Текст книги "Մենք ստախոսներ էինք"
Автор книги: Էմիլի Լոքհարթ
сообщить о нарушении
Текущая страница: 5 (всего у книги 7 страниц)
– Տեսնու՞մ ես, – ասում է Միրրենը, – Գատը լսում էր:
Երեսս վառվում է: Ես նայում եմ հատակին: Մի րոպե ոչ ոք չի խոսում:
– Նորմալ է կորցնել հիշողության մի մասը, երբ դու գլխի ուժեղ հարված ես ստանում, – ասում եմ ես վերջապես, – մա՞յրս է ձեզ պատմել:
Ջոննին նյարդայն ծիծաղում է:
– Ես զարմացած եմ, որ մայրիկը ձեզ պատմել է, – շարունակում եմ ես, – նա ատում է խոսել դրա մասին:
– Նա ասաց, որ դու պիտի շատ հանգստանաս ու ամեն ինչ ինքդ հիշես, երբ գա ժամանակը: Մորաքույրերը դա գիտեն, – ասում է Միրրենը, – պապիկը գիտի, փոքրերը, աշխատողները: Կղզում յուրաքանչյուր ոք գիտի, բայց Ջոննին՝ ոչ, փաստորեն:
– Ես գիտեի, – ասում է Ջոննին, – ես ուղղակի ամբողջ պատկերը չէի տեսնում:
– Հիմար մի եղիր, – ասում է Միրրենը, – հիմա իրոք դրա ժամանակը չէ:
– Ամեն ինչ կարգին է, – ասում եմ Ջոննիին, – դու հիմար չես: Պարզապես քո համար ոչ օպտիմալ պահ էր: Վստահ եմ, սրանից հետո կլինես ավելի օպտիմալ:
– Ես միշտ էլ օպտիմալ եմ, – ասում է Ջոննին, – ուղղակի այնքան չէ, որքան Միրրենն է ինձնից ուզում:
Գատը ժպտում է, երբ ես ասում եմ «օպտիմալ» բառը և թխկթխկացնում է ուսիս:
Մենք սկսել ենք սկզբից:
36
Թենիս ենք խաղում: Հաղթում ենք ես ու Ջոննին, բայց ոչ նրա համար, որ ես իբր լավ եմ խաղում: Ջոննին հիանալի սպորտսմեն է, իսկ Միրրենը ավելի շատ կենտրոնանում է, որ հարվածի գնդակին և երբ հարվածում է, սկսում է ուրախ պարել՝ առանց մտահոգվելու որ հիմա գնդակը ետ կգա: Գատն էլ սկսում է ծիծաղել նրա վրա, ինչի պատճառով նա նույնպես բաց է թողնում հարվածը:
– Ինչպե՞ս էր Եվրոպայում. – հարցնում է Գատը Քադդլդաուն վերադառնալիս:
– Հայրս կաղամարի թանաք կերավ:
– Ուրի՞շ. – մենք հասանք բակ և ռակետները նետեցինք պատշգամբ: Պառկում ենք խոտին:
– Անկեղծ ասած, պատմելու առանձնապես շատ բան չկա, – ասում եմ ես, – գիտե՞ս ինչով էի ես զբաղված, երբ հայրիկը գնաց Կոլիզե:
– Ինչո՞վ:
– Ես դեմքս սեղմել էի սալիկին՝ լոգասենյակի հատակին պառկած: Ուսումնասիրում էի իտալական կապույտ զուգարանակոնքի հիմքը:
– Զուգարանակոնքը կապու՞յտ էր. – հարցնում է Ջոննին նստելով:
– Միայն քեզ կարող էր հետաքրքրել զուգարանակոնքի կապույտ լինելը, այլ ոչ Հռոմի տեսարժան վայրերը. – հառաչում է Գատը:
– Կադենս. – ասում է Միրրենը:
– Ի՞նչ:
– Չէ, ոչինչ:
– Ի՞նչ:
– Դու ասում ես, որ քեզ պետք չէ խղճալ, բայց հետո պատմում ես զուգարանակոնքի հիմքի մասին, – արագ ասում է նա, – դա իրականում խղճահարություն է առաջացնում: Ի՞նչ ես ուզում, որ մենք ասենք:
– Բացի այդ, դու Հռոմ ես գնացել, դա նախանձելի է մեզ համար, – ասում է Գատը, – մեզնից ոչ ոք չի եղել Հռոմում:
– Ես ուզում եմ գնալ Հռոմ, – ասում է Ջոննին՝ նորից պառկելով, – շատ եմ ուզում տեսնել իտալական կապույտ զուգարանակոնքերը:
– Ես ուզում եմ տեսնել Կարակալայի բաղնիքը, – ասում է Գատը, – և ուզում եմ ուտել նրանց բոլոր տեսակների պաղպաղակները:
– Ուրեմն գնացեք, – ասում եմ ես:
– Դժվար թե այդքան հեշտ լինի:
– Լավ, բայց կգնաք, – ասում եմ ես, – երբ քոլեջ ընդունվեք կամ քոլեջից հետո:
Գատը հոգոց է հանում:
– Ես ուղղակի ասում եմ՝ դու եղել ես Հռոմում:
– Շատ կցանկանայի, որ դու նույնպես այնտեղ լինեիր, – ասում եմ նրան:
37
– Դու թենիսի կորտու՞մ էիր, – հարցնում է մայրիկը, – ես լսում էի գնդակների ձայնը:
– Ուղղակի զբաղվում էի:
– Դու երկար ժամանակ է ինչ չէիր խաղացել: Դա հրաշալի է:
– Հարվածներս թուլացել են:
– Ես այնքան ուրախ եմ, որ դու նորից սկսել ես խաղալ: Եթե ցանկանաս ինձ հետ խաղալ, մարզվել, միայն ասա:
Նա զառանցում է: Եթե ես մի անգամ խաղացի, դա չի նշանակում, որ ես շարունակելու եմ թենիսը, և նույնիսկ կցանկանամ խաղալ մայրիկի հետ: Նա կհագնի թենիսի կիսաշրջազգեստ, կխրախուսի ինձ, և զգույշ կխաղա ինձ հետ, չափազանց ուշադիր կլինի, մինչև ես կզայրանամ, կվիրավորեմ նրան:
– Տեսնենք, – ասում եմ ես, – կարծես թե ես ձգել եմ ուսս:
Ընթրիքը դրսում է՝ ճապոնական ոճով այգում: Ժամը ութն է, մենք նայում ենք մայրամուտը, խմբերով փոքր սեղանների շուրջ նստած: Թաֆտը և Ուիլլը ափսեից վերցնում են խոզի միս ու սկսում են ուտել ձեռքերով:
– Դուք երկուսդ կենդանի եք, – ասում է Լիբերտին՝ կնճռոտելով քիթը:
– Քե՞զ ինչ. – ասում է Թաֆտը:
– Մի իր գոյություն ունի, անունը՝ պատառաքաղ, – ասում է Լիբերտին:
– Մի իր գոյություն ունի, անունը՝ դեմքդ, – ասում է Թաֆտը:
Ջոննին, Գատն ու Միրրենը ընթրում են Քադդլդաունում, չէ՞ որ նրանք հիվանդ չեն: Եվ նրանց մայրերը նրանց չեն կառավարում: Մայրիկը ինձ թույլ չի տալիս նույնիսկ նստել մեծերի հետ: Նա ինձ ստիպում է, որ նստեմ նույն սեղանի մոտ, քույրերիս ու եղբայրներիս հետ:
Նրանք ծիծաղում են, միմյանց ծաղրում են, խոսելով լիքը բերաններով: Ես դադարում եմ նրանց լսել: Փոխարենը նայում եմ մայրիկին, Քերրիին ու Բեսսին՝ պապիկի շուրջը նստած:
Ես հիշում եմ, որ գիշեր էր: Երևի թե պատահարից երկու շաբաթ առաջ: Հուլիսի սկիզբը: Մենք բոլորս նստած էինք երկար սեղանի շուրջ Քլերմոնտի բակում: Ցիտրուսային հոտերով մոմերը վառվում էին պատշգամբում: Փոքրերը վերջացրել էին իրենց բուրգերները և խոտին անիվներ էին անում: Մեր մի մասն էլ թրաձկան գրիլ էր ուտում, ռեհանի սոուսով: Կար դեղին լոլիկով աղցան և մեծ ամանով դդմիկ վրան չոր պարմեզան պանիր: Գատը սեղանի տակից իր ոտքը սեղմեց իմ ոտքին: Ուրախությունից գլուխս պտտվեց:
Մորաքույրերը խաղում էին իրենց ուտելիքների հետ՝ լուռ ու ասես իրար հետ համաձայնեցրած, փոքրերի բղավոցների տակ: Պապիկը ետ նստեց, ձեռքերը դրեց փորին:
– Ի՞նչ եք կարծում, արժի՞ վերանորոգել Բոստոնի տունը. – հարցրեց նա:
Հետևեց լռություն:
– Ոչ, հայրիկ, – Բեսսը առաջինն էր, որ խոսեց, – մենք սիրում ենք այդ տունը:
– Դու միշտ բողոքում ես, թե հյուրասենյակում քամի է փչում. – ասաց պապիկը:
Բեսսը նայեց քույրերին.
– Ես չեմ բողոքել:
– Քեզ դուր չի գալիս դիզայնը, – ասաց պապիկը:
– Դա ճիշտ է. – մայրիկի ձայնը քննադատական էր:
– Կարծում եմ, դրա ժամանակը չէ, – ասաց Քերրին:
– Ես կարող էի լսել քո խորհուրդները, դու գիտես, – ասաց պապիկը Բեսսին, – կգա՞ս տունը ավելի ուշադիր նայելու: Ասես քո կարծիքը:
– Ես…
Պապիկը առաջ եկավ.
– Ես կարող եմ այն նաև վաճառել, գիտես:
Մենք բոլորս գիտեինք, մորաքույր Բեսսը ուզում էր Բոստոնի տունը: Նրանք երեքն էլ ուզում էին Բոստոնի տունը: Այն արժեր չորս միլիոն դոլար, և նրանք մեծացել էին այդ տանը: Բայց Բեսսը միակն էր, որ ապրում էր մոտակայքում, և ում երեխաները կզբաղեցնեին բոլոր ննջասենյակները:
– Հայրիկ, – կտրուկ ասաց Քերրին, – դու չես կարող այն վաճառել:
– Ես կարող եմ անել այն, ինչ կցանկանամ, – ասաց պապիկը՝ պատառաքաղով վերցնելով իր ափսեի վերջին լոլիկը, ու դնելով բերանը, – և ի՞նչ, Բեսս, քեզ տունը դուր է գալիս այնպիսին ինչպիսին հիմա՞ է, թե՞ դու ուզում ես այն տեսնել վերանորոգած: Ոչ ոքի դուր չեն գալիս փնթփնթանները:
– Ես հաճույքով քեզ կօգնեմ, ինչ էլ որ որոշես փոխել, հայրիկ:
– Օհ խնդրում եմ, – կոպիտ ասաց մայրիկը, – միայն երեկ դու ասում էիր, թե ինչքան զբաղված ես, իսկ հիմա օգնում ես վերանորոգել Բոստոնի տու՞նը:
– Նա մեր օգնությունը խնդրեց. – ասաց Բեսսը:
– Նա քո օգնությունը խնդրեց: Դու մեզ բացառեցի՞ր, հայրիկ. – մայրիկը խմած էր:
Պապիկը ծիծաղեց.
– Փեննի, հանգստացիր:
– Ես կհանգստանամ, երբ ունեցվածքը բաժանված կլինի:
– Դու մեզ խելագարության ես հասցնում. – քթի տակ ասաց Քերրին:
– Ինչ-ի՞նչ: Մի մրթմրթա:
– Մենք բոլորս սիրում ենք քեզ, հայրիկ, – ասաց Քերրին բարձր, – ես գիտեմ, այս տարին ծանր էր:
– Եթե դուք պատրաստվում եք խելագարվել, դա ձեր գրողի տարած որոշումն է, – ասաց պապիկը, – ձեզ հավաք պահեք: Ես չեմ կարող ունեցվածքս թողնել խելագարներին:
Նայեք քույրերին հիմա, տասնյոթերորդ ամռանը: Այստեղ, ճապոնական այգում, Նոր Քլերմոնտում մայրիկը ձեռքով գրկել է Բեսսին, ով էլ ձգել է ձեռքը որպեսզի Քերրիի համար ազնվամորիյով կարկանդակ կտրի:
Սա հրաշալի երեկո է, և մենք իրոք հրաշալի ընտանիք ենք:
Ես չգիտեմ ինչն է փոխվել:
38
– Թաֆտը ունի նշանաբան, – ասում եմ Միրրենին: Կեսգիշեր է: Մենք Ստախոսներով Քադդլդաունի մեծ սենյակում Էրուդիտ ենք խաղում:
Իմ ծունկը կպնում է Գատի ազդրին, չնայած ես համոզված չեմ, որ նա նկատում է: Տախտակը համարյա լցված է: Իմ ուղեղը հոգնել է: Ինձ մոտ վատ տառեր են:
Միրրենը առանձին դասավորում է իր կտորները:
– Թաֆտը ունի ի՞նչ:
– Նշանաբան, – ասում եմ ես, – դե գիտես, ինչպես պապիկը: «Ոչ ոք չի սիրում փնթփնթաններին»:
– «Երբեք մի նստեք վերջին շարքերում», – նա պապիկի ձևերն է անում:
– «Մի նվնվա, մի արդարացիր», – ասում է Գատը, – կարծեմ սա Դիզրաելինն է:
– Օ, այդ մեկը նա պաշտում է, – ասում է Միրրենը:
– Եվս մեկը՝ «մի ընդունիր ոչը որպես պատասխան», – ավելացնում եմ ես:
– Աստված իմ, Կա՛դի, – գոռում է Ջոննին, – դու վերջապես կկազմե՞ս քո բառը, որ մենք շարունակենք խաղը:
– Մի գոռա նրա վրա, Ջոննի, – ասում է Միրրենը:
– Կներես, – ասում է Ջոննին, – բարեհաճ կգտնվե՞ս, խնդրում եմ, և կկազմե՞ս այդ շագանակագույն կտորներով անիծված էրուդիտի բառը:
Իմ ծունկը կպած է Գատի ազդրին: Իրականում չեմ կարողանում կենտրոնանալ: Ես կազմում եմ կարճ, թույլ բառ:
Ջոննին խաղում է հաջորդը:
– «Թմրադեղերը քեզ ընկեր չեն», – մեջբերում եմ ես, – սա է Թաֆտի նշանաբանը:
– Պարզ է, – ծիծաղում է Միրրենը, – որտեղի՞ց է նա դա մտածել:
– Երևի թմրադեղերի հետ կապված դասընթացներ է ունեցել դպրոցում: Գումարած դրան, երկվորյակները առանց հարցնելու մտել էին սենյակս և Թաֆտին ասել էին, որ սեղանս լցված է դեղերով, այդպիսով նա ուզում էր համոզվել, որ ես թմրամոլ չեմ:
– Աստված իմ, – ասում է Միրրենը, – Բոննին ու Լիբերտին փորձանք են: Կարծում եմ հիմա նրանք կլեպտոման են:
– Լու՞րջ:
– Նրանք վերցրել են մայրիկի քնաբերները ու նաև ադամանդներով օղերը: Ես գաղափար չունեմ, նրանք որտեղ են պատրաստվում կրել այդ օղերը, որ մայրիկը չտեսնի: Բացի այդ, իրենք երկուսն են, իսկ ականջողները ընդամենը մեկ զույգ:
– Դու նրանց հետ խոսացե՞լ ես այս թեմայով:
– Փորձեցի Բոննիի հետ: Բայց նրանց ես այլևս չեմ կարող օգնել, – ասում է Միրրենը: Նա նորից դասավորում է իր կտորները, – ինձ դուր է գալիս նշանաբանների հետ կապված միտքը, – նա շարունակում է, – կարծում եմ կարելի է մտածել ոգեշնչող ցիտատներ, որ կօգնի ծանր ժամանակներում:
– Օրինա՞կ. – հարցնում է Ջոննին:
Միրրենը լռում է: Հետո ասում է.
– «Եղիր ավելի բարի, քան պետք է»:
Դա մեզ ստիպում է լռել: Կարծես թե դրան հակաճառելու ոչ մի պատճառ չկա:
Հետո Ջոննին է ասում.
– «Երբեք մի կեր հետույքիցդ ավելի մեծ բան»:
– Դու կերել ես ինչ-որ բան, որ հետույքիցդ ավելի մե՞ծ է. – հարցնում եմ ես:
Նա հանդիսավոր գլխով է անում:
– Լավ, Գատ, – ասում է Միրրենը, – ո՞րն է քոնը:
– Ես չունեմ:
– Դե-ե-ե:
– Լավ, գուցե, – Գատը նայում է իր եղունգներին, – «մի ընդունիր չարությունը, որ կարող ես փոխել»:
– Ես համաձայն եմ դրա հետ. – ասում եմ ես, որովհետև այդպես է:
– Ես չէ. – ասում է Միրրենը:
– Ինչու՞:
– Շատ քիչ բան կա, որ դու կարող ես փոխել: Դու պետք է ընդունես աշխարհը այնպիսին, ինչպիսին որ կա:
– Դա ճիշտ չէ. – ասում է Գատը:
– Ի՞նչ է, ավելի լավ չէ՞ լինել հանգիստ, խաղաղ մարդ. – հարցնում է Միրրենը:
– Ոչ, – Գատը վճռական է, – ավելի լավ է կռվել չարի դեմ:
– «Մի կեր դեղին ձյուն», – ասում է Ջոննին, – ևս մեկ լավ նշանաբան:
– «Միշտ արա այն, ինչից վախենում ես», – ասում եմ ես, – սա է իմը:
– Օհ, խնդրում եմ: Ո՞վ է նման բան ասել, – գոչում է Միրրենը:
– Էմերսոնը, – պատասխանում եմ ես, – կարծեմ:
Ես վերցնում եմ գրիչը ու գրում եմ դա ձեռքերիս: Ձախին՝ «միշտ արա այն», աջին՝ «ինչից վախենում ես»: Աջիս վրա տառերը ծուռ են ստացվում:
– Էմերսոնը այնքան ձանձրալի է, – ասում է Ջոննին:
Նա ինձնից վերցնում է գրիչը և գրում իր ձախ ձեռքին՝ «ՈՉ ՄԻ ԴԵՂԻՆ ՁՅՈՒՆ» :
– Այսպես, – ասում է նա, ցույց տալով արդյունքը, – սա պիտի որ օգնի:
– Կադի, լուրջ եմ ասում: Մենք միշտ չէ, որ պետք է անենք այն, ինչից վախենում ենք. – ոգևորված ասում է Միրրենը, – պարտավոր չենք երբեք:
– Ինչու՞:
– Դու կարող ես մահանալ: Կարող ես քեզ վնասել: Եթե վախենում ես, հավանաբար դրա համար կա լուրջ պատճառ: Դու պետք է վստահես քո ներքին ազդակին:
– Եվ ո՞րն է քո փիլիսոփայությունը այդ դեպքում, – հարցնում է նրան Ջոննին, – լինել վախկոտ հա՞վ:
– Այո, – ասում է Միրրենը, – դա և այն բարության հետ կապվածը, որ ասացի:
39
Ես հետևում եմ Գատին, երբ նա աստիճաններով բարձրանում է: Ես հասնում եմ նրան երկար միջանցքում, բռնում եմ ձեռքից և շրթունքներս սեղմում եմ նրա շրթունքներին:
Դա այն է, ինչ ես վախենում եմ անել և անում եմ:
Նա պատասխանում է համբույրիս: Մատները միահյուսում է իմ մատների հետ ու ես գլխապտույտ եմ զգում, նա պահում է ինձ, և ամեն ինչ կրկին պարզ ու հրաշալի է դառնում: Մեր համբույրը փոշիացնում է աշխարհը: Կանք միայն մենք, և ուրիշ ոչինչ նշանակություն չունի:
Հետո Գատը ետ է քաշվում.
– Ես չպետք է սա անեմ:
– Ինչու՞, – նա դեռ բռնել է ձեռքս:
– Այնպես չէ, որ ես չեմ ուզում, բայց…
– Ես մտածում էի, թե մենք ամեն ինչ սկզբից ենք սկսել: Սա չի՞ նշանակում սկզբից սկսել:
– Ես խճճվեցի, – Գատը ետ է քայլում և հենվում է պատին, – սա շատ ծամված խոսակցություն է: Ես այլևս չգիտեմ ուրիշ ինչ ասել:
– Բացատրիր:
Ձայն չկա: Եվ հետո.
– Դու ինձ չգիտես:
– Բացատրիր. – կրկին ասում եմ ես:
Գատը գլուխը դնում է ձեռքերին: Մենք կանգնած ենք այդտեղ, մթության մեջ, երկուսով պատին հենված:
– Լավ: Օրինակ, – վերջապես ասում է նա ցածր, – դու երբեք չես տեսել մորս: Դու երբեք չես եղել իմ տանը:
Ճիշտ է: Ես Գատին Բիչվուդից դուրս ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել:
– Քեզ թվում է, թե դու ինձ գիտես, Կադի, բայց դու գիտես միայն իմ այն եսին, ով այստեղ է գալիս, – ասում է նա, – դա… դա ուղղակի ամբողջական պատկերը չէ: Դու չես տեսել իմ ննջասենյակը՝ օդափոխման հորանին նայող պատուհանով, մայրիկիս կարրին, դպրոցի ընկերներիս, ինչպես ենք մենք նշում տոները: Դու ինձ գիտես միայն այս կղզու վրա, որտեղ բոլորը հարուստ են, բացի ինձնից ու աշխատողներից: Որտեղ բոլորը սպիտակ են, բացի ինձնից, Ջիննիից ու Պաուլոից:
– Ովքե՞ր են Ջիննին ու Պաուլոն:
Գատը իր բռունցքը հարվածում է ափին:
– Ջիննին տնտեսուհին է: Պաուլոն այգեպանն է: Դու չգիտես նրանց անունները, իսկ նրանք աշխատում են այստեղ յուրաքանչյուր ամառ: Սա իմ ասած խնդրի մի մասն է:
Երեսս վառվում է ամոթից:
– Ցավում եմ:
– Բայց դու իրոք ուզու՞մ ես տեսնել ամբողջական պատկերը, – հարցնում է Գատը, – կկարողանա՞ս այն հասկանալ:
– Դու դա չես իմանա, եթե չփորձես ասել ինձ, – ասում եմ ես, – դու երբեք ինձ չես պատմել նրանց մասին:
– Գիտե՞ս պապիկիդ համար ես ով եմ: Ով եմ միշտ եղել:
– Ո՞վ:
– Հիտքլիֆը: «Մոլեգին հողմերի դարավանդից»: Կարդացե՞լ ես այն:
Թափահարում եմ գլուխս:
– Հիտքլիֆը գնչու տղա է, ում իր խնամակալության տակ է վերցրել ու մեծացրել Էրնշոների մաքուր ընտանիքը: Հիտքլիֆը սիրահարվում է նրանց աղջկան՝ Քեթրինին: Քեթրինը նույնպես սիրում է նրան, բայց նա նաև կարծում է, թե Հիտքլիֆը ոչինչ է, ելնելով նրա ծագումից: Եվ ընտանիքի մնացած անդամները նույն կարծիքին են:
– Դա այն չէ, ինչ ես եմ զգում:
– Չկա ոչինչ, որ Հիտքլիֆը երբևէ կարող է անել, որ կստիպի Էրնշոներին մտածել, թե նա բավարար չափ լավն է: Բայց նա փորձում է: Նա հեռանում է, ինքնակրթությամբ է զբաղվում, դառնում է ջենտլմեն: Բայց մեկ է, նրանք Հիտքլիֆին կենդանու տեղ են դնում:
– Ե՞վ:
– Հետո, ախր գիրքը ողբերգություն է, գիտե՞ս հետո Հիտքլիֆը դառնում է այն, ինչի տեղ որ նրան դնում էին: Նա դառնում է դաժան: Նրա մեջ արթնանում է սատանան:
– Ես լսել էի, թե այն ռոմանս է:
Գատը ճոճում է գլուխը.
– Այդ մարդիկ անտանելի են միմյանց նկատմամբ:
– Դու ասում ես, թե պապիկը մտածում է թե դու Հի՞տքլիֆն ես:
– Երդվում եմ, նա այդպես է մտածում, – ասում է Գատը, – դաժանությունս բարեհամբույր դիմակիս տակ թաքցնելով, դավաճանում եմ նրան, ով ամեն տարի կղզում մեծահոգաբար ինձ իր խնամակալության տակ է վերցնում, դավաճանում եմ նրան՝ հրապուրելով նրա Քեթրինին, նրա Կադենսին: Եվ իմ վերջը կլինի այն, որ կարթնանա այն հրեշը, որ նա միշտ տեսնում էր իմ մեջ:
Ես լուռ եմ:
Գատը լուռ է:
Ես մեկնում եմ ձեռքս ու դիպչում նրան: Միայն բարակ վերնաշապիկի տակից նրա ձեռքին դիպչելու զգացմունքը ինձ մոտ նրան կրկին համբուրելու ցանկություն է առաջացնում:
– Գիտե՞ս ինչն է սարսափելին, – ասում է Գատը՝ առանց ինձ նայելու, – սարսափելին այն է, որ պապիկդ ճիշտ դուրս եկավ:
– Ոչ, այդպես չէ:
– Օ, այո այդպես է:
– Գատ, սպասիր:
Բայց նա գնում է իր սենյակ և փակում է դուռը:
Ես մենակ եմ մութ միջանցքում:
40
Ժամանակին մի արքա էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր : Աղջիկները մեծանալով օր օրի ավելի էին գեղեցկանում : Նրանք մեծ հարսանիքներ ունեցան , բայց առաջին թոռան ծնունդը բերեց հիասթափություն : Կրտսեր արքայադստեր դուստրը այնքան , այնքան փոքր էր , որ նրա մայրը նրան պահում էր իր գրպանում , որտեղ աղջիկը մնում էր աննկատ : Ի վերջո նորմալ հասակով թոռները ծնվեցին , և արքան ու թագուհին գրեթե ամբողջությամբ մոռացան փոքրիկ թոռան գոյության մասին :
Երբ չափազանց փոքրիկ թոռնուհին տարիքով բավականին մեծացավ , նա իր օրերի մեծ մասը անցկացրել էր համարյա չլքելով իր փոքրիկ անկողինը : Շատ քիչ պատճառ կար , նրան դուրս հանելու համար , այդքան միայնակ էր նա :
Մի օր նա համարձակվեց գնալ դղյակի գրադարան և հիացած մնաց՝ բացահայտելով թե ինչքան լավ ընկեր կարող են լինել գրքերը : Նա սկսեց հաճախակի այնտեղ գնալ : Մի առավոտ , երբ նա կարդում էր , մի մուկ հայտնվեց սեղանի վրա : Նա կանգնած էր ուղղաձիգ , իսկ հագին փոքրիկ , թավշյա ժակետ : Նրա բեղերը մաքուր էին , մորթին՝ շագանակագույն :
– Դուք կարդում եք այնպես , ինչպես ես , – ասաց նա , – էջերով առաջ և ետ գնալով :
Նա քայլեց առաջ և ցածր խոնարվեց :
Մուկը փոքրիկ աղջկան հիացրեց իր արկածների մասին պատմություններով : Մուկը նրան պատմեց տրոլների մասին , ովքեր գողանում էին մարդկանց ոտքերը և աստվածների մասին , ովքեր մոռացել էին աղքատներին : Նա հարցեր էր տալիս տիեզերքի մասին և անընդհատ փնտրում էր պատասխաններ : Նա կարծում էր , որ վերքերը ուշադրություն են պահանջում : Իր հերթին աղջիկը նրան պատմեց հեքիաթներ , նկարեց նրա համար պիկսելային դիմանկարներ , նկարեց նրան գունավոր մատիտներով : Նա ծիծաղում ու վիճում էր մկան հետ : Նա առաջին անգամ կյանքում իրեն կենդանի զգաց :
Շատ ժամանակ չանցավ , երբ նրանք սիրեցին իրար :
Երբ աղջիկը ընտանիքին ներկայացրեց իր կողակցին , նա խոչնդոտների հանդիպեց :
– Նա ընդամենը մուկ է . – բացականչեց արքան արհամարանքով , մինչ թագուհին վախից ճչաց և դուրս վազեց դահլիճից : Եվ իրոք , ամբողջ թագավորությունը՝ սկսած թագավորական ընտանիքի անդամներից , վերջացրած աղախիններով , նայում էին մկանը անհանգստությամբ ու կասկածով :
– Նա անբնական է , – ասում էին մարդիկ , – իրեն մարդ ձևացնող կենդանի :
Աղջիկը չերկմպտեց : Նա և մուկը լքեցին դղյակը և ուղևորվեցին հեռու - հեռու : Օտար վայրում նրանք ամուսնացան , կառուցեցին իրենց համար տուն՝ լցված գրքերով ու շոկոլադով , և ապրեցին երկար ու երջանիկ :
Եթե դուք ցանկանում եք ապրել այնտեղ , որտեղ մարդիկ չեն վախենում մկներից , դուք պետք է հրաժարվեք պալատական կյանքից :
41
Հսկայի ձեռքում կա ժանգոտ սղոց: Նա բզզոցով ագահությամբ կտրում է ճակատս մինչև կհասնի գլխիս ետև:
Ես ունեմ չորս շաբաթից քիչ ժամանակ, որպեսզի իմանամ ճշմարտությունը:
Պապիկը ինձ «Միրրեն» է կանչում:
Երկվորյակները գողանում են քնաբեր հաբեր ու ադամանդներով ականջողեր:
Մայրիկը վիճում էր մորաքույրերի հետ Բոստոնի տան համար:
Բեսսը ատում է Քադդլդաունը:
Քերրին գիշերը թափառում է կղզով:
Ուիլլը մղձավանջներ է տեսնում:
Գատը Հիտքլիֆն է:
Գատը կարծում է ես նրան չեմ ճանաչում:
Եվ հնարավոր է նա ճիշտ է:
Ես ընդունում եմ հաբերս: Խմում եմ ջուր: Սենյակը մութ է:
Մայրիկը կանգնած է դռան մոտ, հետևում է ինձ: Ես չեմ խոսում նրա հետ:
Երկու օր է անկողնում եմ: Ժամանակ առ ժամանակ սուր ցավը թուլանում է: Երբ մենակ եմ լինում, նստում ու գրառումներ եմ անում, մահճակալիս վերևում փակցնելու համար: Հարցերն ավելի շատ են քան պատասխանները:
Վաղ առավոտ է, ինձ ավելի լավ եմ զգում: Ուինդեմիր է գալիս պապիկը: Նա սպիտակ տաբատով է ու կապույտ սպորտային ժակետով: Ես հագել եմ շորտեր ու շապիկ, բակում գնդակներ եմ նետում շների համար: Մայրիկը արդեն Նոր Քլերմոնտում է:
– Ես գնում եմ Էդգարթաուն, – ասում է պապիկը՝ քորելով Բոշի ականջները, – կուզենա՞ս գալ: Եթե դեմ չես ծերուկի ընկերակցությանը:
– Չգիտեմ, – կատակում եմ ես, – այնքան զբաղված եմ թենիսի այս թքոտ գնդակներով: Միգուցե պահանջվի ամբողջ օրը:
– Ես քեզ գրախանութ կտանեմ, Կադի: Քեզ նվերներ կգնեմ, ինչպես առաջ էր:
– Իսկ իրի՞ս:
Պապիկը ծիծաղում է.
– Իհարկե, իրիս:
– Մայրի՞կն է քեզ ստիպել:
– Ոչ, – նա խառնում է իր սպիտակ մազերը, – բայց Բեսսը չի ցանկանում, որ ես մոտորանավակը մենակ վարեմ: Նա ասում է, թե ես կարող եմ ճանապարհը կորցնել:
– Ինձ նույնպես չի կարելի մոտորանավակ վարել:
– Գիտեմ, – ասում է նա, բարձրացնելով բանալիները, – բայց այստեղ Բեսսն ու Փեննին չեն գլխավորը, այլ ես:
Որոշում ենք նախաճաշել քաղաքում: Մենք ուզում ենք նավակով հնարավորինս չափ հեռանալ Բիչվուդից, քանի դեռ մորաքույրերը չեն բռնացրել մեզ:
Էդգարթաունը ծովային, հյուրընկալ գյուղ է Մարտաս-Վինեարդում: Քսան րոպե է պետք այստեղ հասնելու համար: Այստեղ ամենուրեք սպիտակ ցանկապատեր են ու սպիտակ փայտե տներ՝ ծաղիկներով լեցուն բակերով: Խանութները վաճառում են տուրիստական իրեր, պաղպաղակ, թանկարժեք հագուստ, հնաոճ զարդեր: Նավակները հեռանում են նավամատույցից, գնալով ձկնորսության ու ջրային շրջագայության:
Պապիկը այնպիսին է, ինչպիսին առաջ էր: Նա փողերը շաղ է տալիս այստեղ, այնտեղ: Ինձ հյուրասիրում է էսպրեսսո ու կռուասան փոքր փռի պատուհանից, հետո փորձում է ինձ գրքեր գնել Էդգարթաունի գրախանութից: Երբ ես հրաժարվում եմ նվերից, նա օրորում է գլուխը, երբ լսում է իմ նվիրատվության ծրագրի մասին, բայց ոչինչ չի ասում: Փոխարենը նա իմ օգնությունն է խնդրում երեխաներին նվերներ ընտրելու և Ջիննիի՝ տան տնտեսուհու համար ծաղիկներով դիզայնի գիրք գնելու համար: Մենք «Murdick’s Fudged»-ում մեծ պատվեր ենք անում. շոկոլադ, ընկույզով շոկոլադ, գետնանուշի յուղ ու իրիս:
Արվեստի պատկերասրահներից մեկում շրջելիս մենք պատահաբար հանդիպում ենք պապիկի փաստաբանին՝ նիհար, արդեն սպիտակող մազերով մարդու, անունը՝ Ռիչարդ Թետչեր:
– Եվ դու առաջնեկ Կադենսն է, – ասում է Թետչերը՝ սեղմելով ձեռքս, – ես շատ եմ լսել քո մասին:
– Նա անշարժ գույքի հարցերով է զբաղվում. – բացատրում է պապիկը:
– Առաջին թոռնիկ, – ասում է Թետչերը, – չկա ոչինչ որ կհամեմատվի այդ զգացողության հետ:
– Իմ աղջիկը բացի այդ ունի պարզ գլուխ, – ասում է պապիկը, – Սինքլերների արյունն է խոսում:
Սա նույնպես այն արտահայտություններից է, որ նա միշտ ասում է: «Մի նվնվա, մի արդացիր», «Մի ընդունիր «ոչը» որպես պատասխան»: Բայց ինձ ջղայնացնում է, երբ նա դրանք ինձ հետ է կապում: Պարզ գլու՞խ: Իմ ներկա պահի անիծված գլուխը խախտված է անհամար բժշկական դիագնոզներից, իսկ իմ մի մասն էլ ես ժառանգել եմ Իսթմանների անհավատարիմ ընտանիքից: Ես չեմ հաճախելու քոլեջ հաջորդ տարի, ես թողել եմ սպորտը, որով առաջ զբաղվում էի, և ակումբները, որոնց մաս էի ես կազմում, ժամանակի մեծ մասը ես պերկոսետի ազդեցության տակ եմ, և ես լավ չեմ վերաբերում իմ փոքր քույրերին ու եղբայրներին:
Համենայն դեպս պապիկի դեմքը փայլում է, երբ նա խոսում է իմ մասին, և գոնե այսօր նա գիտի, որ ես Միրրենը չեմ:
– Նա Ձեզ է նման. – ասում է Թետչերը:
– Նման է, չէ՞: Միայն թե նա սիրունիկն է:
– Շնորհակալություն, – ասում եմ ես, – բայց եթե ուզում ես տեսնել ամբողջական նմանությունը, ես պետք է գզգզեմ մազերս:
Ասածիցս պապիկը ժպտում է:
– Դա նավակից է, – ասում է Թետչերին, – գլխարկ չեմ վերցրել:
– Դրանք միշտ էլ գզգզված են. – ասում եմ Թետչերին:
– Գիտեմ. – ասում է նա:
Նրանք միմյանց ձեռք սեղմեցինք, հետո պապիկը մտավ թևս և մենք դուրս եկանք պատկերասրահից:
– Նա լավ հոգ տարավ քո մասին, – ասում է նա ինձ:
– Պարոն Թե՞տչերը:
Նա գլխով է անում:
– Բայց չասես մորդ: Նա նորից անախորժություններ կսարքի:
42
Տան ճանապարհին մի հիշողություն է գալիս:
Ամառ տասնհինգերորդ, հուլիսի սկիզբ, վաղ առավոտ: Պապիկը Քլերմոնտի խոհանոցում էսպրեսսո էր պատրաստում: Ես սեղանի մոտ նստած ուտում էի ջեմով տոստ: Միայն մենք էինք երկուսով:
– Սիրում եմ այս սագը, – ցույց տալով ասացի ես: Սագի արձանիկը դրված էր պահարանին:
– Դա եղել է այն ժամանակվանից, երբ դու, Ջոննին ու Միրրենը դեռ նոր ծնվեցիք, – ասաց պապիկը, – այդ տարի ես ու Թիփփերը ձեռք բերեցինք դա Չինաստանի ուղևորության ժամանակ, – նա քթի տակ ծիծաղեց, – նա այնտեղ արվեստի շատ իրեր գնեց: Մենք գիդ ունեինք՝ արվեստի մասնագետ:
Նա մոտեցավ տոստերին և վերցրեց հացի կտորները, որ ես ինձ համար էի թողել այնտեղ:
– Է՛յ. – դժգոհ բացականչեցի ես:
– Շ-շ-շ, այստեղ ես եմ պապիկը: Ես կարող եմ վերցնել տոստը, երբ կցանկանամ, – նա նստեց իր սուրճով և հացին կարագ քսեց, – այդ արվեստի մասնագետ աղջիկը մեզ տարավ անտիկվարիատի խանութներ ու օգնեց մեզ աճուրդային կենտրոններում, – ասաց նա, – նա խոսում էր չորս լեզվով: Նրան նայելով դա չէիր ասի: Փոքրիկ, խեղճ չինական աղջիկ:
– Մի ասա «չինական աղջիկ»: Չի կարելի:
Նա ասածս արհամարեց:
– Թիփփերը գնեց զարդեր և մոտը գաղափար առաջացավ կենդանիների արձաններ գնել այստեղի տների համար:
– Դրանց մեջ է մտնում նաև Քադդլդաունի գո՞րտը:
– Իհարկե, փղոսկրից գորտը, – ասաց պապիկը, – գիտեմ, որ գնեցինք նաև երկու փիղ:
– Դրանք Ուինդեմիրում են:
– Ու Րեդ Գեյթի կապիկները: Կար չորս կապիկ:
– Փղոսկրը անօրինական չէ՞. – հարցրի ես:
– Օհ, որոշ վայրերում: Բայց կարող ես այն ձեռք բերել: Տատիկդ սիրում էր փղոսկր: Նա գնացել էր Չինաստան, երբ դեռ երեխա էր:
– Դրանք փղերի ժանիքների՞ց են:
– Կամ ռնգեղջյուրների եղջյուրներից:
Այդտեղ նա էր՝ պապիկը: Սպիտակ դեռ խիտ մազերով, արտահայտիչ դիմագծերով՝ մնացած նավարկության օրերից: Ծանր ծնոտով, ինչպես հին կինոաստղ:
«Կարող ես այն ձեռք բերել», – ասաց նա փղոսկրի մասին:
Նրա նշանաբաներից մեկը՝ «մի ընդունիր «ոչը» որպես պատասխան»:
Դա միշտ թվացել էր ապրելու հերոսական ճանապարհ: Նա դա ասում էր, երբ մեզ խորհուրդներ էր տալիս մեր նպատակներին հասնելու հարցում: Երբ ոգեշնչում էր Ջոննիին փորձել մարզվել մարաֆոնի համար, կամ երբ ինձ չհաջողվեց հաղթել ընթերցանության մրցանակը յոթերորդ դասարանում: Դա այն էր, ինչ նա ասում էր, երբ պատմում էր իր բիզնես-ստրատեգիաների մասին և թե ինչպես ստացավ տատիկի համաձայնությունը ամուսնանալու համար:
– Ես նրան ամուսնության առաջարկ արեցի չորս անգամ մինչ նա ասաց «այո», – միշտ ասում էր նա, երբ հերթական անգամ պատմում էր Սինքլեր ընտանիքի իր ամենասիրելի պատմություններից մեկը, – ես նրան արդեն հոգնեցրել էի: Նա ասաց «այո», միայն թե ձայնս կտրեմ:
Հիմա, նախաճաշի սեղանի շուրջ, հետևում եմ ինչպես է նա ուտում իմ տոստը: «Մի ընդունիր «ոչը» որպես պատասխան»-ը թվաց ճիշտ մոտեցում մարդու համար, ում չէր մտահոգում կվնասի դա ինչ-որ մեկին թե ոչ, քանի դեռ նրա կինը ցանկանում էր այդ արձանները տեսնել իր ամառային տներում:
Ես գնացի ու վերցրի սագը:
– Մարդիկ չպետք է փղոսկր գնեն, – ասացի ես, – նրա անօրինական լինելը պատճառ ունի: Օրեր առաջ Գատը կարդում էր, որ…
–Ինձ մի՛ ասա ինչ է այդ տղան կարդում, – կոպիտ ասաց պապիկը, – ես տեղյակ եմ: Ես ունեմ բոլոր փաստաթղթերը:
– Կներես: Բայց նա ինձ ստիպեց մտածել որ…
– Կադենս:
– Դու կարող էիր այդ արձանները հանել աճուրդի և ստացված հասույթը տրամադրել վայրի բնության պահպանմանը:
– Այդ դեպքում ես այլևս արձան չէի ունենա: Դրանք շատ թանկ էին Թիփփերի համար:
– Բայց…
Պապիկը ձայնը բարձրացրեց.
– Մի՛ ասա ինձ, ինչպես վարվել իմ փողերի հետ, Կադի: Դրանք քոնը չեն:
– Լավ:
– Դու չպետք է ինձ ասես ինչպես տնօրինել այն, ինչ պատկանում է ինձ, պա՞րզ է:
– Այո:
– Երբեք:
– Այո, պապիկ:
Ես ցանկություն ունեցա նետել սագի արձանը սենյակով մեկ:
Այն կկոտրվե՞ր, երբ բախվեր բուխարուն: Այն կփշրվե՞ր:
Ես սեղմում եմ բռունցքներս:
Դա առաջին անգամն էր, որ մենք խոսեցինք Թիփփեր տատիկի մասին, նրա մահից հետո:
Պապիկը նավակը պարանով կապում է նավամատույցին:
– Դու դեռ կարոտու՞մ ես տատիկին, – հարցնում եմ նրան, երբ մենք քայլում ենք Նոր Քլերմոնտ, – որովհետև ես կարոտում եմ: Մենք երբեք չենք խոսում նրա մասին:
– Իմ մի մասը մահացել է, – ասում է նա, – իսկ դա լավագույն մասն էր:
– Այդպե՞ս ես կարծում. – հարցնում եմ ես:
– Սա այն ամենն է ինչ կարող եմ ասել. – ասում է պապիկը:
43
Ես Ստախոսներին գտա Քադդլդաունի բակում: Գազոնին թափված են թենիսի ռակետներ, խմիչքների շշեր, ուտելիքեների փաթեթներ ու լողի սրբիչներ: Նրանք երեքը պառկել են ադեալներին, աչքերին արևային ակնոցներ, չիպս են ուտում:
– Հիմա լա՞վ ես. – հարցնում է Միրրենը:
Գլխով եմ անում:
– Մենք քեզ կարոտում էինք:
Նրանց մարմիններին մանկական յուղ է քսված: Դրանցից երկուսը գցված են խոտի վրա:
– Չե՞ք վախենում, որ կայրվեք. – հարցնում եմ ես:
– Ես այլևս չեմ հավատում արևապաշտպան քսուկներին. – ասում է Ջոննին:
– Նա որոշել է, որ բոլոր գիտնականները կոռումպացված են, և որ արևապաշտպան քսուկների ամբողջ ինդուստրիան փողաբեր խարդախություն է. – ասում է Միրրենը:
– Դու երբևէ տեսե՞լ ես արևային այրվածքներ, – հարցնում եմ, – երբ մաշկին, բառիս բուն իմաստով, փուչիկներ են լինում:
– Դա հիմար միտք է, – ասում է Միրրենը, – մենք ուղղակի ձանձրույթից ենթադրություններ ենք անում, ընդամենը դա:
Բայց խոսելու ընթացքում նա մեծ քանակությամբ մանկական յուղ է քսում ձեռքերին:
Ես պառկում եմ Ջոննիի կողքին:
Բացում եմ խորովածի համով չիպսի փաթեթը:
Ուշադիր նայում եմ Գատի կրծքավանդակին:
Միրրենը բարձրաձայն կարդում է գրքից հատված Ջեյն Գուդալի մասին:
Մենք երգ ենք լսում իմ այֆոնով:
– նորից բացատրիր, ինչու՞ չես հավատում արևապաշտպան քսուկներին. – հարցնում եմ Ջոննիին:
– Դա խաբեություն է, – ասում է նա, – վաճառել շատ լոսիոններ, ինչի կարիքը ոչ ոք չունի:
– Ահա:
– Ես չեմ այրվի, – ասում է նա, – կտեսնես:
– Բայց ինչու՞ եք մանկական յուղ քսում:
– Օ, դա էքսպերիմենտի մասը չէ, – ասում է Ջոննին, – ինձ ուղղակի դուր է գալիս անընդհատ յուղոտ լինել:
Գատը ինձ բռնացնում է խոհանոցում, ուտելու բան փնտրելիս: Շատ բան չկա:
– Անցած անգամ, երբ քեզ տեսա, ես կրկին ոչ օպտիմալ էի, – ասում է նա, – միջանցքում, մի քանի օր առաջ:
– Հա. – ձեռքերս դողում են:
– Կներես:
– Բան չկա:
– Կարո՞ղ ենք սկսել սկզբից:
– Մենք չենք կարող ամեն օր սկզբից սկսել, Գատ:
– Ինչու՞, – նա ցատկում է, որ նստի սեղանին, – գուցե սա երկրորդ շանսը տալու ամա՞ռ է:
– Երկրորդ, իհարկե: Բայց դրանից հետո ամեն ինչ դառնում է ծիծաղելի:
– Ուղղակի քեզ սովորական պահիր, – ասում է նա, – գոնե միայն այսօր: Արի ձևացնենք, թե ես չեմ խճճվել, ձևացնենք թե դու զայրացած չես: Արի մեզ պահենք այնպես, ասես մենք ընկերներ ենք ու մոռանանք կատարվածը:
Ես չեմ ուզում ձևացնել:
Ես չեմ ուզում ընկերներ լինենք:
Ես չեմ ուզում մոռանալ: Ես փորձում եմ հիշել:
– Ուղղակի մի կամ երկու օր, մինչ ամեն ինչ հունի մեջ կընկնի, – ասում է Գատը, տեսնելով իմ անորոշությունը, – մենք ուղղակի լավ ժամանակ կանցկացնենք մինչև այս ամենը կդադարի շատ մեծ խնդիր լինել:
Ես ուզում եմ իմանալ ամեն ինչ, հասկանալ ամեն ինչ: Ես ուզում եմ Գատին մոտեցնել ինձ, գրկել ու երբեք նրան բաց չթողնել: Բայց երևի սա միակ միջոցն է ամեն ինչ վերականգնելու:
«Քեզ նորմալ պահիր: Հենց հիմա:
Որովհետև դու նորմալ ես: Որովհետև դու կարող ես:»
– Ես արդեն սովորել եմ, ինչպես դա անել, – ասում եմ ես:
Ես հանձնում եմ նրան իրիսների տուփը, որ ես ու պապիկը Էդգարթունից էինք գնել, և նրանից, թե շոկոլադը տեսնելիս ինչպես է նրա դեմքը փայլում, սիրտս կծկվում է:
44
Հաջորդ օրը ես ու Միրրենը առանց թույլտվության վերցնում ենք փոքր մոտորանավակը Էդգարթաուն գնալու համար:
Տղաները գալու ցանկություն չունեն: Նրանք գնում են կայակ քշելու:
Ես վարում եմ իսկ Միրրենը ձեռքը պահում է ջրի տակ:
Միրրենը շատ բան չի հագել. երիցուկներով բիկինի և ջինսե մինի կիսաշրջազգեստ: Նա Էդգարթաունի քարե ճանապարհով քայլում է ներքև ու պատմում է Դրեյք Լոգգերհեդի մասին և թե ինչ է նշանակում «սեռական կապ» ունենալ նրա հետ: Նա դրան միշտ այդպես է անվանում, նրա պատասխանը, թե դա ինչ զգացողություն է, կապված է վարդերով ծովափի բույրի հետ՝ խառնած «ամերիկյան սարեր» ատրակցիոնի ու հրավառության հետ:
Նա նաև պատմում է, թե ինչ շորեր է ուզում գնել Պոնոմայի առաջին տարվա համար, ինչ ֆիլմեր է ուզում դիտել, և իր ծրագրերի մասին, որ ուզում է իրականացնել այս ամառ, օրինակ Վինեարդում գտնել վայրեր ձի քշելու համար ու կրկին սկսել պաղպաղակ պատրաստել: Անկեղծ ասած, նա կես ժամ այդպես անդադար խոսում է:
Եթե ես ունենայի նրա կյանքը… Ընկեր, պլաններ, քոլեջ Կալիֆորնիայում: Միրրենը հետևում է իր արևոտ ապագային, այն դեպքում երբ ես վերադառնալու եմ Դիկինսոնի ակադեմիա և այնտեղ եմ անցկացնելու ևս մեկ ցուրտ ու խեղդող տարի:
Ես գնում եմ «Murdick»-ի իրիսների փոքր տուփ, չնայած երեկվա գնածից մի քիչ մնացել է: Մենք նստում ենք նստարանին, Միրրենը դեռ խոսում է:
Ուրիշ հիշողություն է վերադառնում:
Ամառ տասնհինգերորդ, Միրրենը նստած է Թաֆտի և Ուիլլի կողքին Էդգարթաունի մեր ամենասիրած սրճարանի՝ «Քլեմ շեքի» աստիճաններին: Տղաների մոտ կան պլաստմասե գունավոր ֆռռիկներ: Թաֆտի դեմքը կեղտոտ էր շոկոլադից, որ արդեն կերել էր: Մենք սպասում էինք Բեսսին, որովհետև նրա մոտ էին Միրրենի կոշիկները: Նա չէր կարող ներս մտնել առանց կոշիկների: