
Текст книги "Մենք ստախոսներ էինք"
Автор книги: Էմիլի Լոքհարթ
сообщить о нарушении
Текущая страница: 3 (всего у книги 7 страниц)
Չեմ ուզում հաշմանդամ երևալ ուրիշների աչքերին: Չեմ ուզում էլ ոչ մի դեղորայք: Չեմ ուզում բժիշկներ ու անհանգիստ ուսուցիչներ: Բժիշկներն ինձ արդեն հերիք են, Աստված վկա:
Ահա թե ես ինչ եմ հիշում այն ամռանից, երբ տեղի ունեցավ դժբախտ պատահարը.
Սիրահարվեցի Գատին Րեդ Գեյթի խոհանոցում:
Նրա վարդը Ռաքելի համար և իմ գինու շշով գիշերը, երբ ես զայրույթից տեղս չէի գտնում:
Հետո իմ սովորական պահվածքը: Պաղպաղակի պատրաստումը: Թենիսի խաղը:
Կեֆիրով դեսերտը ու Գատի զայրույթը, երբ մենք նրան կարգադրեցինք, որ լռի:
Գիշերային լողը:
Գատի հետ համբույրը վերնահարկում:
«Կրեկեռ Ջեքի» պատմությունը և պապիկին օգնելը, երբ նա իջնում էր աստիճաններով:
Ճոճանակը, նկուղը, ափը: Գատն ու ես գրկախառնված:
Գատը տեսնում է իմ արնահոսելը: Ինձ հարցեր է տալիս: Կապում է վերքերս:
Ուրիշ ոչինչ էլ չեմ հիշում:
Ես տեսնում եմ Միրրենի ձեռքը, եղունգներին ոսկեգույն լաք, ինչպես է նա բռնել նավակների բենզինով կանիստրը:
Մայրիկը, նրա անհանգիստ դեմքը, երբ հարցնում է. «սև մարգարիտո՞վ»:
Ջոննիի ոտքերը, Քլերմոնտի աստիճաններով դեպի նավակների պահոց վազելիս:
Պապիկը, ծառից բռնված, նրա դեմքը լուսավորվում է խարույկից:
Ու մենք՝ չորս Ստախոսներս, ծիծաղում ենք այնքան ուժեղ, որ արդեն գլուխներս պտտվում է, զգում ենք սրտխառնոց: Բայց ի՞նչն էր մեզ ծիծաղեցրել:
Ի՞նչն էր և որտե՞ղ էինք մենք:
Ես չգիտեմ:
Առաջ ես մայրիկին հարցնում էի տասնհինգերորդ ամռան այն իրադարձությունների մասին, որոնք չէի հիշում: Իմ մոռացկոտությունը վախեցնում էր ինձ: Ես որոշել էի դադարել դեղեր խմելը կամ փորձել ուրիշները, կամ դիմել ուրիշ բժշկի: Ես անընդհատ աղաչում էի մայրիկին, որ պատմի այն ինչ ես մոռացել էի: Հետո մի օր ուշ աշնանը, որը ես անցկացնում էի հերթական անալիզները հանձնելով մահացու հիվանդությունների համար, մայրիկը սկսեց լաց լինել.
– Դու դա ինձ հարցնում ես էլի ու էլի: Բայց երբեք չես հիշում, թե ինչ եմ ես ասում:
– Կներես:
Նա իրեն գինի է լցնում ու շարունակում.
– Դու սկսեցիր հարցեր տալ այն օրվանից, երբ արթնացար հիվանդանոցում: «Ի՞նչ է պատահել: Ի՞նչ է եղել»: Ես քեզ ամեն ինչ պատմեցի, Կադենս ու դու կրկնեցիր իմ ետևից: Բայց հաջորդ օրը դու նորից հարցրեցիր:
– Կներես, – կրկնեցի ես:
– Ու դու շարունակում ես հարցնել դա գրեթե ամեն օր:
Դա ճիշտ էր, ես ոչինչ չեմ հիշում դժբախտ պատահարից: Չեմ հիշում ինչ է տեղի ունեցել առաջ և հետո: Չեմ հիշում այցելությունները բժիշկներին: Ես գիտեի, որ դրանք եղել են, դա ակնհայտ էր՝ ինձ ախտորոշում են տվել ու դեղեր նշանակել, բայց համարյա ողջ բուժումը ասես անցել է իմ կողքով:
Ես նայեցի մայրիկիս: Նրա անհանդուրժելի անհանգիստ դեմքին, թաց աչքերին, ալկոհոլից թմրած բերանին:
– Դու պետք է դադարես հարցնել, – ասաց նա, – բժիշկները կարծում են, որ ավելի լավ կլինի դու ինքդ հիշես ամեն ինչ:
Ես նրան ստիպեցի, որ վերջին անգամ պատմի և գրեցի պատասխանները, որ ցանկության դեպքում նորից դրանք կարդամ: Այդ իսկ պատճառով արդեն կարող եմ ձեզ պատմել դժբախտ պատահարի մասին՝ գիշերային լողի ժամանակ, ժայռերի մասին, հիպոթերմիայի, շնչառական խնդիրների և չհաստատված գանգուղեղային տրավմայի մասին:
Այլևս երբեք նրան ոչինչ չհարցրի: Շատ բաներ կային, որ չէի հասկանում, բայց համենայն դեպս նա դադարեց խմել:
19
Հայրիկը պլանավորում է ինձ տանել Ավստրալիա և Նոր Զելանդիա ամբողջ տասնյոթերորդ ամռանը:
Ես չեմ ուզում գնալ:
Ես ուզում եմ վերադառնալ Բիչվուդ: Ուզում եմ տեսնել Միրրենին և արևայրուգ ստանալ, պլանավորել մեր ապագան: Ուզում եմ վիճել Ջոննիի հետ և սուզվել ծովում և պաղպաղակ պատրաստել: Ուզում եմ խարույկ վառել փոքր ափին: Ուզում եմ պառկել Քլերմոնտի պատշգամբի ցանցաճոճին և կրկին դառնալ Ստախոսներից մեկը, եթե դա հնարավոր է:
Ես ուզում եմ հիշել դժբախտ պատահարը:
Ուզում եմ իմանալ՝ ինչու Գատը անհետացավ: Ես չգիտեմ՝ ինչու նա ինձ հետ չէր, երբ ես գնացի լողալու: Չգիտեմ՝ ինչու եմ գնացել փոքր ափ միայնակ: Ինչու եմ լողացել ներքնազգեստով և ափին հագուստ չեմ թողել: Եվ ինչու Գատը ինձ թողեց, երբ ես այդքան ծանր վիճակում էի:
Փորձում եմ հասկանալ, նա սիրու՞մ էր ինձ: Սիրում էր Ռա՞քելին:
Հայրիկն ու ես պիտի գնանք Ավստրալիա հինգ օրից:
Ես չպետք է համաձայնվեի:
Ես ընդունում եմ դժբախտ տեսք ու սկսում եմ լացուկոց: Ասում եմ մայրիկին, որ ինձ պետք չէ աշխարհը տեսնել: Ես պետք է տեսնեմ ընտանիքիս: Ես կարոտում եմ պապիկին:
Ոչ:
Ես կսկսեմ ինձ վատ զգալ, եթե թռչեմ Ավստրալիա: Նորից կսկսեն գլխացավեր, ինձ չի կարելի թռչել ուղղաթիռով: Չի կարելի ուտել անսովոր կերակուր: Թռիչքը շատ ծանր կտանեմ: Իսկ ի՞նչ, եթե մենք դեղերս կորցնենք:
Հերիք է վիճել: Ուղևորությունը արդեն վճարված է:
Ես շներին քայլելու եմ տանում վաղ առավոտյան: Ամանները տեղադրում եմ լվացող մեքենայի մեջ, հետո տեղավորում եմ դրանք դարակներում: Հագնում եմ զգեստ և դիմահարդարվում եմ: Ուտում եմ ամանիս մեջի եղածը: Թույլ եմ տալիս մայրիկին ինձ գրկի ու շոյի մազերս: Ես ասում եմ նրան, որ ցանկանում եմ ամառն անցկացնել իր հետ, այլ ոչ հայրիկի:
Խնդրում եմ:
Հաջորդ օրը պապիկը գալիս է Բերլինգթոն մեզ հյուր: Նա կղզում էր մինչև մայիսի կեսը և ստիպված էր օգտագործել նավակ, ավտոմեքենա և ուղղաթիռ այստեղ հասնելու համար: Թիփփեր տատիկի մահից հետո նա էլ երբեք մեզ չէր այցելել:
Մայրիկը վերցնում է նրան օդանավակայանից, մինչ ես տանը ընթրիքի համար սեղանն եմ պատրաստում: Նա գնել էր տապակած հավ և գարնիր քաղաքի մթերային խանութից:
Պապիկը շատ էր նիհարել ինչ տեսել էի նրան վերջին անգամ: Նրա սպիտակ մազերը դուրս էին եկել ականջների կողքերից, նա նման էր փոքրիկ թռչունի: Մաշկը կորցրել էր ձգությունը, փորը կախվել, ես նրան այդպիսին չէի հիշում: Նա միշտ անհաղթելի էր, ուժեղ, լայն ուսերով և փայլող ատամներով:
Պապիկը այն մարդկանցից է, ովքեր ունենում են կարգախոսներ: «Մի ընդունեք «ոչը» որպես պատասխան», – միշտ ասում է նա մեզ: Եվ. «Երբեք մի նստեք վերջին շարքերում: Հաղթողները նստում են առջևում»:
Մենք՝ Ստախոսներս, առաջ ուշադրություն չէինք դարձնում այս արտահայտություններին. «Եղեք վճռական, ոչ ոք չի սիրում փնթփնթաններին», «մի նվնվա, մի արդարացիր»: Բայց եթե խոսքը վերաբերվում էր մեծական թեմաներին, մենք հաշվի էինք առնում պապիկի իմաստուն մտքերը:
Պապիկը հագել էր վանդականախշ շորտեր ու մոկասիններ: Նրա ոտքերը դարձել էին բարակ, ծերուկի ոտքեր: Նա թմփթմփացրեց մեջքիս ու խնդրեց կոլայով վիսկի:
Մենք ուտում ենք և նա պատմում է Բոստոնի իր ինչ-որ ընկերների մասին: Բիչվուդի իր տան նոր խոհանոցի մասին: Ոչ մի կարևոր բան: Ավելի ուշ մայրիկը լվանում է սպասքը, իսկ ես պապիկին ցույց եմ տալիս տան ետևի այգին: Արևը դեռ մայր չի մտել:
Պապիկը պոկում է պիոն ու տալիս է ինձ:
– Իմ ավագ թոռնուհու համար:
– Մի պոկիր ծաղիկները, լա՞վ:
– Փեննին դեմ չի լինի:
– Ոչ, նա դեմ կլինի:
– Առաջինը եղավ Կադենսը, – ասաց նա նայելով երկնքին, ոչ ինձ, – ես հիշում եմ ինչպես նա եկավ մեզ մոտ Բոստոն: Նրա հագին վարդագույն չոչաշոր էր, մազիկները խառնված: Ջոննին ծնվեց միայն երեք շաբաթ հետո:
– Ես այստեղ եմ, պապիկ:
– Կադենսը առաջինն էր, ու նշանակություն չուներ, որ նա աղջիկ էր: Ես նրան կտայի ամեն ինչ: Ինչպես կտայի տղա թոռնիկին: Ես նրան վերցրի ձեռքերիս մեջ ու սկսեցի պարել: Նա մեր ընտանիքի ապագան էր:
Ես գլխով եմ անում:
– Մենք տեսնում էինք, որ նա իսկական Սինքլեր է: Նա ուներ մեր մազերը, բայց բանը միայն դրանում չէր: Նրա ծնոտը, փոքրիկ ձեռքերը: Մենք գիտեինք, որ նա բարձրահասակ է լինելու: Մենք բոլորս բարձրահասակ էինք, մինչև Բեսսը չամուսնացավ այդ թզուկի հետ, և Քերրին էլ կրկնեց նույն սխալը:
– Դու նկատի ունես Բրո՞դիին և Ուի՞լյամին:
– Ճամփան բաց էր, հա՞, – պապիկը ժպտաց, – մեր ընտանիքում բոլորը բարձրահասակ էին: Դու գիտե՞ս, որ իմ մոր կողմի բարեկամները եկել էին Մեյֆլաուվերով: Որպեսզի նոր կյանք սկսեին Ամերիկայում:
Ես գիտեմ, որ ընդհանրապես կարևոր չէ, որ մեր նախնիները եկել են Մեյֆլաուվերով: Կարևոր չի հասակը նույնպես: Կամ բաց գույնի մազերը: Այդ պատճառով էլ հենց ներկել եմ մազերս. չեմ ուզում լինել ավագը: Ժառանգորդը կղզու, հարստության և սպասելիքների:
Բայց մեկ է նորից, հավանաբար ես հենց նա եմ:
Պապիկը շատ խմեց երկար ճանապարհից հետո:
– Գնա՞նք ներս, – հարցրի ես, – կցանկանա՞ս նստել:
Նա պոկում է երկրորդ պիոնը ու տալիս ինձ.
– Ի նշան ներման, թանկագինս:
Ես ձեռքս դրեցի նրա կզացող մեջքին.
– Չպոկես էլ ոչ մի հատ, լա՞վ:
Պապիկը կռանում է և դիպչում սպիտակ պիոններին:
– Լուրջ, պետք չի, – ասում եմ ես:
Նա կտրուկ պոկում է երրորդ պիոնը: Տալիս է ինձ:
– Դու իմ Կադենսն ես: Առաջնեկը:
– Այո:
– Ի՞նչ է պատահել մազերիդ հետ:
– Ես դրանք ներկել եմ:
– Ես քեզ չճանաչեցի:
– Բան չկա:
Պապիկը ցույց է տալիս ձեռքերիս պիոններին:
– Երեք ծաղիկ քեզ համար: Դու արժանի ես երեքին:
Նա խեղճ տեսք ուներ: Նա ազդեցիկ տեսք ուներ:
Ես սիրում եմ նրան, բայց համոզված չեմ, որ նա ինձ դուր է գալիս: Ես վերցնում եմ նրա ձեռքը և ներս ուղեկցում:
20
Ժամանակին մի արքա էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր : Նա սիրում էր նրանց յուրաքանչյուրին : Եվ ահա , երբ երիտասարդ օրիորդները այնքան էին մեծացել , որ արդեն պատրաստ էին ամուսնանալ , սարսափելի , երեքգլխանի վիշապը հարձակվեց թագավորության վրա՝ վառելով գյուղերը իր կրակե շնչառությամբ : Նա փչացրեց ցանքը և եկեղեցիները : Սպանեց երեխաներին , ծերերին և բոլորին ովքեր հայտնվեցին նրա ճանապարհին :
Արքան խոստացավ արքայադստեր ձեռքը յուրաքանչյուրին , ով կսպանի վիշապին : Հերոսներն ու ասպետները հայտնվեցին զրահներով , նստած ձիերի վրա , զինված թրերով ու նետերով :
Մեկը մյուսի ետևից նրանք մահացան և դարձան վիշապի համար կերակուր :
Ի վերջո արքան եկավ եզրակացության , որ անմեղ աղջիկը կարող է փափկացնել վիշապի սիրտը և հաջողության հասնել այնտեղ որտեղ ասպետները ձախողեցին : Նա ուղարկեց իր ավագ դստերը վիշապից ողորմածություն խնդրելու , բայց վիշապը չլսեց նրա աղաչանքի խոսքերը : Դրանք կուլ գնացին աղջկա հետ միասին :
Հետո արքան ուղարկեց իր միջնեկ դստերը վիշապից ողորմածություն խնդրելու , բայց վիշապը նորից չլսեց : Կուլ տվեց նրան , մինչ նա կարող էր բառ ասել :
Արքան ուղարկեց իր կրտսեր դստերը վիշապից ողորմածություն խնդրելու , իսկ աղջիկը այնքան հմայիչ և խելացի էր , որ արքան վստահ էր , նրա մոտ ամեն ինչ կստացվի :
Իրականում ոչ : Վիշապը պարզապես կերավ նրան :
Արքան ցավում էր ափսոսանքով : Հիմա նա մնաց մենակ աշխարհում :
Հիմա թույլ տվեք ձեզ հարց տամ : Ո՞վ սպանեց աղջիկներին :
Վիշա՞պը , թե՞ նրանց հայրը :
Երբ պապիկը գնում է հաջորդ օրը, մայրիկը զանգում է հայրիկին և չեղյալ համարում Ավստրալիայի ուղևորությունը: Եղան բղավոցներ: Եղան բանակցություններ:
Ի վերջո նրանք որոշեցին, որ ես կգնամ Բիչվուդ չորս շաբաթով ամռանը, հետո կայցելեմ հայրիկին Կոլորադոյի նրա տանը, որտեղ ես երբեք չեմ եղել: Հայրիկը պնդում է: Նա կտեսնի ամռանը ինձ, հակառակ դեպքում գործի մեջ կներգրավվեն փաստաբաններ:
Մայրիկը զանգում է մորաքույրերին: Նա երկար, առանձին խոսակցություններ է տանում նրանց հետ մեր տան պատշգամբում: Ես չեմ կարողանում ոչինչ լսել, բացի մի քանի արտահայտություններից. «Կադենսը այնքան փխրուն է, նա շատ հանգստի կարիք ունի: Ընդամենը չորս շաբաթ, ոչ ամբողջ ամռանը: Ոչինչ չպետք է նրան անհանգստացնի, նա աստիճանաբար բուժվում է»:
Ինչպես նաև, «Պինո Գղիջո», «Սոնսեխ», գուցե մի քիչ էլ «Ղիսլինգ», բայց հաստատ ոչ «Շաղդոնե»:
21
Իմ սենյակը համարյա դատարկ է հիմա: Սավաններն ու վերմակը մահճակալիս: Լափթոփ սեղանին, մի քանի գրիչ: Աթոռ:
Ես ունեմ մի քանի ջինսե տաբատ ու շորտեր: Մի քանի շապիկ, վանդականախշ վերնաշապիկ, որոշ տաք սվիտերներ, լողազգեստ, մի զույգ կեդ, մի զույգ քրոկս և մի զույգ երկարաճիտք: Երկու զգեստ որոշ բարձրակրունկներ: Տաք վերարկու, որսորդական բաճկոն ու պայուսակ:
Դարակները դատարկ են: Ոչ մի նկար, ոչ մի պլակատ: Ոչ մի հին խաղալիք:
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. Տուրիստական ատամի խոզանակների կոմպլեկտը, որ մայրիկը գնեց երեկ:
Ես ունեի ատամի խոզանակ: Չգիտեմ ինչու էր նա ցանկացել գնել ուրիշը: Այս կինը գնում է իրեր, ուղղակի գնելու համար: Անտանելի է:
Ես քայլեցի գրադարան և գտա աղջկան ով վերցրել էր իմ բարձը: Նա առաջվա նման հենված էր պատին: Ես դրեցի խոզանակների կոմպլեկտը նրա բաժակի մեջ:
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. Գատի կանաչ որսորդական բաճկոնը: Այն, որ ես հագա գիշերը, երբ մենք բռնել էինք ձեռք ձեռքի, նայում էինք աստղերին ու խոսում էինք Աստծո մասին: Ես այն չվերադարձրի:
Ես պետք է դրանից ազատվեի առաջին հերթին: Գիտեմ: Բայց չկարողացա ինձ ստիպել: Դա միակ բանն էր, որ մնացել էր նրանից:
Բայց դա թուլություն էր ու հիմարություն: Գատը չի սիրում ինձ:
Ես չեմ սիրում նրան նույնպես ու երևի չեմ էլ սիրել:
Ես կտեսնեմ նրան երկու օրից, բայց ես նրան չեմ սիրում ու չեմ ուզում նրա բաճկոնը:
22
Հեռախոսը զանգում է գիշերը ժամը տասին մեր Բիչվուդ գնալուց առաջ: Մայրիկը լոգանք է ընդունում: Ես վերցնում եմ:
Ծանր շնչառություն: Հետո ծիծաղ:
– Ո՞վ է:
– Կադի՞:
Հասկանում եմ, որ երեխա է:
– Այո:
– Թաֆտն է, – Միրրենի եղբայրը: Նա չունի իրեն պահելու ձև:
– Ինչու՞ քնած չես:
– Դա ճի՞շտ է, որ դու թմրամոլ ես, – հարցնում է Թաֆտը:
– Ոչ:
– Դու վստա՞հ ես:
– Դու զանգել ես, որ հարցնես ես թմրամոլ եմ թե չէ՞, – պատահարից հետո ես ու Թաֆտը ոչ մի անգամ չէինք խոսացել:
– Մենք Բիչվուդում ենք, – ասում է նա, – մենք եկել ենք այս առավոտ:
Ես ուրախ եմ, որ նա փոխեց թեման: Ես ձայնս դարձրի ավելի ուրախ.
– Մենք վաղն ենք գալիս: Լավ է, չէ՞: Դու լողացե՞լ ես արդեն:
– Ոչ:
– Գնացե՞լ ես ճոճվելու:
– Ոչ, – ասում է Թաֆտը, – դու վստա՞հ ես, որ թմրամոլ չես:
– Որտե՞ղից ես դու դա գլուխդ մտցրել, ընդհանրապես:
– Բոննին: Նա ասում է ես պետք է հետևեմ քեզ:
– Մի լսիր Բոննիին, – ասում եմ ես, – Միրրենին լսիր:
– Ես հենց դրա մասին եմ խոսում: Բայց Բոննին միակն է, ով հավատում է ինձ Քադդլդաունի մասին, – ասում է նա, – ու ես ցանկացա զանգել քեզ: Բայց միայն ոչ այն դեպքում, եթե դու թմրամոլ ես, որովհետև թմրամոլները չգիտեն թե շուրջը ինչ է կատարվում:
– Ես թմրամոլ չեմ, դու մանրապճեղ, – ասում եմ ես: Չնայած, հնարավոր է ստում եմ:
– Քադդլդաունում ուրվականներ կան, – ասում է Թաֆտը, – կարո՞ղ եմ ես գալ ու քնել Ուինդեմիրում:
Ինձ դուր է գալիս Թաֆտը: Իրոք: Նա թեթևակի ցնդած է ու պեպեններով ծածկված, և Միրրենը նրան ավելի շատ է սիրում քան երկվորյակներին:
– Դրանք ուրվականներ չեն: Ուղղակի տան պատուհաններից քամի է փչում, – ասում եմ ես, – այդպես է նաև Ուինդեմիրում: Պատուհանները աղմկում են:
– Դրանք էլ են ուրվականներ, – ասում է Թաֆտը, – մայրիկը ինձ չի հավատում, Լիբերտին նույնպես:
Երբ նա ավելի փոքր էր, նա այն երեխաներից էր, որոնք մտածում էին թե պահարաններում հրեշներ կան: Արդեն ավելի ուշ նա համոզված էր, որ նավամատույցի տակ կան ծովային հրեշներ:
– Միրրենին խնդրի թող քեզ օգնի, – ասում եմ նրան, – նա քնելուց առաջ քեզ համար հեքիաթ կկարդա կամ կերգի քեզ համար:
– Դու այդպե՞ս ես կարծում:
– Նա կօգնի: Ու երբ ես գամ, քեզ կտանեմ ծովում սուզվելու, և սա կլինի հոյակապ ամառ, Թաֆտ:
– Լավ, – ասում է նա:
– Ու մի վախեցիր հիմար, ծեր Քադդլդաունից, – ասում եմ նրան, – ցույց տուր դրան, թե ով է այդտեղ գլխավորը, ես կտեսնեմ քեզ վաղը:
Նա անջատում է առանց հրաժեշտի:
Մաս երրորդ
Ամառ տասնյոթ
23
Վուդս Հոլում՝ նավահանգստային քաղաքում մայրիկն ու ես թողնում ենք ռետրիվերներին դուրս գալ մեքենայից և հանում ենք մեր ճամպրուկներն ու գնում դեպի մորաքույր Քերրին, որ կանգնած էր նավամատույցին:
Քերրին երկար, պինդ գրկում է մայրիկին հետո օգնում մեզ տեղավորել ճամպրուկներն ու շներին նավակում:
– Դու ավելի ես գեղեցկացել քան երբեք, – ասում է նա, – և փառք Աստծո, որ եկաք:
– Օհ, վերջացրու, – ասում է մայրիկը:
– Ես գիտեմ, դու վատառողջ էիր, – ասում է Քերրին ինձ: Նա քույրերից ամենաբարձրահասակն է և Սինքլերների ավագ դուստրը: Նա հագել էր երկար, կաշմիրից սվիտեր: Բերանի երկու կողմերում առաջացել էին խորը կնճիռներ: Նա կրում է նեֆրիտից որոշ հին զարդեր, որոնք եղել էին տատիկինը:
– Ոչ մի վատ բան, որ չի կարող բուժել «պերկոսետը» կամ երկու բաժակ օղին, – ասում եմ ես:
Քերրին ծիծաղում է, բայց մայրիկը ասում է նրան.
– Նա չի ընդունում «պերկոսետ»: Ընդունում է միայն կախվածություն չառաջացնող դեղորայք, որ բժիշկն է նշանակել:
Դա սուտ է: Կախվածություն չառաջացնող դեղերը չէին օգնում:
– Նա շատ է նիհարել, – ասում է Քերրին:
– Դա օղուց է, – ասում եմ ես, – ես այն հացի փոխարեն խմում եմ:
– Նա չի կարողանում շատ ուտել, երբ ցավեր է ունենում, – ասում է մայրիկը, – ցավից նրա մոտ սրտխառնոց է առաջանում:
– Բեսսը պատրաստել է քո սիրած հապալասով կարկանդակը, – ասում է մորաքույրը ինձ: Նա ևս մեկ անգամ գրկում է մայրիկին:
– Դուք անսպասելի սկսել եք գրկախառնվել, – ասում եմ ես, – առաջ դուք երբեք չէիք գրկախառնվում:
Մորաքույր Քերրին ինձ նույնպես գրկում է: Նա օգտագործում է թանկարժեք, լիմոնի օծանելիք: Ես երկար ժամանակ նրան չէի տեսել:
Նավահանգիստը գնալով դառնում էր ավելի ցուրտ ու մարդաշատ: Ես նստում եմ նավակի ետնամասում, մայրիկը կանգնած մորաքույր Քերրիի հետ ղեկի մոտ: Ձեռքս պահում եմ ջրի ուղղությամբ: Ջրի շիթը թրջում է սպորտային վերարկուիս թևերը:
Շուտով կտեսնեմ Գատին:
Գատը, իմ Գատը, ով իմ Գատը չէ:
Տները: Փոքրերին, մորաքույրերին, Ստախոսներին:
Կլսեմ ծովի թռչունների ձայնը, կզգամ ընկնելու, կարկանդակի ու տնական պաղպաղակի համը: Կլսեմ թենիսի գնդակների ձայնը, ռետրիվերների հաչոցը, շնչառությանս արձագանքը լողի դիմակից: Մենք կվառենք խարույկ, որ հետո կդառնա մոխիր:
Ես նորից կլինեմ մեր տա՞նը:
Երկար գնալուց հետո, սկսեց երևալ Բիչվուդը, կղզու ծանոթ պատկերը գնալով ավելի պարզ էր դառնում: Առաջինը ես տեսա Ուինդեմիրը իր սրածայր տանիքներով: Ահա սենյակը հեռվում աջ կողմում մայրիկինն է, երևում են բաց կապույտ վարագույրները: Իմ սենյակի պատուհանը նայում է դեպի կղզին:
Քերրին նավակը վարում է կղզու կողքով և ես կարողանում եմ տեսնել Քադդլդաունը՝ կղզու ամենացածր կետը, ուղղանկյունաձև տուփի նման: Փոքր ավազե ծովախորշը՝ փոքր ափը, թաքնվել էր երկար փայտե աստիճանների ներքևում:
Պատկերը փոխվեց կղզու արևելյան մասում: Ես չէի կարողանում տեսնել Րեդ Գեյթը ծառերի ետևից, բայց երևում էին նրա կարմիր պատերը: Հետո մեծ ափը, որին հասնում էին փայտե աստիճանները:
Քլերմոնտը կանգնած էր ամենաբարձր կետում, երեք կողմերից ջրային տեսարաններով: Ես ձգեցի վիզս, որ տեսնեմ փոքրիկ աշտարակը, բայց այն այնտեղ չէր: Ծառերը, որ առաջ տարածված էին մեծ, թեք բակով, դրանք նույնպես չկային: Հնաոճ, վեց սենյականոց, մեծ պատշգամբով և ագարակային խոհանոցով տան փոխարեն, որտեղ պապիկը անցկացնում էր իր յուրաքանչյուր ամառը, ես տեսնում եմ հարթ, ժամանակակից կառույց տեղակայված ժայռի գագաթին: Մի կողմից ճապոնական ոճով այգի, մյուս կողմից մերկ ժայռեր: Տունը ապակուց էր և երկաթից: Սառը:
Քերրին անջատում է շարժիչը, որն ավելի է հեշտացնում խոսալը:
– Սա Նոր Քլերմոնտն է, – ասում է նա:
– Անցած տարի միայն կմախքն էր: Ես երբեք չէի պատկերացնի, որ նա այն կսարքի առանց գազոնի, – ասում է մայրիկը:
– Սպասիր դու դեռ ներսը չես տեսել: Պատերը ամբողջովին մերկ են, ու երբ մենք երեկ եկանք, նա սառնարանում չուներ ոչինչ, բացառությամբ մի քանի խնձորի ու «Հավարտի» պանրի:
– Երբվանի՞ց է նա սկսել սիրել «Հավարտի», – հարցնում է մայրիկը, – այն լավը չէ:
– Նա չգիտի ինչ է գնում: Ջիննին ու Լյուսիլը՝ նոր խոհարարը, անում են միայն այն, ինչ նա է կարգադրում: Նա ուտում էր միայն պանրով տոստ: Բայց ես գրեցի մի մեծ ցուցակ և նրանք գնացին Էդգարթաուն գնումների: Հիմա մենք ունենք բավարար ուտելիք մի քանի օրվա համար:
Մայրիկը դողում է:
– Լավ է, որ այստեղ ենք:
Ես զննում եմ նոր կառույցը, քանի դեռ նրանք զրուցում են: Ես իհարկե գիտեի, որ պապիկը վերափոխել է այն: Նա և մայրիկը խոսում էին նոր խոհանոցի մասին, երբ նա այցելել էր մեզ մի քանի օր առաջ: Սառնարան և լրացուցիչ սառնախցիկ, տաքացնող դարակ և համեմունքների համար հատուկ դարակ:
Ես չէի մտածում, որ նա ամբողջովին քանդել է տունը: Որ չկա գազոն: Եվ չկան ծառերը, հատկապես մեծ, ծեր թխկին, որից կախված էին ճոճանակները: Այդ ծառը երևի մոտ հարյուր տարեկան էր:
Ալիքը բարձրանում է, մուգ կապույտ, ծովից դուրս թռնելով ինչպես կետը: Անցնում է իմ վրայով: Պարանոցիս մկանները սկսում են ձգվել, կոկորդս չորանում է: Ես ծալվում եմ նրա ծանրության տակ: Արյունը հարվածում է գլխիս: Ես խորտակվում եմ:
Մի պահ այս ամենը թվում է այնքան տխուր, անտանելի տխուր, գեղեցիկ ու ծեր, ճոճանակներով ծառի մասին մտածելը: Մենք երբեք չէինք խոսացել այդ ծառի մասին, թե ինչքան էինք մենք այն սիրում: Նրան անուն չէինք տվել: Ոչինչ: Այն կարող էր դեռ ավելի երկար ապրել:
Ես մրսում եմ, շատ եմ մրսում:
– Կադե՞նս, – մայրիկը թեքվում է իմ կողմ:
Ես ձգվում եմ ու բռնվում եմ նրա ձեռքից:
– Քեզ նորմալ պահիր, – ցածր ասում է նա, – Հիմա:
– Ի՞նչ:
– Որովհետև դու նորմալ ես: Որովհետև դու կարող ես:
Լավ: Լավ: Դա ուղղակի մի ծառ էր:
Ուղղակի ծառ՝ անվադողերից ճոճանակներով, որոնք ես շատ էի սիրում:
– Տեսարաններ մի՛ սարքիր, – շշնջում է նա, – խորը շնչիր ու նստիր:
Ես անում եմ այնպես, ինչպես որ նա ասեց, ինչքանով որ կարողանում եմ, ինչպես միշտ եմ արել:
Մորաքույր Քերրին իր վրա վերցրեց ուշադրությունը՝ ավելի ուրախ ասելով.
– Նոր այգին լավն է, միայն հարմարվել է պետք: Նստելու տեղ կա կոկտեյլների ժամերի համար: Թաֆտը և Ուիլլը հատուկ քարեր են գտել:
Նա շրջում է նավակը ափի կողմ ու հանկարծ ես կարողանում եմ տեսնել մեզ սպասող իմ Ստախոսներին, ոչ նավամատույցին, այլ փայտե ցանկապատի մոտ, որ տարածվում է եզրային ճանապարհով:
Միրրենը կանգնել է ցանկապատին, ոգևորված մեզ ձեռքով է անում, նրա մազերը խառնվում են քամուց:
Միրրենը: Նա քաղցրություն է: Նա հետաքրքրություն է ու անձրև:
Ջոննին ցատկում է վերև, ներքև, անիվի նման պտույտներ անում:
Ջոննին: Նա հակադրություն է: Ջանք է ու սարկազմ:
Գատը, իմ Գատը, ժամանակին իմ Գատը՝ նա նույնպես դուրս է եկել ինձ տեսնելու: Նա կանգնել է ցանկապատի ետևում, քարե բեկորի վրա, որոնցից հիմա շատ կային Քլերմոնտում: Նա ազդանշաններ էր ցույց տալիս, արագ թափահարելով ձեռքերը, ասես ես պիտի ինչ-որ գաղտնի կոդ հասկանայի: Նա մտածմունք է ու էնտուզիազմ: Ամբիցիա ու թունդ սուրճ:
Բարի գալուստ տուն, ասում են նրանք: Բարի գալուստ տուն:
24
Ստախոսները չեն գալիս նավամատույց, երբ մենք հասնում ենք այնտեղ, և ոչ էլ մորաքույր Բեսսը ու պապիկը: Փոխարենը այնտեղ են փոքրերը՝ Ուիլլն ու Թաֆտը, Լիբերտին ու Բոննին:
Տղաները՝ երկուսն էլ տասը տարեկան, բշտում են իրար ու քաշքշում: Թաֆտը վազում է ու գրկում է ինձ: Ես բարձրացնում եմ նրան ու պտտում: Նա անսպասելի թեթև է, ասես նրա պեպենոտ մարմինը թռչնի մասերից լինի:
– Հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում, – հարցնում եմ ես:
– Մենք պաղպաղակ ունենք սառնարանում, – նա գոռում է, – երեք տեսակի:
– Լուրջ, Թաֆտ: Երեկ, երբ մենք խոսում էինք հեռախոսով, դու անախորժություններ ունեիր:
– Չունեի:
– Այո, ունեիր:
– Միրրենը ինձ հեքիաթ կարդաց: Հետո ես գնացի քնելու: Ոչ մի լուրջ բան:
Ես խառնում եմ նրա մեղրագույն մազերը:
– Դա ուղղակի տուն է: Շատ-շատ տներ գիշերները սարսափելի են թվում, բայց առավոտյան նորից դառնում են ընկերական:
– Արդեն մեկ է, մենք չենք մնում Քադդլդաունում, – ասում է Թաֆտը, – մենք տեղափոխվել ենք Նոր Քլերմոնտ պապիկի մոտ:
– Տեղափոխվե՞լ եք:
– Մենք մեզ պետք է կարգին պահենք այնտեղ և ոչ մի հիմարություն չանենք: Մեր իրերն արդեն տեղավորել ենք: Ուիլլը երեք հատ մեդուզա է բռնել մեծ ափին ու սատկած կռաբ: Կգա՞ս դրանք տեսնելու:
– Իհարկե:
– Կռաբը նրա գրպանում է, բայց մեդուզաները ջրով դույլի մեջ են, – ասում է Թաֆտը ու վազում:
Մայրիկն ու ես քայլում ենք Ուինդեմիր տանող կարճ ճանապարհով: Երկվորյակները օգնում են ճամպրուկները տանել:
Պապիկն ու մորաքույր Բեսսը խոհանոցում են: Սեղանին ծաղկամանի մեջ դրված են դաշտային ծաղիկներ, Բեսսը սպունգով մաքրում է լվացարանը, իսկ պապիկը կարդում է «Martha’s Vineyard Times»:
Բեսսը ավելի նուրբ է քան քույրերը, և ավելի խարտյաշ, բայց նույն կազմվածքով: Նա հագել է սպիտակ ջինս, մուգ կապույտ, բամբակե կտորից սվիտեր՝ ադամանդե զարդարանքով: Նա հանում է ռեզինե ձեռնոցները, հետո համբուրում է մայրիկին և գրկում ինձ՝ այնքան երկար ու պինդ, որ ասես ինչ-որ խորը ու գաղտնի ուղերձ է փոխանցում: Նրանից քլորի ու գինու հոտ է գալիս:
Պապիկը կանգնում է, բայց չի մոտենում մինչև Բեսսը չի վերջացնում գրկախառնոցը:
– Միրրեն, ողջույն, – ասում է պապիկը ուրախ, – հիանալի է քեզ տեսնել նորից:
– Նա շատ է շփոթում, – ասում է Քերրին ինձ ու մայրիկին, – մարդկանց կանչում է «Միրրենով»:
– Ես գիտեմ, որ նա Միրրենը չէ, – ասում է պապիկը:
Մեծերը իրար մեջ զրուցում են, իսկ ես երկվորյակների հետ հեռանում եմ: Նրանք մի քիչ ծիծաղելի տեսք ունեն քրոկսերով ու ամառային զգեստներով: Համարյա տասնչորս տարեկան են: Նրանք ունեն Միրրենի ձիգ ոտքերը ու կապույտ աչքերը, բայց նրանց դեմքերը ավելի փոքր են:
– Քո մազերը սև են, – ասում է Բոննին, – դու նման ես մեռած վամպիրի:
– Բո՛ննի, – Լիբերտին բզում է նրան:
– Նկատի ունեմ, որ դա ավելորդ է, որովհետև բոլոր վամպիրները մեռած են լինում, – ասում է Բոննին, – բայց նրանք նաև ունեն սև շրջաններ աչքերի տակ ու գունատ մաշկ, ինչպես դու:
– Քեզ լավ պահիր Կադիի հետ, – շշնջում է Լիբերտին, – մայրիկը մեզ զգուշացրել է:
– Ես ոչինչ չասացի, – ասում է Բոննին, – շատ վամպիրներ չափազանց գրավիչ են: Դա ապացուցված փաստ է:
– Ես քեզ ասացի, որ ես չեմ ուզում, որ դու խոսաս զզվելի մեռած արարածների մասին այս ամառ, – ասում է Լիբերտին, – անցած գիշերը հերիք էր:
Հետո պտտվում է իմ կողմ.
– Բոննին տարված է մեռյալներով: Նա կարդում է գրքեր նրանց մասին, անընդհատ, ու հետո չի կարողանում քնել: Դա նյարդայնացնում է, երբ նրա հետ սենյակ ես կիսում:
Այս ամենը Լիբերտին ասում է առանց աչքերիս նայելու:
– Ես ընդամենը խոսում էի Կադիի մազերի մասին, – ասում է Բոննին:
– Դու չպետք է ասես նրան, որ նա մեռածի տեսք ունի:
– Բան չկա, – ասում եմ Բոննիին, – ինձ չի հետաքրքրում, թե դուք ինչ եք մտածում, այնպես որ ամեն ինչ նորմալ է:
25
Բոլորը գնում են Նոր Քլերմոնտ, մնում ենք միայն ես ու մայրիկը իրերը դասավորելու: Ես թողնում եմ ճամպրուկս ու գնում Ստախոսներին գտնելու:
Հանկարծակի նրանք թռնում են վրաս՝ փոքր շների նման: Միրրենը գրկում է ինձ ու պտտում: Ջոննին գրկում է Միրրենին, Գատը՝ Ջոննիին, մենք միմյանց գրկած սկսում ենք տեղում թռվռալ: Այս ամենը վերջացնելուց հետո մտնում ենք Քադդլդաուն:
Միրրենը անդադար խոսում է այն մասին, թե ինչ ուրախ է, որ Բեսսը ու փոքրերը ապրելու են պապիկի հետ այս ամառ: Հիմա պապիկը ինչ-որ մեկի կարիքը ունի իր կողքին: Ու նաև որ Բեսսի կողքին անհնար է մնալ, հաշվի առնելով որ նա անընդհատ տարված է մաքրությամբ: Եվ ամենակարևորը, մենք՝ Ստախոսներս, կմնանք Քադդլդաունում՝ միայն մենք: Գատը ասում է, որ ուզում է թեյ պատրաստել ու, որ տաք թեյը նրա նոր թուլությունն է: Ջոննին նրան անվանում է «ինքնահավան տխմար»: Մենք Գատի հետ գնում ենք խոհանոց: Նա ջուր է դում եռալու:
Փոթորիկի է նման, նրանք անընդհատ խոսում են, վիճում, ծիծաղում, ինչպես մեր հին ժամանակներում: Չնայած Գատը խուսափում է ինձնից:
Ես չեմ կարողանում դադարել նրան նայել:
Նա այնքան գեղեցիկ է: Այնքան Գատ: Ես գիտեմ նրա դուրս ցցված ստորին շրթունքը, ուսերի ուժը: Երբ նա կիսով չափ է վերնաշապիկը մտցնում ջինսի տակ, երբ նրա կոշիկների կրունկները մաշված են, երբ նա առանց գիտակցելու դիպչում է հոնքի սպիին:
Ես այնքան զայրացած եմ: Եվ այնքան ուրախ եմ նրան տեսնելու համար:
Հավանաբար նա շարժվել է առաջ, ինչպես յուրաքանչյուր ընդունակ մարդ: Նա անցած երկու տարին չի անցկացրել կուչ եկած գլխացավից, ու ինքն իրեն խղճալով: Նա շրջել է Նյու Յորքի բալետկաներով աղջիկների հետ, նրանց տանելով չինական ռեստորաններ և համերգներ դիտելու: Եթե նա Ռաքելի հետ չէ, հավանաբար տանը ունի ընկերուհի կամ նույնիսկ երեքը:
– Մազերդ նոր են, – ասում է Ջոննին ինձ:
– Հա:
– Տեսքդ լավն է բայց, – քաղցր ասում է Միրրենը:
– Նա այնքան բարձրահասակ է, – ասում է Գատը՝ զբաղվելով թեյի տուփերով՝ հասմիկի, «Անգլիական նախաճաշի» և այդպես շարունակ, – դու առաջ այսքան բարձրահասակ չէիր, չէ՞ Կադի:
– Սա կոչվում է հասունացում, – ասում եմ ես, – դա ես չեմ որոշում:
Երկու ամառ առաջ Գատը մի քանի սանտիմետրով բարձր էր ինձնից: Հիմա մենք համարյա հավասար ենք:
– Ես դեմ չեմ հասունացմանը, – ասում է Գատը, նա դեռ չի նայում դեմքիս, – Միայն թե չդառնաս ավելի բարձրահասակ քան ես:
Նա ֆլի՞րտ է անում:
Նա ֆլիրտ է անում:
– Ջոննին միշտ ինձ թողնում է ավելի բարձրահասակ լինեմ, – շարունակում է Գատը, – նա դրանից երբեք խնդիր չի սարքում:
– Ասես ես ընտրություն ունեմ, – դժգոհ ասում է Ջոննին:
– Նա առաջվա նման մեր Կադին է, – հավատարմորեն ասում է Միրրենը, – երևի մենք էլ նրա համար ենք փոխվել:
Բայց նրանք չէին փոխվել: Նրանք նույնն էին: Գատը մաշված, կանաչ շապիկով ինչպես երկու ամառ առաջ: Նրա մշտական ժպիտը, նրա առաջ թեքվելը, նրա ազնվական քիթը:
Ջոննին՝ թիկնեղ, ջինսով ու վարդագույն վանդականախշ վերնաշապիկով՝ այնքան հին, որ եզրերը արդեն քրքրված են, կրծոտված եղունգներով, կարճ սանրվածքով:
Միրրենը նման է նախառաֆայելյան նկարի, իր սինքլերյան քառակուսաձև ծնոտով: Նրա երկար, փարթամ մազերը հավաքած վերևում, հագին լողազգեստ ու շորտեր:
Դա հուսադրող է: Ես նրանց այնքան եմ սիրում:
Նրանց համար կարևորություն կունենա՞ այն, որ ես դժբախտ պատահարի հետ կապված ոչինչ չեմ կարողանում հիշել: Ես շատ բան եմ կորցրել նրանից, թե մենք միասին ինչեր ենք արել տասնհինգերորդ ամռանը: Տեսնես մորաքույրերը խոսե՞լ են իմ մասին:
Ես չեմ ուզում, որ նրանք նայեն ինձ այնպես, ասես ես հիվանդ եմ: Կամ ասես գլուխս չի աշխատում:
– Պատմիր քոլեջի մասին, – ասում է Ջոննին: Նա նստել է սեղանին, – Որտե՞ղ ես սովորելու:
– Ոչ մի տեղ, դեռևս, – այս փաստից ես չէի կարող փախչել: Բայց ես զարմանում եմ, որ նրանք դեռ տեղյակ չեն:
– Ի՞նչ:
– Ինչու՞:
– Ես չեմ ավարտել դպրոցը: Պատահարից հետո շատ եմ բաց թողել դասերը:
– Օհ, զզվանքություն, – բացականչում է Ջոննին, – դա ահավոր է: Դու չե՞ս կարող գնալ ամառային դպրոց:
– Ոչ, ես այստեղ եմ, – ասում եմ ես, – բացի այդ, ավելի լավ կլինի եթե դիմելուց արդեն բոլոր կուրսային աշխատանքներս արած լինեմ:
– Ի՞նչ ես պատրաստվում սովորել, – հարցնում է Գատը:
– Եկեք խոսենք ուրիշ բանի մասին:
– Բայց մենք ուզում ենք իմանալ, – ասում է Միրրենը, – բոլորս:
– Լուրջ, – ասում եմ ես, – խոսենք ինչ-որ ուրիշ թեմայից: Ինչպե՞ս է քո սիրային կյանքը, Ջոննի:
– Նորից զզվանքություն:
Բարձրացնում եմ հոնքերս:
– Երբ դու այնքան գեղեցիկ տղամարդ ես, ինչպիսին ես եմ, քեզ մոտ ոչինչ հարթ չի լինում, – սարկաստիկ ասում է նա:
– Ես ընկեր ունեմ, անունը՝ Դրեյք Լոգգերհեդ, – ասում է Միրրենը, – նա սովորելու է Պոմոնայում, ինչպես ես: Մենք սեռական կապեր ենք ունեցել, բայց միշտ պաշտպանվել ենք: Նա ինձ բերում է դեղին վարդեր ամեն շաբաթ և ունի լավ մկաններ:
Ջոննին հանկարծակիի գալով դուրս է փչում թեյը: Գատն ու ես ծիծաղում ենք:
– Դրեյք Լոգգերհե՞դ, – հարցնում է Ջոննին: //(Loggerhead – բթամիտ)
– Այո, – ասում է Միրրենը, – ի՞նչ կա խնդալու:
– Ոչինչ. – Ջոննին արագ թափահարում է գլուխը:
– Մենք հանդիպում ենք արդեն հինգ ամիս, – ասում է Միրրենը, – նա այս ամառ գնում է արշավների, այնպես որ նա ավելի մեծ մկաններով կլինի, երբ ես նրան կտեսնեմ:
– Դու կատակում ես. – ասում է Ջոննին:
– Մի քիչ, – ասում է Միրրենը, – բայց ես նրան սիրում եմ:
Ես սեղմում եմ նրա ձեռքը: Ես ուրախ եմ, որ նա գտել է մեկին, ում սիրում է:
– Ես քեզ կհարցնեմ սեռական կապի մասին հետո. – զգուշացնում եմ ես:
– Երբ տղաները այստեղ չլինեն, – ասում է նա, – ես քեզ ամեն ինչ կպատմեմ:
Մենք թողնում ենք մեր բաժակնեը ու գնում ենք փոքր ափ: Հանում ենք մեր կոշիկները և մեր մատները մտցնում ենք ավազի մեջ: Այստեղ կան փոքրիկ, սուր խխունջներ:
– Ես չեմ ընթրելու Նոր Քլերմոնտում, – վճռական ասում է Միրրենը, – ոչ էլ նախաճաշելու եմ: Ոչ այս տարի:
– Ինչու՞. – հարցնում եմ ես:
– Ես չեմ կարող, – ասում է նա, – մորաքույրերը, փոքրերը, պապիկը՝ նա խելքը թռցրել է, դու գիտես:
Ես գլխով եմ անում:
– Այդ միասնությունը չափից շատ է: Ես միայն ուզում եմ ձեզ՝ երեքիդ հետ երջանիկ լինել, այստեղ, – ասում է Միրրենը, – չեմ պատրաստվում ժամանակ վատնել այդ նոր, անշունչ տանը: Այդ մարդկանց համար առանց ինձ էլ վատ չէ:
– Նույնը ինձ մոտ. – ասում է Ջոննին:
– Նույնը ինձ մոտ. – ասում է Գատը:
Հասկանում եմ, որ նրանք արդեն քննարկել են այս թեման մինչ իմ գալը:
26
Միրրենն ու Ջոննին մտնում են ջուրը լողի ակնոցներով ու ջրային կոշիկներով: Նրանք օմար են փնտրում: Հավանաբար այստեղ կան միայն մեդուզաներ ու փոքր կռաբեր, բայց թեկուզ փոքր է ընտրության հնարավորությունը, մենք միշտ եկել ենք փոքր ափ դրանց համար:
Ես ու Գատը նստել ենք ադեալի վրա: Մենք լուռ նայում ենք Ջոննիին ու Միրրենին:
Ես չգիտեմ ինչպես խոսել նրա հետ:
Ես նրան սիրում եմ:
Նա իրեն պահել է տխմարի նման:
Ես չպետք է սիրեի նրան: Հիմար եմ, որ դեռ սիրում եմ նրան: Պիտի հանեմ դա գլխիցս:
Միգուցե նա դեռ կարծում է, որ ես գեղեցիկ եմ: Նույնիսկ իմ մազերով և աչքերիս տակի սև շրջաններով: Միգուցե:
Նրա մկանները շարժվում են շապիկի տակից: Նրա պարանոցի կորությունը, ականջի փափուկ կամարը: Նրա պարանոցի փոքր շագանակագույն խալը: Եղունգների կիսալուսինները: Ես նրան ամբողջովին խմում եմ, այսքան երկար բաժանումից հետո:
– Մի նայիր իմ տրոլի ոտքերին. – ասում է Գատը հանկարծակի:
– Ի՞նչ:
– Դրանք ահավոր են: Տրոլը գիշերը գաղտնի եկավ իմ սենյակ, վերցրեց իրեն իմ նորմալ ոտքերը և թողեց ինձ իր ավազակային տրոլյան ոտքերով, – Գատը թաքցնում է ոտքերը սրբիչի տակ, այնպես որ ես չկարողանամ տեսնել դրանք, – հիմա դու գիտես ճշմարտությունը: