուներ այն կարճ սանրվածքը:
– Ոչ. – ասում է Միրրենը:
– Իսկ ինչու՞ դու քնած չես. – հարցնում եմ:
Միրրենը տարուբերում է գլուխը:
– Չգիտեմ:
Ես նստում եմ:
– Կարո՞ղ եմ քեզ հարց տալ:
– Իհարկե:
– Ինձ պետք է, որ դու ինձ ասես ինչ է տեղի ունեցել մինչև իմ պատահարը: Եվ պատահարից հետո: Դու միշտ ոչ կարևոր բաներ ես պատմում… բայց ինչ-որ բան պետք է պատահած լիներ ինձ հետ, բացի գլխիս հարվածից գիշերվա լողի ժամանակ:
– Ըհըն:
– Դու գիտե՞ս ինչ է եղել:
– Փեննին ասաց, որ բժիշկերը ասել են, որ դա հանգիստ թողնենք: Դու ինքդ կհիշես, երբ ժամանակը գա, և ոչ ոք չպետք է քեզ ճնշի:
– Բայց ես խնդրում եմ, Միրրեն: Ես պետք է իմանամ:
Նա գլուխը դնում է ծնկներին: Մտածում է:
– Դու ի՞նչ ենթադրություններ ունես. – վերջապես ասում է նա:
– Ես… ես մտածում եմ, որ ինչ-որ բանի զոհ եմ դարձել, – դժվար է արտասանել այս բառերը, – ես մտածում եմ, որ ինձ բռնաբարել են, կամ հարձակման եմ ենթարկվել, կամ ինչ-որ ահավոր բան: Այս կարգի բաներն են մարդկանց մոտ ամնեզիա առաջացնում, այդպես չէ՞:
Միրրենը տրորում շրթունքները:
– Ես չգիտեմ քեզ ինչ ասել. – ասում է նա:
– Ասա ինձ ինչ է տեղի ունեցել. – ասում եմ ես:
– Դա չստացված ամառ էր:
– Ինչպե՞ս:
– Դա այն ամենն է ինչ կարող եմ ասել, իմ սիրելի Կադի:
– Դու ինչու՞ երբեք դուրս չես գալիս Քադդլդաունից, – հանկարծ հարցնում եմ ես, – դու համարյա միշտ այստեղ ես, միայն երբեմն կարող է գնաս փոքր ափ:
– Ես թիավարելու եկա այսօր. – ասում է նա:
– Բայց դու սկսեցիր քեզ վատ զգալ: Դու այն ֆոբիա՞ն ունես, – հարցնում եմ, – այն, որ վախենում են բաց տարածություններից: Ագորաֆո՞բիա:
– Ես լավ չեմ, Կադի, – ասում է Միրրենը պաշտպանվելով, – ես անընդհատ մրսում եմ, չեմ կարողանում դողս դադարեցնել: Կոկորդս ցավում է: Այսքանից հետո դու նույնպես չես կարողանա դուրս գալ:
Ես դրանից ավելի վատ էլ եմ լինում, մեծ մասամբ, բայց այս անգամ չեմ հիշատակում գլխացավերս:
– Ուրեմն մենք պիտի ասենք Բեսսին: Դիմենք Բժշկի:
Միրրենը թափահարում է գլուխը:
– Սա ընդամենը հիմար մրսածություն է, որից չեմ կարողանում ազատվել: Կարծես երեխա լինեմ: Ինձ կոճապղպեղի հյութ կբերե՞ս:
Այլևս չեմ կարողողանում հակաճառել: Ես բերում նրա հյութը ու մենք միացնում ենք հեռուստացույցը:
56
Առավոտ, Ուինդեմիրի բակի ծառից կախված է անվադողից ճոճանակ: Նույն նրանցից, որ առաջ կախված էին Քլերմոնտի հսկա թխկուց:
Կատարյալ:
Նրանց նման, որոնցով Թիփփեր տատիկն էր ինձ ճոճում: Հայրիկը:
Պապիկը:
Մայրիկը:
Նրա նման, որի վրա ես ու Գատը համբուրվեցինք կեսգիշերին:
Ես հիշում եմ հիմա, թե ինչպես տասնհինգերորդ ամռանը Ջոննին, Միրրենը, Գատը ու ես Քլերմոնտում խցկվեցինք, որ միասին ճոճվենք: Մենք չափազանց մեծ էինք տեղավորվելու համար: Հրելով իրար, մի կերպ տեղավորվեցինք: Մենք ծիծաղում էինք ու դժգոհում իրարից: Մեղադրում էինք մեկս մյուսին մեծ հետույք ունենալու համար: Մեղադրում էինք իրար, որ վատ հոտ է գալիս, ու նորից փորձում տեղավորվել:
Ի վերջո հարմարվեցինք: Բայց հետո չկարողացանք ճոճել: Մենք այնքան պինդ էինք խցկված, որ ոչ մի կերպ հնարավոր չէր շարժվել: Մենք բղավում ու բղավում էինք անընդհատ փորձերից: Երկվորյակները անցան կողքներովս, բայց հրաժարվեցին օգնել: Վերջապես Թաֆտն ու Ուիլլը դուրս եկան Քլերմոնտից և արեցին այն ինչ կարգադրեցինք: Փնթփնթալով, նրանք հրեցին մեզ մեծ շրջանով: Մեր ծանրությունը մեծ էր, ու դրանից երբ մեզ բաց թողեցին, մենք պտտվեցինք ավելի արագ ու արագ, այնքան ուժեղ ծիծաղելով, որ գլուխներս սկսեց պտտվել ու ցավալ:
Մենք չորսովս՝ Ստախոսներով: Հիմա հիշում եմ դա:
Նոր ճոճանակը պինդ է երևում: Հանգույցները ավելի վստահելի են:
Անիվի ներսում ծրար է դրված:
Գատի ձեռագիրն է. «Կադիի համար»:
Բացում եմ ծրարը:
Ներսում չորացրած, ծովափյա վայրի վարդեր:
57
Ժամանակին մի արքա էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր : Նա տալիս էր նրանց այն , ինչ նրանց սիրտը կուզեր , և երբ նրանք բավականաչափ մեծացան , նրանց հարսանիքները նշվեցին մեծ շքեղությամբ : Երբ կրտսեր դուստրը ունեցավ աղջիկ , արքան ու թագուհին ուրախությունից գլուխները կորցրել էին : Ոչ շատ ուշ , երբ ծնվեց միջնեկ դստեր աղջիկը , ցնծությունը կրկնվեց :
Վերջապես ավագ դուստրը ունեցավ երկվորյակ տղաներ … բայց ցավոք , ամեն ինչ այնպես չեղավ , ինչպես ակնկալվում էր : Տղաներից մեկը մարդ էր , առողջ տղա , մյուսը ավելի շատ նման էր մկան :
Երեխաները մեծացան , և մկնիկը նույնպես : Նա խելացի էր ու իր բեղերը միշտ մաքուր էր պահում : Նա շատ ավելի խելացի էր ու հետաքրքրասեր , քան նրա եղբայրը կամ քույրերը :
Բայց մեկ է , նա անտանելի էր արքայի ու թագուհու համար : Երբ հնարավոր եղավ , նրա մայրը նրան ոտքի հանեց , տվեց նրան պայուսակ , որի մեջ լցրել էր հապալաս ու ընկուզեղեն , և ուղարկեց նրան աշխարհը տեսնելու :
Նա հեռացավ , քանի որ տեսել էր կյանքը դղյակից դուրս , գիտեր , որ եթե մնար տանը , նա միշտ կլիներ կեղտոտ գաղտնիք , ամոթանքի աղբյուր իր մոր ու յուրաքանչյուրի համար ով նրան ճանաչում էր :
Նա ետ չնայեց դղյակին , որ ժամանակին իր տունն էր եղել :
Այնտեղ նա նույնիսկ անուն չուներ :
Հիմա նա ազատ էր առաջ գնալու և իր համար անուն ստեղծելու համար այդ մեծ , մեծ աշխարհում :
Եվ գուցե ,
հնարավոր է ,
մի գեղեցիկ օր նա ետ կվերադառնա ,
և կվառի այդ
գրողի տարած
դղյակը ,
կհավասարեցնի հողին :