Текст книги "Մենք ստախոսներ էինք"
Автор книги: Էմիլի Լոքհարթ
сообщить о нарушении
Текущая страница: 1 (всего у книги 7 страниц)
Մաս առաջին
Բարի գալուստ
1
Բարի գալուստ Սինքլերների հրաշալի ընտանիք:
Այստեղ չկան հանցագործներ:
Չկան թմրամոլներ:
Չկան անհաջողակներ:
Բոլոր Սինքլերները սպորտային են, բարձրահասակ ու գեղեցիկ: Մենք հին հարուստ դեմոկրատների ընտանիք ենք: Մեր ժպիտները լայն են, ծնոտները՝ քառակուսաձև, իսկ թենիսի հարվածները՝ ագրեսսիվ:
Կարևոր չի, եթե ամուսնալուծությունը փշրում է մեր սրտերը, այնպես որ դրանք հազիվ են ուժ գտնում բաբախելու: Կարևոր չի, եթե տրեստ ֆոնդի գումարը վերջանում է ու չվճարված հաշիվները լցված են խոհանոցի սեղանի վրա: Նշանակություն չունի, որ մեր մահճակալների կողքի դարակները լցված են դեղերով ու հաբերով: Ու նույնիսկ եթե մեզնից ինչ-որ մեկը խելագարի նման, հուսահատ սիրահարված է: Այս ամենը ոչ մի նշանակություն չունի:
Մենք Սինքլերներն ենք:
Մենք ոչնչի կարիք չունենք:
Մենք միշտ ճիշտ ենք:
Ապրում ենք, համենայն դեպս ամռանը, սեփական կղզու վրա Մասսաչուսետս նահանգի ափի մոտ:
Թերևս սա էր այն ամենը, ինչ պետք է իմանաք:
2
Իմ ամբողջական անունն է Կադենս Սինքլեր Իսթման:
Ես ապրում եմ Բերլինգթոնում՝ Վերմոնտի նահանգ, մայրիկիս ու երեք շների հետ:
Համարյա տասնութ տարեկան եմ:
Իմ միակ ունեցվածքն է գրադարանի ընթերցողության տոմսը: Ու վերջ: Չնայած ճիշտ է նաև այն, որ ապրում եմ մեծ տանը՝ լի թանկարժեք բայց չօգտագործվող իրերով:
Առաջ ես շիկահեր էի, բայց հիմա իմ մազերը սև են:
Առաջ ուժեղ էի, բայց հիմա՝ թույլ:
Առաջ լավիկն էի, բայց հիմա հիվանդի տեսք ունեմ:
Ճիշտ է նաև այն, որ դժբախտ պատահարից հետո ես տանջվում եմ ԱՆՏԱՆԵԼԻ գլխացավերից:
Բացի այդ, ես ՏԱՆԵԼ չեմ կարողանում հիմարներին:
Ինձ դուր են գալիս երկիմաստ բառերը: Տեսա՞ք: ԴԻՄԱՆԱԼ ահավոր միգրենին, ՉԴԻՄԱՆԱԼ հիմարներին: Բառը ասես նույն նշանակությունը ունի, բայց այնքան էլ չէ:
Դիմանալ:
Կարող ես ասել ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, բայց դա էլ ամբողջովին ճիշտ չէ:
Իմ պատմությունը սկսվում է իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել դժբախտ պատահարից որոշ ժամանակ առաջ: Հունիսին, երբ ես տասնհինգ տարեկան էի, հայրս փախավ ինչ-որ կնոջ հետ, ում նա սիրում էր ավելի շատ քան մեզ:
Հայրս ռազմական պատմության սովորական պրոֆեսոր էր: Ես նրան պաշտում էի: Նա կրում էր թվիդային պիջակներ: Նիհար էր: Խմում էր կաթով թեյ: Պաշտում էր սեղանի խաղեր ու հաճախ թույլ էր տալիս, որ ես հաղթեի, սիրում էր նավակներ ու սովորեցնում էր ինձ լողալ կայակով, ու նրան նաև դուր էին գալիս հեծանիվներ, գրքեր ու արվեստի թանգարաններ:
Նա երբեք չի սիրել շներ, ու այն, որ նա թույլ էր տալիս մեր ոսկեգույն ռետրիվերներին քնել բազմոցների վրա ու ամեն առավոտ ման էր տալիս նրանց, կատարելով հինգ կիլոմետրանոց մոցիոն, մորս շատ սիրելու նշան էր: Հայրիկը չէր սիրում տատիկիս ու պապիկիս, բայց հանուն ինձ ու մայրիկի նա յուրաքանչյուր ամառ անցկացնում էր Ուինդեմիր տանը Բիչվուդ կղզու վրա՝ գրելով նյութեր վաղուց վերջացած պատերազմների մասին ու ամեն ճաշելու ժամանակ հանդիպելով բարեկամներին կեղծ ժպիտով:
Այդ հունիսին՝ ամառ տասնհինգ, հայրիկը հայտարարեց, որ հեռանում է և երկու օր անց լքեց մեզ: Նա մայրիկին ասաց, որ ինքը Սինքլեր չէ ու այլևս չի կարող ձևացնել: Չի կարող ժպտալ, ստել ու լինել այս գեղեցիկ ընտանիքի մասը, որոնք ապրում են գեղեցիկ տներում:
Չի կարող: Չի ուզում: Չի անի:
Նա արդեն կանչել էր բեռնատարներ կահույքի տեղափոխման համար ու վարձել էր տուն:
Հայրիկը վերջին ճամպրուկը դրեց մերսեդեսի ետևի նստատեղին (մայրիկին թողնելով միայն սաաբի հետ) ու աշխատեցրեց շարժիչը:
Ասես նա հանեց ատրճանակը ու կրակեց կրծքիս: Կանգնած էի գազոնի վրա ու ընկա: Վերքս լայն, սիրտս դուրս գալով կրծքավանդակիցս ընկավ հատակին: Արյունը ռիթմիկ դուրս թափվեց բաց վերքիցս,
հետո աչքերիցս,
ականջներիցս,
բերանիցս:
Այն ուներ աղի ու դժբախտության համ: Վառ կարմիր նշանը այն ամոթալի փաստի, որ ես սիրված չեմ: Ես պառկած էի, իսկ արյունս տարածվում էր տան դիմաց խոտի, բետոնե ճանապարհի, աստիճանների վրայով:
Մայրս կարգադրեց, որ ինձ հավաք պահեմ:
– Քեզ նորմալ պահիր, – ասաց նա, – հիմա՛:
– Որովհետև դու նորմալ ես: Դու կարող ես լինել նորմալ:
– Վե՛րջ տուր տեսարաններին, – կարգադրեց նա, – խորը շնչիր ու նստիր:
Ես արեցի այնպես, ինչպես նա ասաց:
Նա այն ամենն էր ինչ ինձ մնացել էր:
Մենք երկուսս բարձր պահեցինք մեր քառակուսաձև ծնոտները, մինչ հայրիկի մեքենան հեռանում էր: Հետո վերադարձանք տուն ու դեն նետեցինք նրա նվերները. հագուստ, զարդեր, գրքեր.. ամեն ինչ: Հաջորդ օրերին ազատվեցինք բազմոցից ու բազկաթոռներից, որոնք ծնողներս գնել էին միասին: Դեն նետեցինք հարսանեկան սպասքը, լուսանկարները:
Պատվիրեցինք նոր կահույք: Վարձեցինք դեկորատրի: Գնեցինք սեղանի սպասք «Թիֆանիից»: Անցկացրինք օր, շրջելով պատկերասրահներով ու գնեցինք նկարներ, որպեսզի ծածկենք պատերի ազատ տեղերը:
Խնդրեցինք պապիկի փաստաբաններին ապահովագրել մայրիկի ունեցվածքը:
Որից հետո հավաքեցինք իրերը և ուղևորվեցինք Բիչվուդ կղզի:
3
Փեննին, Քերրին ու Բեսսը Թիփփեր և Հարրիս Սինքլերների դուստրերն են: Հարրիսը իր հարստությունը ժառանգել է քսանմեկ տարեկանում՝ Հարվարդը ավարտելուց հետո ու մեծացրել է ունեցվածքը զբաղվելով բիզնեսով, որը ես երբեք չեմ էլ փորձել հասկանալ: Նրան հասավ տուն ու հողատարածք: Ընդունեց խելացի որոշումներ բիզնեսի շուկայում: Ամուսնացավ Թիփփերի հետ ու նրա տրամադրության տակ թողեց խոհանոցն ու այգին: Նա նրան պատեց մարգարիտներով, ման տվեց նավերով: Կարծում եմ տատիկիս դա դուր էր գալիս:
Պապիկիս միակ սխալը. նա չուներ որդի, բայց դա առանձնապես նշանակություն էլ չուներ: Սինքլեր ազգանունով աղջիկները մշտական արևայրուգով էին ու երջանիկ: Բարձրահասակ, ուրախ ու հարուստ, ամբողջովին ինչպես արքայադուստրեր հեքիաթից: Նրանք Բոստոնում, Հարվարդում ու Մարտաս-Վինեարդի վրա հայտնի դարձան իրենց կաշմիրից կարդիգաններով ու ճոխ խնջույքներով: Նրանք ստեղծվել էին լեգենդ դառնալու համար: Նրանց սպասվում էին արքայազներ, հիանալի կրթություն, փղոսկրից արձաններ ու շքեղ տներ:
Պապիկն ու Թիփփերը շատ էին սիրում իրենց երեք աղջիկներին էլ ու չէին կարողանա ասել, թե ով էր իրենց համար ամենասիրելին: Քերրին: Չէ, Փեննին: Չէ, Բեսսը: Ու նորից Քերրին... Նրանք աղջիկների համար կազմակերպեցին աչքի ընկնող հարսանիքներ վարդագույն երանգների մեջ ու կենդանի անսամբլով , աղջիկները ունեցան ձյունաճերմակ ժառանգորդներ ու սկսեցին պահել զվարճալի ոսկեգույն շներ: Ոչ ոք չէր կարող ունենալ այդպիսի գեղեցկուհի դուստրեր ինչպես Թիփփերն ու Հարրիսը:
Նրանք կառուցեցին երեք նոր տուն ժայռերով լի իրենց մասնավոր կղզու վրա ու ամեն մեկին տվեցին մի անուն. «Ուինդեմիր»՝ Փեննիի համար, «Րեդ Գեյթ»՝ Քերրիի համար ու «Քադդլդաուն»՝ Բեսսի համար:
Ես Սինքլերների ավագ թոռնուհին եմ: Կղզու, հարստության ու սպասելիքների ժառանգորդը:
Ամենայն հավանականությամբ:
4
Ես, Ջոննին, Միրրենը ու Գատը: Գատը, Միրրենը, Ջոննին ու ես:
Ընտանիքում մեր քառյակին ասում են «Ստախոսներ» ու, երևի մենք դրան արժանի ենք: Մենք չորսս համարյա հասակակիցներ ենք ու ծնվել ենք աշնանը: Կղզում անցկացրած ժամանակի մեծ մասը մենք փորձանքների մեջ էինք:
Գատը Բիչվուդ սկսեց գալ, երբ մենք ութ տարեկան էինք: Ամառ ութ՝ մեր լեզվով ասած:
Մինչ այդ Միրրենը, Ջոննին ու ես Ստախոսներ չէինք, այլ ուղղակի եղբայր ու քույրեր, Ջոննին էլ մի մեծ գլխացավանք էր, նա չէր սիրում խաղալ աղջիկների հետ:
Ջոննին, նա հակադրություն էր, ջանք ու սարկազմ: Ինչպես այն պահերին, երբ նա կապում էր մեր բարբիների պարանոցներից ու կախում նրանց, կամ երբ կրակում էր մեզ վրա լեգոի ատրճանակից:
Միրրենը՝ քաղցրություն, հետաքրքրություն ու անձրև: Ինչպես երբ նա երկար օրեր էր անցկացնում Թաֆտի ու երկվորյակների հետ ծովափին, քանի դեռ ես նկարում էի կամ կարդում պառկած Քլերմոնտի պատշգամբում ցանցաճոճին:
Եվ ահա մի օր մեր հետ ամառը անցկացնելու եկավ Գատը:
Մորաքույր Քերրիի ամուսինը լքեց նրան, երբ նա դեռ կրում էր Ուիլլին՝ Ջոննիի եղբորը: Ես ինքս չգիտեմ ինչ էր տեղի ունեցել: Ընտանիքս երբեք դրա մասին չի խոսում: Ութերորդ ամռանը Ուիլլը գեղեցիկ փոքրիկ էր, իսկ Քերրին արդեն ապրում էր Էդի հետ:
Էդը արտ-դիլեր էր, ու շատ էր սիրում երեխաներ: Սա այն ամենն էր ինչ մենք իմացանք նրա մասին, երբ Քերրին հայտարարեց, որ գալիս է Բիչվուդ Էդի, Ջոննիի ու Ուիլլի հետ:
Արդեն բավականին շատ մարդիկ էին հավաքվել ափին նավակը դիմավորելու համար, երբ այն գրեթե հասնում էր նավամատույց: Պապիկը ինձ բարձրացրեց, որպեսզի ես կարողանայի տեսնել Ջոննիին, ով հագել էր նարնջագույն փրկարար բաճկոն ու ինչ-որ բան էր բղավում մեզ:
Թիփփեր տատիկը մեր կողքին էր կանգնած: Մի պահ նա թեքվեց իմ կողմ, գրպանից հանեց անանուխի կոնֆետ, բացեց այն ու մտցրեց բերանս:
Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, երբ նա նորից թեքվեց նավի կողմը: Ես ուշադիր նայեցի, որպեսզի տեսնեմ ինչ տատիկս տեսավ:
Քերրին դուրս եկավ նավից Ուիլլին գրկած: Մի անգամից աչքի էին ընկնում Ուիլլի խառնված դեղին մազերը: Տղայի հագին կար դեղին փրկարար բաճկոն, որը նրա տարիքում հասցրել էինք հագնել մենք բոլորս: Նրա մազերը: Հետաքրքիր էր, որ այս փոքրիկը, չնայած որ լրիվ անծանոթ էր, բայց նա անկասկած Սինքլեր էր:
Ջոննին դուրս թռավ նավակից, հանելով բաճկոնը: Առաջինը նա մոտեցավ Միրրենին ու հրեց նրան, հետո ինձ, հետո երկվորյակներին: Մոտենալով տատիկին ու պապիկին՝ զգաստ կանգնեց նրանց առաջ ու ասաց.
– Տատիկ, պապիկ, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար ու, որ ամառը անցկացնելու ենք միասին:
Թիփփերը գրկեց նրան.
– Մայրդ է քեզ ստիպել, որ դու դա ասես, այնպես չէ՞:
– Այո, – ասաց Ջոննին. – Բացի այդ նաև պիտի ասեմ, որ ուրախ եմ ձեզ նորից տեսնելու համար:
– Խելոք տղա:
– Հիմա կարո՞ղ եմ գնալ:
Թիփփերը համբուրեց նրա պեպենոտ այտը.
– Այ հիմա գնա:
Էդը օգնում էր աշխատողներին ճամպրուկները հանելիս: Նա բարձրահասակ էր, նիհար, շատ թուխ մաշկով՝ հնդկական գեների պատճառով, ինչպես մենք հետո իմացանք: Նա կրում էր սև շրջանակներով ակնոց: Հագել էր սպիտակ կոստյում գծավոր վերնաշապիկով, ու տաբատով, որը հավանաբար ճմրթվել էր ճանապարհին:
Թիփփեր տատիկը սեղմեց շրթունքները: Հետո ժպտաց ցույց տալով սպիտակ ատամները ու գնաց առաջ.
– Դուք երևի Է՞դն եք: Ինչպիսի հաճելի անակնկալ:
Նա սեղմեց տատիկի ձեռքը.
– Քերրին չէ՞ր ասել, որ մենք գալու էինք:
– Իհարկե ասել էր:
Էդը նայեց մեր սպիտակ – սպիտակ ընտանիքին: Հետո պտտվեց Քերրիին.
– Որտե՞ղ է Գատը:
Գատին կանչեցին, ու նա դուրս թռավ նավակից, արագ քանդելով փրկարար բաճկոնը:
– Մայրիկ, հայրիկ, – ասաց Քերրին, – մենք մեր հետ ենք բերել Էդի քրոջ որդուն, որ նա խաղա Ջոննիի հետ: Սա Գատ Պաթիլն է:
Պապիկը շոյելով Գատի գլուխը.
– Բարև, երիտասարդ:
– Բարև ձեզ:
– Նրա հայրն է մահացել այս տարի, – բացատրեց Քերրին, – նա ու Ջոննին լավ ընկերներ են: Սա Էդի քրոջ համար մեծ օգնություն էր՝ Գատին բերել այստեղ մի քանի շաբաթով: Գատ, ինչպես և մենք քեզ խոստացել էինք, դու այստեղ կլողաս, կշրջես նավակով, լա՞վ:
Բայց Գատը չպատասխանեց: Նա նայում էր ինձ:
Փոքր ազնվական քիթ, գեղեցիկ շրթունքներ, շոկոլադե մաշկ ու սև, գանգուր մազեր: Նրա մարմինը լցված էր էներգիայով: Գատը ասես զսպանակ լիներ: Ասես ինչ-որ բան էր փնտրում: Նա մտածմունք էր ու էնտուզիազմ: Ամբիցիաներ ու թունդ սուրճ: Ես կարող էի նայել նրան անվերջ:
Մեր աչքերը հանդիպեցին:
Ես պտտվեցի ու փախա:
Գատը հետևեց ինձ: Ես լսում էի նրա ոտքերի ձայնը փայտից ճանապարհների վրա, որոնք տարածվում էին ամբողջ կղզով:
Ես շարունակում էի վազել: Նա իմ հետևից:
Ջոննին հետևեց Գատին: Միրրենն էլ հետևեց Ջոննիին:
Մեծերը մնացին շարունակելու իրենց քաղաքավարի զրույցը Էդի շուրջ, միաժամանակ Ուիլլով հիանալով: Փոքրերն էլ թող անեն այն, ինչ սովորաբար անում են բոլոր փոքրերը:
Մենք չորսս դադարեցրինք վազել, երբ հասանք Քադդլդաունի ներքևի ափին: Դա փոքր ավազե տարածք էր, երկու կողմերից շրջապատված բարձր ժայռերով: Մինչ այդ, այդ ափից ոչ ոք չէր օգտվել՝ մնացած մեծ ափերի ավազը ավելի փափուկ էր ու քիչ էին ջրիմուռները:
Միրրենը հանեց կոշիկները ու մենք հետևեցինք նրա օրինակին: Քարեր էինք նետում ջուրը: Մենք ուղղակի ապրում էինք:
Ես մեր անունները գրեցի ավազին:
Կադենս, Միրրեն, Ջոննի ու Գատ:
Գատ, Ջոննի, Միրրեն ու Կադենս:
Դա եղավ մեր սկիզբը:
* * *
Ջոննին աղաչեց, որ Գատը ավելի երկար մնա: Ու նա մնաց:
Հաջորդ տարի նա աղաչեց, որ Գատը գա ամբողջ ամռանը մնալու:
Գատը եկավ:
Ջոննին տատիկի ու պապիկի առաջին տղա թոռնիկն էր: Նրանք նրան գրեթե երբեք չէին մերժում:
5
Տասնչորսերորդ ամռանը Գատը ու ես վերցրինք փոքր, շարժիչով նավակը ու գնացինք զբոսնելու երկուսով: Դա հենց նախաճաշից հետո էր: Բեսսը ստիպել էր Միրրենին մնալ ու երկվորյակների ու Թաֆտի հետ թենիս խաղալ: Ջոննին, որ այդ տարի սկսել էր վազքով զբաղվել, շրջաններ էր կատարում ամբողջ կղզով: Գատը գտավ ինձ Քլերմոնտի խոհանոցում ու հարցրեց արդյոք չէ՞ի ուզենա նավակով շրջել:
– Ոչ այնքան. – Ես ուզում էի վերադառնալ անկողին գիրք կարդալու:
– Խնդրում եմ. – Գատը համարյա երբեք ոչինչ չէր խնդրում:
– Գնա մենակ:
– Ես չեմ կարող ինքս վերցնել նավակը, – ասաց նա, – ես անհարմար եմ զգում:
– Իհարկե դու կարող ես վերցնել:
– Բայց ոչ առանց ձեզ:
Նա ծիծաղելի էր:
– Ու՞ր ես ուզում գնալ. – հարցրի ես:
– Ուղղակի հեռու կղզուց: Երբեմն ես չեմ դիմանում այստեղ:
Ես չէի կարողանում պատկերացնել՝ նա ի՞նչին չի դիմանում, բայց համաձայնվեցի: Մենք հագանք լողալու կոստյում, վրայից վերարկու և նավակով ուղևորվեցինք դեպի ծովը: Որոշ ժամանակ անց Գատը անջատեց շարժիչը: Մենք սկսեցինք ուտել գետնանուշ, շնչել աղի օդը: Արևի լույսը փայլում էր ջրի վրա:
– Արի լողանք. – ասացի ես:
Գատը թռավ և ես նրա ետևից, բայց ջուրը շատ ավելի սառն էր քան ափի մոտ, ու մեր շունչը սկսեց կտրվել: Արևը կորավ ամպերի ետևում: Մենք թեթև խուճապից սկսեցինք ծիծաղել ու բղավել, որ ավելի հիմար բան չէինք կարող մտածել, քան մտնել ջուրը: Ինչի՞ մասին էինք մենք մտածում: Ափից հեռու շնաձկներ են լինում, ու այդ մասին գիտեին բոլորը:
Մենակ մի՛ խոսա շնաձկների մասին, Աստված իմ: Մենք սկսեցինք հետ լողալ, միմյանց հրելով, մրցելով թե ով առաջինը կհասնի նավակին:
Վերջին րոպեին նա ետ թեքվեց ու թողեց, որ ես առաջ անցնեմ.
– Ոչ նրա համար, որ դու աղջիկ ես, այլ ուղղակի, որովհետև ես լավ մարդ եմ:
– Շնորհակալություն. – ես ցույց տվեցի նրան լեզուս:
– Բայց, եթե շնաձկները ինձ ուտեն, խոստացիր, որ կգրես ճառ այն մասին, թե ինչ հիանալին էի ես:
– Խոստանում եմ, – ասացի ես, – «Գատվիք Մեթյու Պաթիլից ստացվեց հիանալի կերակուր»:
Այնքան ցուրտ էր, որ մեզ դա շատ ծիծաղելի էր թվում: Մենք չունեինք սրբիչ: Մենք կպանք իրար բրդից ադեալի տակ, որ գտանք նստարանների տակից, մեր մերկ ուսերը իրար կպցնելով ու խաչելով սառած ոտքերը:
– Սա միայն նրա համար, որ չսառենք, հիպոթերմիա չունենանք, – ասաց Գատը, – Թե չէ չկարծես, թե ես մտածում եմ դու սիրունիկն ես կամ չգիտեմ ինչ:
– Այդպես չես մտածում, գիտեմ:
– Դու ձգում ես ադեալը:
– Կներես:
Դադար:
Գատը ասաց.
– Իրականում դու ինձ դուր ես գալիս, Կադի: Ես չէի ուզում քեզ վիրավորել: Ու ընդհանրապես, դու ե՞րբ հասցրիր այսքան գեղեցիկ դառնալ: Դա շեղում է:
– Ես այնպիսին եմ, ինչպիսին միշտ էի:
– Դու փոխվել ես այս մի տարում: Դա ինձ իմ դերից հանում է:
– Դու ինչ-որ դե՞ր ես խաղում:
Նա հանդիսավոր գլխով արեց:
– Ավելի հիմար բան չէի լսել: Ու ո՞րն է քո դերը:
– Ես հանգիստ եմ ու անվրդով: Ոչինչ չի թափանցի իմ զրահը: Դու չե՞ս նկատել:
Դա ինձ ծիծաղեցրեց.
– Ոչ:
– Գրողը տանի: Ես կարծում էի դա աշխատում է:
Մենք փոխեցինք թեման: Զրուցեցինք այն մասին թե վերցնե՞նք երեխաներին Էդգարթաուն կինո դիտելու ուշ երեկոյան: Շնաձկների մասին, թե նրանք իրո՞ք ուտում են մարդկանց: «Բույսեր զոմբիների դեմ» ֆիլմի մասին:
Որից հետո վերադարձանք կղզի:
Շուտով Գատը սկսեց ինձ տրամադրել գրքեր և հաճախ ուշ երեկոյան գալիս էր ինձ մոտ, երբ ես լինում էի փոքր ափին: Կամ, երբ պառկած էի լինում Ուինդեմիրում գազոնի վրա ոսկեգույնների հետ:
Մենք զբոսնում էինք կղզով տարածվող ճանապարհով՝ Գատը առջևում, ես նրանից ետ: Մենք խոսում էինք գրքերից, կամ երևակայական աշխարհներ ստեղծելու մասին: Երբեմն այնքան էինք քայլում, մինչև չէինք հասկանում, որ հոգնած ենք կամ քաղցած:
Ճանապարհի եզրով աճել էին վայրի վարդեր՝ մուգ վարդագույն: Դրանք ունեին թույլ, քաղցր հոտ:
Մի օր ես նայեցի Գատին՝ Քլերմոնտում պառկած ցանցաճոճին, գիրք կարդալիս ու զգացի.. դե.. ասես նա իմն է: Ասես նա ինձ համար էր ստեղծված:
Ես լուռ տեղավորվեցի նրա կողքին: Վերցրի նրա ձեռքից գրիչը՝ նա միշտ գրիչով էր կարդում, ու գրեցի «Գատ» նրա ձախ ձեռքին և «Կադենս» աջին:
Նա վերցրեց ինձնից գրիչը: Գրեց «Գատ» իմ ձախ ձեռքին ու «Կադենս» աջին:
Ես չեմ ասում, թե դա ճակատագիր էր: Ես չեմ հավատում ճակատագրին կամ հարազատ հոգուն կամ գերբնականին: Ես ուղղակի ուզում եմ ասել, որ մենք հասկանում էինք իրար: Ամեն ինչում:
Բայց մենք ընդամենը տասնչորս տարեկան էինք: Ես դեռ երբեք չէի համբուրվել տղայի հետ, չնայած ուղղեցի այդ բացթողումը հաջորդ ուսումնական տարում, ու մենք չգիտես թե ինչու մեր զգացմունքները սեր չէինք անվանում:
6
Տասնհինգերորդ ամռանը ես կղզի եկա մեկ շաբաթ ուշ քան մնացածը: Հայրս լքել էր մեզ, ու ես ու մայրս զբաղված էինք նոր կահավորանքով, դեկորատորի հետ խորհրդակցությամբ և նման այլ բաներով:
Ջոննին ու Միրրենը դիմավորեցին մեզ նավամատույցին՝ կարմրած այտերով ու ամառն անցկացնելու շատ պլաներով: Նրանք կազմակերպել էին թենիսի ընտանեկան առաջնություն ու հավաքել էին պաղպաղակ պատրաստելու բազմաթիվ եղանակներ: Պիտի նավակով շրջեինք, խարույկներ վառեինք:
Փոքրերն ինչպես միշտ վազվզում ու ճչում էին: Մորաքույրները սառը ժպտում էին: Ու երբ վերջացավ մեր ժամանման հետ կապված խառնաշփոթը, բոլորը գնացին Քլերմոնտ կոկտեյլ խմելու:
Իսկ ես գնացի Րեդ Գեյթ Գատին փնտրելու: Րեդ Գեյթը շատ ավելի փոքր տուն էր քան Քլերմոնտը, բայց ինչևիցե այն ուներ չորս ննջասենյակ: Այստեղ ապրում էին Ջոննին, Գատը և Ուիլլը մորաքույր Քերրիի հետ, և Էդի հետ, երբ նա նույնպես հանգստանում էր մեզ հետ, ինչը հազվադեպ էր լինում:
Ես մոտեցա խոհանոցի դռանը ու նայեցի ցանցի արանքից: Սկզբում նա ինձ չնկատեց: Նա կանգնած էր սեղանի մոտ, ինչ-որ ճմրթված, մոխրագույն շապիկով ու ջինսով: Նրա ուսերը ավելի լայն էին քան ես հիշում էի:
Նա քանդում էր լվացարանի վերևում պատուհանից կախված չորացած ծաղիկը: Դա վայրի վարդ էր, մուգ վարդագույն ու ուղղակի պոկած: Նման այն տեսակի որոնք աճում էին Բիչվուդի ճանապարհներին:
Գատը, իմ Գատը: Նա վարդ էր պոկել ինձ համար մեր սիրած ճանապարհից: Կախել էր այն չորանալու ու սպասում էր մինչ ես կգամ կղզի, ու նա այն կտա ինձ:
Ես համբուրվել էի արդեն երեք տղաների հետ, որոնց նկատմամբ անտարբեր էի:
Ես կորցրել էի հորս:
Ես վերադարձել էի այս կղզի արցունքներով ու ստով լի տնից:
Ու տեսնում եմ Գատին:
Ու տեսնում եմ այդ ծաղիկը նրա ձեռքում:
Ու այդ պահին, երբ լույսը պատուհանից ընկած էր նրա վրա, երբ խնձորները դրված էին խոհանոցի սեղանին, երբ օդում զգացվում էր փայտի ու ծովի հոտը,
ես հասկացա, որ սիրահարվել եմ:
Այո, սեր էր, ու այդ միտքը ինձ այնպես հարվածեց, որ ես հենվեցի դռան ցանցին, որ կանգնած էր մեր միջև, որպեսզի չընկնեմ: Ես ցանկացա դիպչել նրան, ասես նա փոքրիկ նապաստակ էր, փոքրիկ կատու՝ փափուկ ու հեքիաթային, ում չես ուզում բաց թողնել: Տիեզերքը դարձավ ավելի լավը, քանի որ Գատը նրանում էր: Ես սիրեցի նրա ջինսի ճղվածությունը, նրա բոբիկ ոտքերի կեղտոտությունը, նրա արմունկների չորությունը, նրա հոնքի վրայով զգվող սպին: Գատը, իմ Գատը:
Մինչ ես կանգնած նայում էի, նա վարդը դրեց ծրարի մեջ: Հետո սկսեց գրիչ փնտրել, դարակները արագ բացել-փակելով ու վերջապես գտնելով այն գրպանում, սկսեց ինչ-որ բան գրել ծրարին:
Ես հասկացա, որ Գատը հասցե էր գրում, միայն այն ժամանակ, երբ նա դարակից հանեց նամականիշները:
Նա կպցրեց նամականիշը: Գրեց հետադարձ հասցեն:
Այն ինձ համար չէր:
Ես հեռացա Րեդ Գեյթից քանի դեռ Գատը ինձ չէր տեսել: Քայլում ու Նայում էի մթնող երկնքին: Մենակ:
Ճանապարհին պոկեցի ինձ հանդիպած բոլոր վարդերը ու նետեցի ալեկոծ ծովը մեկը մյուսի ետևից:
7
Այդ երեկո Ջոննին ինձ պատմեց Գատի Նյու-Յորքի ընկերուհու մասին: Նրա անունը Ռաքել էր: Ջոննին նույնիսկ չէր տեսել նրան: Նա էլ էր ապրում Նյու-Յորքում, բայց քաղաքի կենրոնում Քերրիի ու Էդի հետ, մինչդեռ Գատը ապրում էր ծայրամասում, մոր հետ: Նրա ասելով Ռաքելը զբաղվում էր ժամանակակից պարերով ու միշտ կրում էր սև հագուստ:
Միրրենի եղբայրը՝ Թաֆտը, ինձ պատմեց, որ Ռաքելը Գատին ուղարկել է տանը պատրաստած քաղցրավենիքով տուփ: Իսկ Լիբերտին ու Բոննին ասացին, որ Գատը նրա նկարները պահում է հեռախոսի մեջ:
Գատը չէր խոսում նրա մասին, բայց խուսափում էր աչքերիս մեջ նայել:
Այդ առաջին գիշերը ես լաց եղա, կծեցի մատներս, խմեցի գինի, որը գաղտնի վերցրել էի Քլերմոնտի մառանից: Ես զայրացած պտտվում էի երկնքով՝ վիճելով ու հրելով աստղերը իրենց տեղերից, զգալով գլխապտույտ ու սրտխառնոց:
Ես բռունցքով հարվածեցի լոգարանի պատին՝ մաքրելով ամոթն ու զայրույթը սառը, սառը ջրով: Հետո արդեն անկողնում դողում էի, ինչպես լքված շուն, թվում էր թե հիմա մաշկս ոսկրերիցս կպոկվի:
Հաջորդ առավոտյան ու դրան հաջորդող օրերին, ես ինձ պահում էի սովորական: Բարձր էի պահում քառակուսաձև ծնոտս:
Մենք լողում էինք, խարույկներ էինք վառում: Ես հաղթեցի թենիսի առաջնությունը:
Պատրաստեցինք բաքերով պաղպաղակ: Պառկում էինք արևի տակ փոքր ափին:
Մի գիշեր մենք չորսով որոշեցինք պիկնիկ կազմակերպել այնտեղ: Շոգեխաշված ծովային խեցիներ, կարտոֆիլ ու քաղցր եգիպտացորեն: Ամբողջ կերակուրը պատրաստել էին աղախինները: Ես նրանց անունները չգիտեի:
Ջոննին ու Միրրենը բերեցին ուտելիքները միանգամից մետաղե տարաներով: Մենք կերանք կրակի շուրջ նստած, յուղը կաթացնելով ավազին: Հետո Գատը մեզ համար պատրաստեց դեսերտ զեֆիրից ու կրեկեռներից: Ես նայում էի նրա խարույկից լուսավորվող ձեռքերին, որոնք հարմարացնում էին զեֆիրը երկար փայտի վրա: Հիմա իր ձեռքերին որտեղ առաջ գրված էին մեր անունները, նա գրում էր այն գրքերի անունները որոնք մտադիր էր կարդալ:
Այդ գիշեր նրա ձախ ձեռքին գրված էր «Գոյը և», Աջին՝ «Չգոյը»:
Ես նույնպես շարունակում էի գրել ձեռքերիս: Ցիտատները, որոնք ինձ դուր էին գալիս: Այդ օրը ձախ ձեռքիս գրված էր «ապրիր», աջ ձեռքիս՝ «ներկայով»:
– Ուզու՞մ եք իմանալ ինչի մասին եմ ես մտածում, – հարցրեց Գատը:
– Այո, – ասացի ես:
– Ոչ, – ասաց Ջոննին:
– Ես մտածում եմ, ինչպե՞ս կարելի է ասել, որ ձեր պապիկն այս կղզու տերն է : Ոչ իրավաբանորեն, այլ ճշմարիտ:
– Խնդրում եմ, միայն թե նորից չսկսես պանդուխտների կյանքի բարդությունների մասին, – հառաչեց Ջոննին:
– Ոչ: Ես հարցնում եմ, մենք ինչպե՞ս կարող ենք ասել, որ հողը պատկանում է ինչ-որ մեկին, – Գատը ձեռքերով ցույց տվեց ափը, օվկիանոսը, երկինքը:
Միրրենը ուսերը թափ տվեց.
– Մարդիկ միշտ էլ զբաղվել են հողի առք ու վաճառքով:
– Չե՞նք կարող մենք խոսել սեքսի կամ սպանությունների մասին, – հարցրեց Ջոննին:
Գատը ուշադրություն չդարձրեց նրան.
– Իսկ միգուցե հողը ընդհանրապես չպե՞տք է պատկանի մարդկանց: Կամ միգուցե սեփականացնելու համար պետք է լինեն սահմանափակումնե՞ր. – Նա թեքվեց առաջ. – Երբ ես այս ձմեռ գնացի Հնդկաստան կամավորական ծրագրով, մենք այնտեղ զուգարաններ կառուցեցինք: Որովհետև մարդիկ այնտեղ, կոնկրետ այդ գյուղում, չունեին զուգարաններ:
– Մենք բոլորս էլ գիտենք, որ դու գնացել ես Հնդկաստան, – ասաց Ջոննին, – դու դա մեզ ասել ես մոտ քառասունյոթ անգամ:
Սա այն էր, ինչ ես սիրում էի Գատի մեջ. նա այնքան էնտուզիաստ էր, այնքան անկեղծ հետաքրքրված աշխարհով, որ չէր կարողանում պատկերացնել՝ ինչպե՞ս կարող են նրա դատողությունները մարդկանց ձանձրացնել: Նույնիսկ, երբ դա ասում էին նրա ճակատին: Բայց նա մեկ է չի կարողանում հեշտությամբ նահանջել: Նա ուզում է, որ մենք մտածենք այդ մասին, նույնիսկ, եթե ցանկություն չունենք:
Գատը փայտով շարժեց խարույկը.
– Ես ուղղակի ասում եմ, որ մենք պետք է մտածենք այս մասին: Յուրաքանչյուրը չի, որ ունի սեփական կղզիներ: Որոշ մարդիկ այստեղ աշխատում են: Ոմանք աշխատում են գործարաններում: Ոմանք ընդհանրապես աշխատանք չունեն: Ոմանք էլ չունեն ուտելու բան:
– Հերի՛ք է խոսաս, հիմա՛, – ասաց Միրրենը:
– Հերի՛ք է խոսաս, ընդհանրապես, – ավելացրեց Ջոննին:
– Մենք այստեղ՝ Բիչվուդում, սխալ պատկերացումներ ունենք մարդկության մասին, – ասաց Գատը, – ես չեմ կարծում, որ դուք դա հասկանում եք:
– Ձայնդ կտրիր, – ասացի ես – ես քեզ կտամ ավելի շատ շոկոլադ, եթե դու ձայնդ կտրես:
Եվ Գատը լռեց, ծամածռելով դեմքը: Հանկարծ նա կանգնեց , գետնից վերցրեց քար ու ամբողջ ուժով նետեց ծովի կողմը: Հանեց սվիտերը, մի կողմ նետեց կոշիկներ: Հետո մտավ ծով ջինսե տաբատով
Զայրացած:
Ես հետևում էի նրա մկանների խաղին լուսնի լույսի տակ, ու ահա նա սուզվեց: Նա սուզվեց, իսկ ես մտածեցի. եթե ես հիմա չգնամ նրա ետևից, դա կանի այն Ռաքել անունով աղջիկը: Եթե հիմա չգնամ նրա ետևից, նա կհեռանա ընդմիշտ: Ստախոսներից, Կղզուց, մեր ընտանիքից, ինձնից:
Ես հանեցի սվիտերս ու հետևեցի Գատին, դեպի ծով, հենց զգեստով: Թռա ջուրը ու լողացի այն կողմ, որտեղ Գատը մեջքով պառկած էր ջրի վրա: Նրա թաց մազեր բացել էին դեմքը, ցույց տալով հոնքի վրայի բարակ սպին:
Ես ձգվեցի դեպի նրա ձեռքը.
– Գատ:
Նա վախեցավ և ուղղվեց: Ջուրը հասնում էր նրա մեջքին:
– Կներես, – շշնջացի ես:
– Ես երբեք քեզ չեմ ասել, որ ձայնդ կտրես, Կադի, – ասաց նա, – ես երբեք քեզ հետ այդպես չեմ խոսացել:
– Գիտեմ:
Նա ձայն չէր հանում:
– Խնդրում եմ, մի լռիր, – ասացի ես:
Ես զգացի, թե նրա աչքերը ինչպես շրջեցին իմ մարմնի, թրջված զգեստի վրայով:
– Ես չափազանց շատ եմ խոսում, – ասաց նա, – ես քաղաքականացնում եմ ամեն ինչ:
– Ինձ դուր է գալիս, երբ դու խոսում ես, – ասացի ես, քանի որ դա ճիշտ էր: Երբ ես չէի խորանում նրա բառերի մեջ, այն ինձ դուր էր գալիս:
– Ուղղակի այս ամենը ինձ դարձնում է ավելի..., – նա դադար տվեց, – աշխարհում ամեն ինչ խառնվել է իրար, ահա թե ինչ:
– Հա:
– Գուցե ես պիտի... – Գատը վերցրեց ձեռքերս, շրջեց ափերս դեպի ներքև, որպեսզի կարդա վերևում գրված բառերը, – ...պիտի ապրեմ ներկայո՞վ, ու դադարեմ հավերժ ագիտացիան:
Իմ ձեռքը նրա թաց, սառը ձեռքի մեջ էր:
Ես դողում էի: Մենք առաջ շատ էինք ձեռք ձեռքի բռնում, բայց նա չէր կպել ինձ այս ամբողջ ամռանը:
– Դա լավ է, որ դու այդպես ես նայում աշխարհին, – ասացի ես նրան:
Գատը թողեց ձեռքերս ու նորից պառկեց ջրին.
– Ջոննին ուզում է, որ ես ընդհանրապես չխոսեմ: Ես ձանձրացնում եմ քեզ ու Միրրենին:
Ես նայեցի նրան: Նա Գատը չէր: Իմ Գատը մտածմունք էր ու էնտուզիազմ: Ամբիցիա և թունդ սուրճ: Այս ամենը պիտի երևային նրա շագանակագույն աչքերում, նրա հարթ մաշկին ու քիչ ավելի դուրս ցցված ստորին շրթունքին: Նա պիտի ներսից եռար էներգիայով:
– Ես քեզ մի գաղտնիք կասեմ, – շշնջացի ես:
– Ի՞նչ:
Ես նորից ձգվեցի ու կպա նրա ձեռքին: Նա չշարժվեց:
– Երբ մենք քեզ ասում ենք «ձայնդ կտրիր, Գատ», դա ամենևին էլ այն չի ինչ մենք նկատի ունենք:
– Ո՞չ:
– Մենք նկատի ունենք, որ քեզ սիրում ենք: Դու մեզ հիշեցնում ես, որ մենք էգոիստ խոզեր ենք: Բայց դու մեզ նման չես:
Գատը աչքերը փակեց: Ժպտաց.
– Դու այդպե՞ս ես կարծում, Կադի:
– Այո, – ասացի ես: Ես մատներով շոյում էի նրա ձեռքերը:
– Հավատս չի գալիս, որ դուք ջրի մեջ եք, – բղավեց Ջոննին, որ ծալել էր տաբատը ու կանգնել էր ջրի մեջ, – սա Արկտիկան է: Ես չեմ զգում մատներս:
– Երբ մի քիչ մեջն ես մնում, հաճելի է դառնում, – պատասխանեց Գատը:
– Հաստա՞տ:
– Մի եղիր թուլամորթ, – գոռաց Գատը, – տղամարդ եղիր ու մտիր գրողի տարած ջուրը:
Ջոննին ծիծաղեց ու մտավ ջուրը: Միրրենն էլ նրա ետևից:
Ու այդ պահը.. այն կատարյալ էր:
Մեր վրայով տարածվող գիշերը: Օվկիանոսի խշշոցը: Թռչունների ձայնները:
8
Այդ գիշեր չէի կարողանում քնել:
Կեսգիշերից հետո նա ձայն տվեց ինձ:
Ես նայեցի պատուհանից: Գատը պառկել էր Ուինդեմիր տանող փայտե ճանապարհին: Ոսկեգույն ռետրիվերները պառկել էին նրա կողքին, բոլոր հինգը. Բոշը, Գրենդելը, Փոպպին, Պրինց Ֆիլլիպը ու Ֆաթիման: Նրանք պոչերով կամաց հարվածում էին գետնին:
Լուսնի լույսից նրանք կապույտ երանգ էին ստացել:
– Իջիր ներքև, – կանչեց Գատը:
Ես իջա:
Մայրիկի սենյակի լույսը անջատած էր: Ամբողջ կղզին մթության մեջ էր: Մենք երկուսով մենակ էինք, չհաշված շներին:
– Ինձ տեղ տուր, – ասացի ես: Ճանապարհը լայն չէր, մեր ձեռքերը կպան իրար՝ իմը մերկ, նրանը՝ կանաչ, որսորդական բաճկոնում:
Մենք նայում էինք երկնքին: Այնքան շատ աստղեր, կարծես գալակտիկան ինչ-որ բան էր տոնում, նշում, արգելված խնջույք էր կազմակերպում քանի դեռ մարդիկ իրենց անկողիններում քնած էին:
Ես ուրախ էի, որ Գատը չէր խոսում համաստեղությունների մասին կամ հիմարություններ ասում երազանք պահելու մասին: Բայց ես նաև չգիտեի ինչ անել նրա լռության հետ:
– Կարո՞ղ եմ ձեռքդ բռնել, – հարցրեց նա:
Ես դրեցի ձեռքս նրա ձեռքի մեջ:
– Տիեզերքը այնքան հսկայական է երևում հիմա, – ասաց նա, – ինձ պետք է մեկը, ով կողքիս կլինի:
– Ես այստեղ եմ:
Նա մատով շոյում էր իմ ափը: Ամբողջ իմ նյարդերը կենտրոնացան այնտեղ, որսալով նրա յուրաքանչյուր շարժում, նրա մաշկը իմ մաշկի վրա:
– Վստահ չեմ, որ ես լավ մարդ եմ, – ասաց նա որոշ ժամանակ անց:
– Ես նույնպես վստահ չեմ, որ լավ մարդ եմ, – ասացի ես, – բայց ես աշխատում եմ ինձ վրա:
– Հա, – Գատը մի պահ լռեց, – Դու հավատու՞մ ես Աստծուն:
– Մասամբ, – ես փորձեցի այդ մասին ավելի լուրջ մտածել: Գիտեի Գատին չի բավարարի թեթևամիտ պատասխանը, – երբ վատ բան է պատահում, ես աղոթում եմ կամ պատկերացնում, որ ինչ-որ մեկը վերևից նայում է ինձ ու լսում: Օրինակ այն մի քանի օրը հորս հեռանալուց հետո ես մտածում էի Աստծու մասին: Հանգստության համար: Բայց հետո թողեցի, որ ամեն ինչ իր հունով գնա: Թերևս դրա մեջ չկար ոչ մի հոգևոր բան:
– Ես արդեն չեմ հավատում, – ասաց Գատը, – այն ուղևորությունը Հնդկաստան, մարդկանց աղքատությունը: Չեմ կարողանում պատկերացնել, Աստված ինչպե՞ս կարող էր դա թույլ տալ: Հետո, երբ ես վերադարձա տուն, սկսեցի նկատել դա Նյու-Յորքի փողոցներում: Մարդիկ հիվանդ են ու քաղցած աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում: Ես ուղղակի.. ես չեմ կարողանում մտածել, որ ինչ-որ մեկը վերևից հետևում է այդ մարդկանց: Ինչն էլ նշանակում է, որ ինձ նույնպես ոչ ոք վերևից չի հետևում:
– Դա քեզ չի դարձնում վատ մարդ:
– Մայրս հավատում է Աստծուն: Նա մեծացել է բուդիստների ընտանիքում, բայց հաճախում է Մեթոդիստական եկեղեցի հիմա: Նա այնքան էլ գոհ չի ինձնից, – Գատը հազվադեպ էր խոսում մոր մասին:
– Դու չես կարող հավատալ, ուղղակի որովհետև նա է այդպես ասում, – ասացի ես:
– Ոչ: Հարցը նրանում է՝ ինչպե՞ս լավ մարդ լինեմ, եթե արդեն չեմ հավատում:
Մենք զննում էինք երկինքը: Շները վերադարձան Ուինդեմիր իրենց դռնով:
– Դու մրսում ես, – ասաց Գատը, – արի քեզ տամ բաճկոնս:
Ես չէի մրսում, բայց նստեցի: Նա նույնպես նստեց: Հանեց կանաչ բաճկոնը: Փոխանցեց ինձ:
Այն տաքացել էր նրա մարմնից: Չափազանց լայն իմ ուսերի համար: Նրա ձեռքերը մերկ էին հիմա:
Ես ուզում էի համբուրել նրան, այնտեղ, երբ իմ հագին էր նրա որսորդական բաճկոնը: Բայց չհամարձակվեցի:
Միգուցե նա սիրում էր Ռաքելին: Այն լուսանկարները նրա հեռախոսի մեջ: Չորացած վարդը ծրարի մեջ:
9
Հաջորդ առավոտ նախաճաշի ժամանակ մայրիկը խնդրեց, որ նայեմ Ուինդեմիրի վերնահարկում հայրիկի իրերը և ինձ վերցնեմ այն ինչ ինձ պետք կգա: Մնացածից նա մտադիր էր ազատվել:
Ուինդեմիրը կառույց էր եռանկյունաձև տանիքով, անմիջամես որի տակ գտնվում էին հինգ ննջասենյակներից երկուսը: Սա կղզում միակ տունն էր, որի վերնահարկը ամբողջովին լցված էր: Տունն ուներ մեծ պատշգամբ և ժամանակակից ոճով խոհանոց՝ մարմարե սեղանածածկերով, որոնք անտեղին էին թվում: Սենյակները հասարակ էին, ու ամենուր պտտվում էին մեր շները:
Ես ու Գատը բարձրացանք վերնահարկ, մեր հետ վերցնելով ապակե շշերով սառը թեյ ու տեղավորվեցինք հատակին: Սենյակից փայտի հոտ էր գալիս: Պատուհանից սենյակում քառակուսաձև լույս էր ընկել:
Մենք առաջ էլ էինք եղել վերնահարկում:
Ու մեկ է առաջ երբեք չէինք եղել վերնահարկում:
Գրքերը հայրիկի արձակուրդային գրքերն էին: Ամբողջը սպորտային հուշագրություններ, հետաքրքրաշարժ առեղծվածներ և ռոք աստղերի կենսագրություններ, գրված հին մարդկանց կողմից, որոնց մասին ես չէի լսել: Գատին չէր հետաքրքրում անունները: Նա դասավորեց գրքերը ըստ գույների: Կարմիր շարք, կապույտ, շագանակագույն, սպիտակ, դեղին:
– Չե՞ս ուզում կարդալ որևէ մեկը, – հարցրի ես:
– Միգուցե:
– Ի՞նչ կասես բեյսբոլի մասին՝ «առաջին բազա և դիրքից դուրս»:
Գատը ծիծաղեց: Գլուխը ճոճեց: Ուղղեց իր դասավորած կապույտ շարքը:
– «Ուրախացիր իմ մութ անկյան հե՞տ»: «Պարասրահի հերոսը՞»:
Նա կրկին ծիծաղեց: Հետո լրջացավ.
– Կադե՞նս:
– Ի՞նչ:
– Ձայնդ կտրիր:
Ես ինձ թույլ տվեցի երկար նայել նրան: Նրա դեմքի ամեն գիծ ինձ ծանոթ էր, բայց էլի, ես նրան առաջ երբեք չէի տեսել:
Գատը ժպտաց: Փայլեց: Կարմրեց: Նա կանգնեց ծնկների վրա, ընթացքում քանդելով դասավորած գրքերը: Ձգեց ձեռքը ու շոյեց մազերս:
– Ես սիրում եմ քեզ, Կադի: Ես դա նկատի ունեմ:
Ես կռացա ու համբուրեցի նրան:
Նա դիպչեց դեմքիս: Նրա ձեռքը անցավ պարանոցիս վրայով, հասավ անրակիս: Վերնահարկի պատուհանի լույսը անցնում էր մեր վրայով: Մեր համբույրը նուրբ էր և էլեկտրական, անփորձ և վստահ, սարսափազդու և միանշանակ ճիշտ:
Ես զգացի ինչպես սերը ինձնից մեծ հոսքով անցավ Գատի մեջ ու Գատից իմ մեջ:
Մենք տաք էինք, բայց դողում էինք, երիտասարդ էինք ու հին ու կենդանի:
Ես մտածում էի, որ դա ճիշտ է: Մենք արդեն սիրում էինք իրար:
Արդեն սիրում էինք:
10
Պապիկը ներս մտավ: Գատը արագ վեր թռավ՝ ցրելով դասավորած գրքերը հատակով մեկ:
– Ես խանգարեցի, – ասաց պապիկը:
– Ոչ, պարոն:
– Այո, անկասկած, ես խանգարեցի:
– Կներես, որ այստեղ փոշոտ է, – ասացի ես: Անհարմար իրավիճակ:
– Փեննին կարծում է, այստեղ կարդալու մի բան կլինի, որ ինձ կհետաքրքրի, – պապիկը հին հյուսից աթոռը դրեց սենյակի մեջտեղում, նստեց և կռացավ դեպի գրքերը:
Գատը մնաց կանգնած: Նա ստիպված ծռել էր գլուխը թեք առաստաղի տակ: