Текст книги "Մենք ստախոսներ էինք"
Автор книги: Էմիլի Լոքհարթ
сообщить о нарушении
Текущая страница: 4 (всего у книги 7 страниц)
Ես ինձ թեթև եմ զգում, որ մենք չենք խոսում ոչ մի կարևոր բանից:
– Կոշիկներ հագիր:
– Ես ծովափին կոշիկ չեմ հագնում, – նա շարժում է ոտքերը, դուրս հանում սրբիչի տակից: Դրանք նորմալ տեսք ունեն, – ես պետք է ձևացնեմ, թե ամեն ինչ լավ է, մինչև կգնտեմ այդ տրոլին: Հետո ես կսպանեմ նրան ու ետ կվերցնեմ իմ ոտքերը: Դու զենքեր ունե՞ս:
– Ոչ:
– Դե-ե-ե:
– Ը-ը-ը: Ուինդեմիրում կրակախառնիչ կա:
– Հիանալի է: Հենց մենք տեսնենք այդ տրոլին, կսպանենք նրան քո կրակախառնիչով:
– Եթե պնդում ես:
Ես պառկում եմ ադեալին ու ձեռքով պակում եմ աչքերս: Մի պահ լուռ ենք լինում:
– Տրոլները գիշերային են. – ավելացնում եմ ես:
– Կադի՞. – շշնջում է Գատը:
Ես շրջում եմ դեմքս, նայում նրա աչքերին:
– Հա՞:
– Ես մտածում էի, թե քեզ էլ երբեք չեմ տեսնի:
– Ի՞նչ. – նա այնքան մոտ էր, մենք կարող էինք համբուրվել:
– Ես մտածում էի, թե քեզ էլ երբեք չեմ տեսնի: Ամբողջ կատարվածից հետո, ու երբ դու անցած ամառ չեկար կղզի:
«Ինչու՞ դու ինձ չէիր գրում, – ուզում եմ հարցնել ես, – Ինչու՞ չէիր զանգում, ամբողջ այս ընթացքում»:
Նա դիպչում է դեմքիս:
– Ես այնքան ուրախ եմ, որ դու այստեղ ես, – ասում է նա, – ես այնքան ուրախ եմ, որ շանս ունեմ:
Ես չգիտեմ՝ ինչ կա մեր միջև: Ես իրոք չգիտեմ: Նա այնքան տխմար է:
– Ինձ տուր ձեռքդ, – ասում է Գատը:
Ես վստահ չեմ, որ ուզում եմ:
Բայց միևնույն ժամանակ իհարկե ուզում եմ:
Նրա ձեռքը տաք է ու ավազոտ: Մենք միահյուսում ենք մեր մատները ու փակում մեր աչքերը արևից:
Մենք ուղղակի պառկել ենք այդտեղ: Ձեռք ձեռքի բռնած: Նա իր մատով շոյում է ձեռքս, ինչպես անում էր երկու ամառ առաջ աստղերի տակ:
Եվ ես հալվում եմ:
27
Ուինդեմիրի իմ սենյակը կաթնագույն փայտե պանելներով է: Մահճակալի վրա կա կանաչ լաթակտոր վերմակ: Հատակին այն բարակ գորգերից է, որ լինում են քաղաքի հյուրանոցներում:
«Դու այստեղ էիր երկու տարի առաջ, – ասում եմ ինձ, – այս սենյակում, ամեն գիշեր: Այս սենյակում, ամեն առավոտ»:
«Երևի, դու կարդում էիր, այփադով խաղեր էիր խաղում, ընտրում էիր հագուստ: Ի՞նչ ես դու հիշում»:
Ոչինչ:
Սենյակիս պատերին կան ճաշակով գծանկարներ, կան նաև իմ որոշ աշխատանքներ. ջրաներկով նկարած թխկին, որ առաջ երևում էր հեռվում՝ Քլերմոնտի բակում, և երկու նկար գունավոր մատիտներով, մեկը Թիփփեր տատիկն ու ռետրիվերները՝ Պրինց Ֆիլիպն ու Ֆաթիման, մյուսը՝ հայրիկս: Ես բերում եմ սպիտակեղենի հյուսից արկղը լոգարանից, հանում եմ բոլոր նկարները և լցնում եմ արկղի մեջ:
Գրապահարանում շարված են փափուկ կազմով գրքեր, երիտասարդական գրքեր և ֆենթեզիներ, որոնք կարդացել եմ մի քանի տարի առաջ: Մանկական գրքեր, ես դրանք կարդացել եմ արդեն հարյուր անգամ: Ես հանում եմ դրանք և դնում եմ միջանցքում:
– Դու բաժանում ես գրքե՞րդ: Դու սիրում ես գրքեր. – ասում է մայրիկը: Նա դուրս է գալիս իր սենյակից նոր հագուստով՝ ընթրիքի համար: Շրթներկով:
– Մենք կարող ենք դրանք տալ Վինեարդի ինչ-որ գրադարանի, – ասում եմ ես, – կամ «Գուդվիլլ»:
Մայրիկը կռանում է ու հերթով նայում է փափուկ կազմով գրքերը:
– Մենք «Կախարդական կյանքը» միասին կարդում էինք, հիշու՞մ ես:
Գլխով եմ անում:
– Այս մեկը նույնպես: «Քրիստոֆեր Չանտի կյանքերը»: Այդ ժամանակ դու ութ տարեկան էիր: Դու ուզում էիր կարդալ ամեն ինչ, բայց դեռ լավ կարդալ չգիտեիր, և ես էի կարդում, քո ու Գատի համար ժամեր շարունակ:
– Իսկ Ջոննին ու Միրրենը՞:
– Նրանք չէին կարողանում այդքան նստած մնալ, – ասում է մայրիկը, – Դու չե՞ս ցանկանում դրանք պահել:
Նա ձգվում է ու ձեռքը դնում այտիս: Ես ետ եմ քաշվում:
– Ես ուզում եմ, դրանց համար ավելի լավ տուն գտնել. – ասում եմ նրան:
– Ես հույս ունեի դու քեզ ուրիշ ձև կպահես, երբ մենք վերադառնանք կղզի, այդքան բան:
– Դու ազատվեցիր հայրիկի բոլոր իրերից: Դու գնեցիր նոր բազմոց, նոր սպասք, նոր զարդարանքներ:
– Կադի:
– Մեր ամբողջ տանը չկա ոչինչ, որ կասի, թե նա երբևէ ապրել է մեզ հետ, բացի ինձնից: Ինչու՞ դու իրավունք ունես ջնջել իմ հորը, իսկ ես իրավունք չունեմ…
– Ջնջել ինքդ քե՞զ. – ասում է մայրիկը:
– Ուրիշ մարդիկ կարող են օգտագործել դրանք, – ես բարձրացնում եմ ձայնս՝ ցույց տալով գրքերը, – մարդիկ, ովքեր իրոք ունեն դրանց կարիքը: Չե՞ս կարծում, որ աշխարհում կարելի է որևէ լավ բան անել:
Այդ պահին Փոպպին, Բոշը ու Գրենդելը վազում են աստիճաններով վերև, դեպի միջանցք, որտեղ մենք ենք կանգնած, հոտոտում են մեր ձեռքերը, շարժում են փափուկ պոչերը՝ հարվածելով մեր ծնկներին:
Մայրիկն ու ես լուռ ենք:
Վերջապես նա ասում է.
– Ոչինչ, որ դու թափառել ես փոքր ափով, կամ ինչ էլ որ արել ես կեսօրից հետո: Ոչինչ, բաժանիր գրքերդ, եթե իրոք դա քեզ համար այդքան կարևոր է: Բայց ես սպասում եմ քեզ Քլերմոնտում ընթրիքի ժամանակ՝ մեկ ժամից, ժպիտը դեմքիդ հանուն պապիկի: Ոչ մի պատճառաբանություն: Ոչ մի արդարացում: Դու հասկացա՞ր ինձ:
Գլխով եմ անում:
28
Անցած ամառներից մնացել էր բլոկնոտ, երբ ես ու Գատը տարված էինք միլիմետրովկաներով: Մենք նկարում ու նկարում էինք՝ ներկելով մանր վանդակները գունավոր մատիտներով ու ստանալով պիկսելային դիմանկարներ:
Ես գտնում եմ գրիչ և գրում եմ բոլոր իմ հիշողությունները տասնհիգերորդ ամռանից:
« Դեսերտը խարույկի մոտ , լողը : Վերնահարկը , մեզ ընդհատելը :
Միրրենի ձեռքը , նրա եղունգների ոսկեգույն լաքը , ձեռքում նավակների բենզինով կանիստրը :
Մայրիկը , նրա անհանգիստ դեմքը , հարցնում է . « սև մարգարիտո՞վ »:
Ջոննիի ոտքերը , նա վազում է Քլերմոնտից աստիճաններով ներքև՝ դեպի նավակների պահոց :
Պապիկը , հենված ծառին , նրա դեմքը լուսավորվում է խարույկի լույսից :
Եվ մենք բոլորս՝ Ստախոսներս , ծիծաղում ենք այնքան ուժեղ , որ գլուխներս պտտվում է ու զգում ենք սրտխառնոց »:
Ես սարքեցի առանձին էջ՝ դժբախտ պատահարին վերաբերվող: Ինչ ասաց ինձ մայրիկը և ինչ ենթադրություններ ես արեցի: Ես հավանաբար գնացել էի լողալու փոքր ափ միայնակ: Հարվածեցի գլուխս քարին: Հավանաբար ինքս փորձել եմ հասնել ափ: Մորաքույր Բեսսը ու մայրիկը ինձ թեյ են տալիս: Ինձ մոտ ախտորոշվում է հիպոթերմիա, շնչառական խնդիրներ և գլխուղեղի տրավմա, որ երբեք չի երևացել ռենտգենյան նկարներում:
Ես կպցնում եմ էջը պատին՝ մահճակալիս վերևում: Ավելացնում եմ հարցերով ստիքերներ:
«Ինչու՞ էի մտել ջուրը միայնակ ու գիշերը:
Որտե՞ղ էին իմ շորերը :
Ես ուղեղի տրավմա ստացել եմ լողալի՞ս , թե՞ ինչ - որ ուրիշ բան է տեղի ունեցել : Կարո՞ղ է ինչ - որ մեկը դրանից առաջ ինձ հարվածած լինի : Ես ինչ - որ հանցանքի զո՞հ եմ :
Եվ ի՞նչ էր տեղի ունեցել իմ ու Գատի միջև : Մենք վիճե՞լ էինք : Ես ինձ սխա՞լ եմ պահել նրա նկատմամբ :
Նա դադարե՞լ է ինձ սիրել ու վերադարձել է Ռաքելի մո՞տ »:
Որոշում եմ, որ մոտակա չորս շաբաթների ընթացքում ինչ որ իմանամ, դա կհայտնվի Ուինդեմիրի իմ մահճակալի վերևում: Ես կքնեմ այդ գրառումների տակ և կուսումնասիրեմ դրանք ամեն առավոտ:
Միգուցե ընդհանուր պատկերը հայտնվի պիկսելներով:
Վհուկը կանգնել է իմ ետևում և որոշ ժամանակ սպասում է իմ թուլության պահին: Նա ձեռքում պահում է սագի փղոսկրից արձան՝ բարդ փորագրություններով: Ես պտտվում եմ և մի պահ հիանում եմ դրանով, մինչ նա չի սկսում թափահարել այն սարսափելի ուժով: Այն հարվածում է, մի մեծ անցք բացում ճակատիս: Ես կարողանում եմ զգալ՝ ինչպես են ոսկրերս փխլվում: Վհուկը կրկին թափահարում է արձանը ու հարվածում աջ ականջիցս վերև, կոտրելով գանգս: Նա հասցնում է հարվածը հարվածի ետևից, մինչև ոսկրերիս մանր փշուրները կեղտոտում են անկողինս և խառնվում նրա մի ժամանակ գեղեցիկ եղած սագի արձանի կտորների հետ:
Ես գտնում եմ իմ հաբերը և անջատում լույսը:
– Կադե՞նս, – կանչում է մայրիկը միջանցքից, – ընթրիքը Նոր Քլերմոնտում:
Ես չեմ կարող գնալ:
Ես չեմ կարող: Չեմ գնա:
Մայրիկը խոստանում է, որ սուրճը կօգնի ինձ առույգ մնալ, մինչև դեղերը կսկսեն ազդել: Նա ասում է, թե ինչքան երկար ժամանակ է ինչ մորաքույրերը չեն տեսել ինձ, և որ երեխաները նույնպես իմ հարազատներն են, վերջ ի վերջո: Ես ունեմ ընտանեկան պարտականություններ:
Ես միայն կարող եմ զգալ իմ գանգի կոտրվածքը, և թե ինչպես է ցավը դուրս թափվում գլխիցս: Յուրաքանչյուր ուրիշ բան խամրած է նրա ֆոնին:
Ի վերջո մայրիկը գնում է առանց ինձ:
29
Ուշ գիշերը է, տունը ճռճռում է, այն, ինչից Թաֆտը վախեցած էր Քադդլդաունում: Այստեղի բոլոր տներն էլ աղմկում են: Դրանք հին են, և կղզի են հասնում ծովային քամիները:
Ես փորձում եմ նորից քնել:
Չի ստացվում:
Իջնում եմ աստիճաններով, դուրս եմ գալիս պատշգամբ: Հիմա գլուխս չի ցավում:
Մորաքույր Քերրին է դրսում, ինձ մեջքով, հագին՝ գիշերանոց և մեծ կոշիկներ: Նա շատ նիհար է երևում իր կրծքավանդակի մերկ ոսկրերով և արտահայտիչ այտոսկրերով:
Նա շրջաններ է անում փայտե ճանապարհի վրա, որ տանում է դեպի Րեդ Գեյթ:
Ես նստում և նայում եմ նրան՝ շնչելով գիշերային օդը և լսելով ծովի ալիքներին: Մի քանի րոպե հետո նա քայլում է Քադդլդաունից եկող ճանապարհի վրայով, ու նորից:
– Կադի, – ասում է նա՝ կանգ առնելով և ձեռքերը կրծքին խաչելով, – հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում:
– Կներես, ես բաց թողեցի ընթրիքը, – ասում եմ ես, – գլուխս էր ցավում:
– Այնտեղ ընթրիք կլինի ամեն երեկո, ամբողջ ամռանը:
– Չե՞ս կարողանում քնել:
– Օհ, դու գիտես, – Քերրին քորում է պարանոցը, – ես չեմ կարողանում քնել առանց Էդի: Հիմարություն, այնպես չէ՞:
– Ոչ:
– Ես սկսում եմ զբոսնել: Դա լավ մարզանք է: Դու տեսե՞լ ես Ջոննիին:
– Գիշերվա կեսի՞ն: Ոչ:
– Նա արթնանում է, երբ ես արթուն եմ, երբեմն: Դու տեսնու՞մ ես նրան:
– Դու կարող ես տեսնել նրա լույսը միացած է թե ոչ:
– Ուիլլը ահավոր մղձավանջներ է ունենում, – ասում է Քերրին, – նա ճչոցով արթնանում է ու հետո ես այլևս չեմ կարողանում քնել:
Ես դողում եմ իմ հաստ սվիտերում:
– Ուզու՞մ ես լապտեր, – հարցնում եմ ես, – կա մեկը ներսում, դռան մոտ:
– Օհ, ոչ: Ինձ դուր է գալիս մթությունը:
Նա նորից դանդաղ քայլում է բլրով վերև:
30
Մայրիկը Նոր Քլերմոնտի խոհանոցում է պապիկի հետ: Ես տեսնում եմ նրանց սահող դռների ապակուց:
– Դու վաղ արթնացար, – ասում է մայրիկը, երբ ես ներս եմ մտնում, – քեզ ավելի լա՞վ ես զգում:
Պապիկը հագել է վանդականախշ խալաթ: Մայրիկը փոքր վարդագույն օմարներով զարդարված սարաֆանով է: Նա էսպրեսսո է պատրաստում:
– Բլիթներ ուզու՞մ ես: Խոհարարը նաև բեկոն է պատրաստել: Դրանք երկուսն էլ տաքացվող դարակում են:
Նա քայլում է խոհանոցով և շներին ներս է թողնում տուն: Բոշը, Գրենդելը և Փոպպին թափահարում են իրենց պոչերը ու դուրս հանում լեզուները: Մայրիկը կռանում է և մաքրում է նրանց թաթերը թաց կտորով, հետո մտացիր սրբում է հատակը, որտեղ նրանց թաթերի հետքերն էին: Նրանք նստած դիրք են ընդունում՝ ծիծաղելի ու հաճելի:
– Որտե՞ղ է Ֆաթիման, – հարցնում եմ ես, – որտե՞ղ է Պրինց Ֆիլիպը:
– Սատկել են. – ասում է մայրիկը:
– Ի՞նչ:
– Մի կոպտիր նրան, – ասում է պապիկը: Նա շրջվում է իմ կողմ, – նրանք արդեն երկար ժամանակ է մահացել են:
– Երկու՞սն էլ:
Պապիկը գլխով է անում:
– Ցավում եմ, – ես նստում եմ նրա կողքին, սեղանի առաջ, – նրանք տանջվե՞լ են:
– Ոչ երկար:
Մայրիկը բերում է ազնվամորիով բլիթներով ափսեն և մի կտոր բեկոն, դնում սեղանին: Ես բլիթ եմ վերցնում ու վրան քսում կարագ և մեղր:
– Նա առաջ փոքրիկ խարտյաշ աղջնակ էր: Ամբողջովին Սինքլեր. – դժգոհում է պապիկը մայրիկին:
– Մենք զրուցել ենք իմ մազերի մասին, երբ դու մեզ հյուր էիր եկել, – հիշեցնում եմ ես, – ես չեմ ակնկալում, որ դրանք քեզ դուր կգան: Պապիկներին երբեք դուր չեն գալիս ներկած մազերը:
– Դու նրա ծնողն ես: Դու պիտի այնպես անես, որ Միրրենը փոխի մազերը, դառնա այնպիսին ինչպիսին առաջ էր, – ասում է պապիկը մայրիկիս, – ի՞նչ է եղել այն փոքրիկ խարտյաշ աղջնակներին, որ առաջ վազվզում էին այստեղով:
Մայրիկը հոգոց է հանում:
– Մենք մեծացել ենք, հայրիկ, – ասում է նա, – մենք մեծացել ենք:
31
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. մանկական նկարներ, գծանկարներ:
Ես վերցնում եմ արկղը ու քայլում Քադդլդաուն: Միրրենը դիմավորում է ինձ պատշգամբում՝ շուրջս թռչկոտելով:
– Այնքան հիանալի է, որ կղզում ենք, – ասում է նա, – հավատս չի գալիս, որ ես նորից այստեղ եմ:
– Դու այստեղ էիր անցած ամառ:
– Դա նույնը չէր: Չկար մեր սովորական ամառային իդիլիան: Նրանք զբաղված էին Նոր Քլերմոնտը կառուցելու աշխատանքներով: Բոլորը դժբախտ տեսք ունեին, և ես շարունակում էի քեզ սպասել, բայց դու այդպես էլ չեկար:
– Ես ասել էի քեզ, որ գնում եմ Եվրոպա:
– Օհ, գիտեմ:
– Ես քեզ շատ անգամ եմ գրել. – ասում եմ ես: Ստացվում է մեղադրական:
– Ատում եմ հաղորդագրությունները, – ասում է Միրրենը, – ես դրանք բոլորը կարդացել եմ, բայց դու չես կարող զայրանալ ինձ վրա, որ չեմ պատասխանել: Դա ասես տնային առաջադրանք լինի՝ գրել ու նայել հիմար հեռախոսին կամ համակարգչին:
– Դու ստացե՞լ ես տիկնիկը, որ ես քեզ էի ուղարկել:
Միրրենը գրկում է ինձ:
– Ես քեզ շատ էի կարոտել: Դու չես կարող պատկերացնել ինչքան:
– Ես քեզ այն Բարբին էի ուղարկել: Այն երկար մազերովը, որի համար մենք այդքան շատ էինք վիճում:
– Արքայադուստր Բաթերսքո՞չը: //( Butterscotch – իրիս )
– Հա:
– Ես խենթանում էի արքայադուստր Բաթերսքոչի համար:
– Դու մի անգամ նրանով ինձ հարվածեցիր:
– Դու արժանի էիր, – Միրրենը ուրախ թռվռում է, – նա Ուինդեմիրու՞մ է:
– Ի՞նչ: Ոչ: Ես նրան քեզ փոստով էի ուղարկել, – ասում եմ ես, – ձմռանը:
Միրրենը նայում է ինձ, կիտում է հոնքերը:
– Ես չեմ ստացել այն, Կադենս:
– Ինչ-որ մեկը ստորագրել և վերցրել է այն: Ի՞նչ է մայրդ արել, խցկել է այն պահարանում՝ առանց արկղը բացելու՞:
Ես կատակում եմ, բայց Միրրենը գլխով է անում:
– Միգուցե: Նա խստապահանջ է: Ինչպես օրինակ երբ նա անընդհատ լվանում է ձեռքերը: Ստիպում է դա անել նաև Թաֆտին ու երկվորյակներին: Սրբում է ամեն ինչ, ասես այնտեղ դրախտում կա հատուկ տեղ, այն մարդկանց համար ում խոհանոցների հատակները մաքուր են: Բացի այդ նա չափազանց շատ է խմում:
– Մայրիկը նույնպես:
Միրրենը գլխով է անում:
– Ես չեմ կարողանում ուղղակի կանգնել ու նայել:
– Ես ինչ-որ բա՞ն եմ բաց թողել երեկվա ընթրիքից:
– Ես չեմ գնացել, – Միրրենը գլուխը թեքում է դեպի փայտե ճանապարհը, որը տանում է Քադդլդաունով փոքր ափ: Ես հետևում եմ նրան, – ես քեզ ասացի, որ այս ամառ չեմ գնալու այնտեղ: Դու՞ ինչու չես գնացել:
– Ես հիվանդ էի:
– Մենք բոլորս գիտենք քո միգրենների մասին, – ասում է Միրրենը, – մորաքույրերն էին պատմում:
Ես դողում եմ:
– Ինձ պետք չէ խղճալ, լա՞վ: Երբեք: Դրանից սիրտս խառնում է:
– Երեկ գիշերը դու չէի՞ր ընդունել դեղերդ:
– Դրանք ինձ անջատեցին:
Մենք քայլում ենք փոքր ափ: Երկուսս բոբիկ քայլում ենք խոնավ ավազի վրայով: Միրրենը դիպչում է արդեն վաղուց սատկած կռաբի պատյանին:
Ես ուզում եմ ասել նրան, որ հիշողությանս հետ խնդիրներ ունեմ, որ ստացել եմ ուղեղի տրավմա: Ուզում եմ հարցնել նրան ամեն ինչի մասին, ինչ տեղի է ունեցել տասնհինգերորդ ամռանը, ստիպել նրան, որ պատմի ինձ այն ամենը, ինչի մասին մայրիկը չի խոսում կամ չգիտի: Բայց Միրրենը այնքան ուրախ է: Ես չեմ ուզում, որ նա սկսի ինձ ավելի շատ խղճալ, քան հիմա է:
Բացի այդ, ես դեռ զայրանում եմ նամակների համար, որ նա չի պատասխանել և այդ հիմար Բարբին կորցնելու համար, չնայած գիտեմ, դա նրա մեղքով չի:
– Ջոննին ու Գատը Րեդ Գեյթու՞մ են քնել, թե՞ Քադդլդաունում. – հարցնում եմ ես:
– Քադդլդաունում: Աստված իմ, նրանք այնքան փնթի են: Թվում է թե ապրում ես գոբլինների հետ:
– Ուրեմն ստիպիր նրանց վերադառնալ Րեդ Գեյթ:
– Ոչ մի դեպքում, – ծիծաղում է Միրրենը, – իսկ դու ոչ մի Ուինդեմիր լա՞վ: Դու կտեղափոխվե՞ս մեզ մոտ:
Ես թափահարում եմ գլուխս:
– Մայրիկը ասաց ոչ: Ես հարցրի նրան այս առավոտ:
– Դե ոչ, նա պիտի քեզ թույլ տա:
– Նա ամեն ինչ իմ փոխարեն է որոշում, ինչ հիվանդացել եմ:
– Բայց դա եղել է համարյա երկու տարի առաջ:
– Հա: Նա նայում է, թե ես ինչպես եմ քնում: Գումարած դրան, նա ինձ լեկցիա է կարդում պապիկի ու փոքրերի հետ մտերմանալու համար: Ես պետք է կապնվեմ ընտանիքի հետ: Պահեմ ժպիտս:
– Դա հիմարություն է, – Միրրենը ցույց է տալիս բռի մեջի մանուշակագույն քարերը, որ հավաքել է, – ահա:
– Ոչ, շնորհակալություն. – ես ոչինչ չեմ ուզում, ինչ չեմ օգտագործելու:
– Խնդրում եմ, վերցրու դրանք, – ասում է Միրրենը, – ես հիշում եմ, որ դու առաջ միշտ փնտրում էիր մանուշակագույն քարեր, երբ մենք փոքր էինք:
Նա մոտեցնում է ձեռքը ինձ:
– Ես ուզում եմ, որ դու ինձ ներես արքայադուստր Բաթերսքոչի համար, – նրա աչքերը արցունքոտվում են, – ու նամակների համար, – ավելացնում է նա, – ես ցանկանում եմ քեզ ինչ-որ բան նվիրել, Կադի:
– Լավ, ուրեմն. – ասում եմ ես: Ես պարզում եմ ձեռքերս և թողնում եմ, որ Միրրենը քարերը լցնի ափերիս մեջ: Ես դրանք լցնում եմ բլուզիս առջևի գրպաններում:
– Ես քեզ սիրում եմ, – գոռում է նա: Հետո շրջվում է և գոռում է դեպի ծովը, – ես սիրում եմ իմ քույր Կադենս Սինքլեր Իսթմանին:
– Շատ չե՞ս չափազանցնում. – Ջոննին է՝ աստիճաններով իջնելով, բոբիկ ոտքերով, հագին հին, վանդականախշ գիշերանոց: Նա դրել է մեծ շրջանակներով ակնոց, քթին քսել է արևապաշտպան քսուկ:
Միրրենը հիասթափված դեմք է ընդունում, բայց միայն մի պահ:
– Ես իմ զգացմունքներն եմ արտահայտում, Ջոննի: Դա նշանակում է լինել կենդանի, շնչող մարդկային էակ: Ծանո՞թ ես այդպիսի բանի:
– Լավ, կենդանի, շնչող մարդկային էակ, – ասում է նա, թեթև հարվածելով Միրրենի ուսին, – բայց կարիք չկա դա անել այդքան բարձրաձայն, երբ առավոտ է: Մենք առջևում ունենք մի ամբողջ ամառ:
Միրրենը կախում է ստորին շրթունքը:
– Կադին այստեղ է ընդամենը չորս շաբաթով:
– Ես չեմ կարող ինձ վատ պահել քեզ հետ այսքան վաղ, – ասում է Ջոննին, – ես իմ ցուցադրական թեյը դեռ չեմ խմել:
Նա կռանում է և նայում է սպիտակեղենի արկղին՝ դրված ոտքերիս մոտ:
– Ի՞նչ կա այստեղ:
– Գծանկարներ: Ու մի քանի իմ հին աշխատանքներից:
– Ու ի՞նչ. – Ջոննին նստում է քարին, և ես նստում եմ նրա կողքին:
– Ես բաժանում եմ իմ իրերը, – ասում եմ ես, – սեպտեմբերից սկսած: Հիշու՞մ ես, ես քեզ գծավոր շարֆ ուղարկեցի:
– Օհ, այո:
Ես պատմում եմ բաժանած իրերիս մասին, որ նվիրել եմ մարդկանց, ովքեր կարող են օգտագործել դրանք: Ես խոսում եմ բարեգործության մասին ու մայրիկի մատերիալիզմի մասին:
Ես ուզում եմ, որ Ջոննին ու Միրրենը ինձ հասկանան: Ես խղճուկ մեկը չեմ, ով ունի անկայուն տրամադրություն ու տարօրինակ ցավի սինդրոմներ: Ես եմ պատասխանատու իմ կյանքի համար: Ես ապրում եմ իմ սկզբունքներով: Ես ինքս եմ որոշում ինչ-որ բան զոհաբերել:
– Դու չե՞ս ցանկանում, չգիտեմ, ունենալ ինչ-որ բան քոնը. – հարցնում է Ջոննին ինձ:
– Օրինա՞կ:
– Օ, ես տարբեր իրեր եմ ցանկանում ունենալ միշտ, – ասում է Ջոննին, ձեռքերը լայն բացելով, – մեքենա, վիդեո խաղեր, թանկարժեք բրդյա վերարկու: Ինձ դուր են գալիս ժամացույցները, այդ օլդ-սքուլ ասվածը: Ես ուզում եմ իրական արվեստ իմ պատերին, հայտնի նկարիչների գեղանկարներ, որոնք ես չէի կարողանա ունենալ միլիոն տարում: Ֆանտաստիկ քաղցրավենիք, որ տեսնում եմ միայն փուռերի պատուհաններից: Սվիտերներ, շարֆեր՝ բրդյա կտորից ու գծավոր, մեծ մասամբ:
– Կամ դու կարող էիր ցանկանալ գեղեցիկ նկարները, որ նկարել էիր երբ դեռ երեխա էիր, – ասում է Միրրենը, ծնկի է իջնում արկղի մոտ, – նման սենտիմենտալ բաներ:
Նա հանում է տատիկի ու ռետրիվերների նկարը:
– Տես, այս մեկը Ֆաթիման է, իսկ սա Պրինց Ֆիլիպը:
– Դու տարբերու՞մ ես:
– Իհարկե: Ֆաթիման ուներ կլորավուն քիթ ու լայն դեմք:
– Աստված իմ, Միրրեն: Դու այնքան նրբանկատ ես. – ասում է Ջոննին:
32
Գատը կանչում է անունս, երբ ես բարձրանում եմ Նոր Քլերմոնտ: Ես շրջվում եմ, և նա վազում է ինձ մոտ, հագին գիշերանոցի տաբատ, առանց վերնաշապիկի:
Գատը, իմ Գատը:
Նա կլինի՞ իմ Գատը:
Նա կանգնում է իմ առաջ՝ ծանր շնչելով: Նրա մազերը խառնված են քնից հետո: Որովայնի մկանները ձգվում են, և նա թվում է ավելի մերկ, քան եթե կրեր լողազգեստ:
– Ջոննին ասաց, որ դու իջել էիր փոքր ափ, – խորը շնչելով ասում է նա, – ես սկզբում քեզ այնտեղ փնտրեցի:
– Դու ինչ է, նո՞ր ես արթնացել:
Նա տրորում է ծոծրակը: Նայում է ներքև իր հագածին:
– Նման մի բան: Ես ուզում էի քեզ բռնացնել:
– Ինչի՞ համար:
– Արի քայլենք մեր հին ճանապարհով:
Մենք գնում ենք այնտեղ, քայլում ենք ինչպես երեխա ժամանակ՝ Գատը առջևից իսկ ես ետևում: Հասնում ենք ցածր ժայռին, հետո թեքվում աշխատողների տան մոտով, որտեղից երևում են Վինեարդ տանող նավամատույցը և նավակների պահոցը:
Գատը պտտվում է այնքան հանկարծակի, որ ես քիչ է մնում բախվեմ նրան, և մինչ ես ետ կքայլեմ, նա գրկում է ինձ: Նա սեղմում է ինձ կրծքին, երեսը թաքցնում պարանոցիս: Ես գրկում եմ նրան՝ ձեռքերս նրա մեջքին: Նա տաք է:
– Երեկ ես քեզ չգրկեցի, – շշնջում է Գատը, – բոլորը քեզ գրկեցին, բայց ես ոչ:
Նրան դիպչելը ծանոթ է, բայց նաև անծանոթ:
Մենք առաջ եղել էինք այստեղ:
Բայց նաև մենք երբեք այստեղ չէինք եղել:
Մի պահ,
կամ մի րոպե,
հնարավոր է մի ժամ
ես ինձ ուղղակի երջանիկ եմ զգում, այստեղ Գատին գրկած: Ալիքների ձայնը և նրա շնչառությունը ականջիս մոտ: Ուրախանում եմ, որ նա ցանկանում է լինել կողքիս:
– Դու հիշու՞մ ես, երբ մենք միասին այստեղ եկանք, – հարցնում է նա պարանոցիս մոտ, – այն ժամանակ, երբ քայլում էինք ցածր ժայռով:
Ես ետ եմ քայլում: Որովհետև չեմ հիշում:
Ես ատում եմ իմ գրողի տարած չաշխատող հիշողությունը, թե ամբողջ ժամանակ որքան հիվանդ եմ ես, որքան վնասված եմ դարձել: Ես ատում եմ, որ կորցրել եմ իմ տեսքը, որ թողել եմ դպրոցը, որ թողել եմ սպորտը և, որ այդքան կոպիտ եմ մորս հետ: Ես ատում եմ, որ երկու տարի է անցել, բայց ես դեռ ուզում եմ Գատին:
Գուցե Գատը ցանկանում է լինել ինձ հետ: Գուցե: Բայց ամենայն հավանականությամբ նա ուղղակի ուզում էր տեսնել ինձ, որ ես նրան հավատացնեմ, որ նա ոչ մի վատ բան չարեց, երբ լքեց ինձ երկու տարի առաջ: Նա ցանկանում էր, որ ես նրան ասեմ, որ բարկացած չեմ նրա վրա: Որ նա հիանալի տղա է:
Բայց ինչպե՞ս կարող եմ նրան ներել, երբ նույնիսկ հաստատ չգիտեմ ինչ է նա արել ինձ հետ:
– Ոչ, – պատասխանում եմ ես, – երևի թռել է գլխիցս:
– Մենք եկանք… ես ու դու… մենք… դա նշանակալից պահ էր:
– Ինչևէ, – ասում եմ ես, – ես դա չեմ հիշում: Ու երևի այդքան էլ կարևոր բան չի եղել, որ չեմ հիշում, այնպես չէ՞:
Նա նայում է իր ձեռքերին:
– Լավ: Կներես: Հիմա սա ասելու ոչ օպտիմալ պահ էր: Դու զայրանու՞մ ես:
– Իհարկե ես զայրանում եմ, – ասում եմ ես, – երկու տարի կորում ես: Չես զանգում, չես պատասխանում հաղորդագրությունների՝ դարձնելով ամեն ինչ ավելի անհասկանալի: Հիմա դու լրիվ «օհ… ես մտածում էի քեզ էլ երբեք չեմ տեսնի», բռնում ես ձեռքս և «բոլորը քեզ գրկեցին, բայց ոչ ես» և կիսամերկ քայլում ես դրսում: Սա ընդհանրապես «օպտիմալ չէ», Գատ: Եթե դու այդ ձևակերպումն ես ուզում օգտագործել:
Նա կախում է գլուխը:
– Դա ահավոր է հնչում, երբ դու այդ տեսանկյունից ես նայում:
– Հա, դե ես եղածը հենց այդպիսին եմ տեսնում:
Նա ձեռքով խառնում է մազերը:
– Ես ամեն ինչ փչացնում եմ, – ասում է նա, – ի՞նչ կասեիր, եթե ես առաջարկեի, որ ամեն ինչ սկսենք նորից:
– Աստված իմ, Գատ:
– Ի՞նչ:
– Ուղղակի առաջարկիր: Մի՛ հարցրու՝ ես ինչ կասեի, երբ դու առաջարկեիր:
– Լավ, ես առաջարկում եմ: Կարո՞ղ ենք ամեն ինչ սկսել սկզբից: Խնդրում եմ, Կադի՞: Արի սկսենք ճաշից հետո: Դա հիանալի կլինի: Ես հետաքրքիր նկատողություններ կանեմ, ու դու կծիծաղես: Մենք կգնանք տրոլների որսի: Մենք ուրախ կլինենք միմյանց տեսնելու համար: Դու կմտածես, որ ես ընտիր տղա եմ, խոստանում եմ:
– Դա լուրջ խոստում է:
– Լավ, գուցե ոչ ընտիր, բայց գոնե ոչ օպտիմալ չեմ լինի:
– Ինչու՞ ես ասում «օպտիմալ»: Ինչու՞ չես ասում, թե դու իրականում ինչպիսին ես: Անմի՞տ, անհասկանալի՞, ստո՞ր:
– Աստված իմ, – Գատը հուզմունքից տեղում թռվռում է, – Կա՛դենս: Ես իրոք նորից սկսելու կարիք ունեմ: Սա ոչ օպտիմալից դառնում է արդեն գրողի տարած չգիտեմ ինչ:
Նա ցատկում է և ոտքերը հարվածում է ինչպես փոքր զայրացած տղա:
Դրանից ես ժպտում եմ:
– Լավ, – ասում եմ նրան, – սկսենք նորից: Ճաշից հետո:
– Հիանալի է, – ասում է նա և դադարում է ցատկել, – ճաշից հետո:
Մենք մի պահ իրար ենք նայում:
– Ես հիմա պատրաստվում եմ հեռու վազել, – ասում է Գատը, – ոչ մի անձնական բան:
– Լավ:
– Սկզբից սկսելը ավելի լավ կլինի, եթե ես հիմա վազեմ: Որովհետև անհարմար բան կլինի, եթե ես ուղղակի շրջվեմ ու քայլեմ:
– Ասացի լավ:
– Լավ ուրեմն:
Ու նա վազում է:
33
Մեկ ժամ հետո ես գնում եմ Նոր Քլերմոնտ ճաշի: Գիտեմ, մայրիկը չի համակերպվի իմ բացակայության հետ, նրանից հետո երբ ես բաց թողեցի ընթրիքը անցած երեկո: Պապիկը ինձ տունն է ցույց տալիս, մինչ խոհարարը բաժանում է ուտեստները, իսկ մորաքույրերը տեղավորում են փոքրերին:
Տարածքը հարթ է: Փայլուն, փայտե հատակ, հսկա պատուհաններ՝ ցածր, հատակին մոտ: Առաջ Քլերմոնտի սենյակները դեկորատիվ էին՝ հատակից առաստաղ զարդարված սև-սպիտակ ընտանեկան լուսանկարներով, շների նկարներով, գրադարակներով և պապիկի «New Yorker» կոմիկսների հավաքածույով: Նոր Քլերմոնտի սենյակների մի կողմի պատերը ապակուց են, մնացածը՝ դատարկ:
Պապիկը բացում է վերևի չորս ննջասենյակների դռները: Բոլորը կահավորված են միայն պահճակալներով և ցածր, լայն զարդասեղաններով: Պատուհանները ունեն սպիտակ ժալյուզներ, որոնք որոշակի լույս են ներս թողնում: Անկողինների ծածկոցներին չկան ոչ մի նախշեր, դրանք պարզ են, ճաշակով, կապույտ կամ շագանակագույն երանգներով:
Փոքրերի սենյակում գոնե մի քիչ կյանք կա: Թաֆտը հատակին ունի Բակուգանի հատված, ֆուտբոլի գնդակ, գրքեր կախարդների ու որբերի մասին: Լիբերտին ու Բոննին բերել են ամսագրեր և MP3 փլեյեր: Այստեղ են նաև Բոննիի գրքերը՝ ուրվականների որսորդների, մեդիումների և վտանգավոր հրեշտակների մասին: Նրանց զարդասեղանը խառնաշփոթի մեջ է դիմահարդարման պարագաներով ու օծանելիքներով: Թենիսի ռակետները դրված են անկյունում:
Պապիկի սենյակը ամենամեծն է և ունի ամենագեղեցիկ տեսարանը: Նա ինձ ներս է տանում ու ցույց է տալիս լոգասենյակը, որն ունի պատերին բռնակներ: Բռնակներ տարիքով մարդկանց համար, որ նրանք չընկնեն:
– Որտե՞ղ են քո կոմիկսները. – հարցնում եմ ես:
– Դեկորատորն է ամեն ինչ որոշել:
– Իսկ բարձերը՞:
– Ինչը՞:
– Դու բարձեր ունեիր: Շների նկարներով:
Նա թափահարում է գլուխը:
– Իսկ պահե՞լ ես այն ձկանը:
– Ի՞նչ, թրաձուկը ու այն մնացածը՞, – մենք աստիճաններով իջնում ենք առաջին հարկ: Պապիկը դանդաղ է շարժվում, և ես հետևում եմ նրան, – ես այս տան հետ նոր սկիզբ եմ դնում, – ասում է նա անտարբեր, – այն հին կյանքը մնաց ետևում:
Նա բացում է իր աշխատասենյակի դուռը: Սա նույնպես ամբողջ տան նման սառն է: Լափթոփը դրված է մեծ գրասեղանի կենտրոնում: Մեծ պատուհանները նայում են ճապոնական ոճով այգին: Աթոռ: Դարակներով պատ՝ ամբողջովին դատարկ:
Ամենը մաքուր է ու պարզ, բայց ոչ հասարակ, քանի որ ամեն ինչ թանկարժեք է:
Պապիկը ավելի շատ նման է մայրիկին, քան ինձ: Նա մաքրել է իր հին կյանքը՝ ծախսելով գումար, ինչ-որ բանի փոխարինման վրա:
– Որտե՞ղ է այն երիտասարդը. – հարցնում է պապիկը անսպասելի: Նա դատարկ հայացք է ընդունում:
– Ջոննի՞ն:
Նա թափահարում է գլուխը.
– Ոչ, ոչ:
– Գատը՞:
– Այո, երիտասարդը. – նա բռնվում է սեղանից, ասես հիմա կուշաթափվի:
– Պապիկ, դու լա՞վ ես:
– Օհ, ամեն ինչ կարգին է:
– Գատը Քադդլդաունում է, Միրրենի ու Ջոննիի հետ. – ասում եմ նրան:
– Մի գիրք կար, նրան էի խոստացել:
– Քո գրքերի մեծ մասը այստեղ չէ:
– Հերի՛ք է ինձ ասես ինչը այստեղ չէ. – հանկարծակի գոռում է պապիկը:
– Դու լա՞վ ես. – մորաքույր Քերրին է՝ աշխատասենյակի դռան մոտ:
– Ես լավ եմ. – ասում է պապիկը:
Քերրին նայում է ինձ և բռնում է պապիկի ձեռքից.
– Արի: Ճաշը պատրաստ է:
– Դու կարողացա՞ր քնել, – հարցնում եմ մորաքրոջս, երբ մենք քայլում ենք խոհանոց, – անցած գիշեր Ջոննին արթու՞ն էր:
– Չգիտեմ ինչի մասին ես խոսում, – ասում է նա:
34
Պապիկի խոհարարն էր գնումները արել և կերակուրները պատրաստել, բայց ճաշացանկը որոշել էին մորաքույրերը: Այսօր մենք ճաշասենյակում ունենք տապակած հավ սառը վիճակում, լոլիկով, ռեհանով աղցան, կամամբեր պանիր, բագետ հաց և ելակով լիմոնադ: Լիբերտին ամսագրից հմայիչ տղաների նկարներ է ինձ ցույց տալիս: Հետո մեկ այլ ամսագրից ցույց է տալիս հագուստների նկարներ: Բոննին գիրք է կարդում «Կոլեկտիվ տեսիլքներ. փաստեր և միֆեր» անունով: Թաֆտը և Ուիլլը ուզում են, որ նրանց տանեմ մոտորանավակով շրջելու՝ նրանք բռնվեն ետևում կապված ջրային օղակներից իսկ ես վարեմ:
Մայրիկը ասում է, որ ես չեմ կարող նավակ վարել, երբ դեղեր եմ ընդունել:
Մորաքույր Քերրին ասում է, որ դա կարևոր էլ չէ, քանի որ Ուիլլը այսպես թե այնպես չի գնալու:
Մորաքույր Բեսսը ասում է, որ համաձայն է նրանց հետ, այդպիսով Թաֆտը կարող է անգամ չհարցնել:
Լիբերտին ու Բոննին հարցնում են՝ իսկ նրանք կարո՞ղ են գնալ:
– Դու Միրրենին միշտ թույլ ես տվել, որ գնա, – ասում է Լիբերտին, – դու գիտես, որ ես ճիշտ եմ:
Ուիլլը թափում է իր լիմոնադը հացի վրա:
Պապիկի ծնկները թրջվում են:
Թաֆտը վերցնում է թրջված հացը և դրանով հարվածում է Ուիլլին:
Մայրիկը մաքրում է թափվածը, մինչ Բեսսը վազում է աստիճաններով, որ պապիկին մաքուր տաբատ բերի: Քերրին զայրանում է տղաների վրա:
Երբ ուտելը ավարտում ենք, Թաֆտը և Ուիլլը վազում են հյուրասենյակ, որ չօգնեն հավաքելու հարցում: Նրանք խելագարների նման ցատկոտում են պապիկի նոր կաշվե բազմոցների վրա: Ես գնում եմ այնտեղ:
Ուիլլը կարճահասակ է ու կարմրաթուշ, ինչպես Ջոննին: Մազերը համարյա սպիտակ: Թաֆտը ավելի բարձրահասակ է ու շատ նիհար, խարտյաշ ու պեպենոտ, երկար, մուգ թարթիչներով և բրեկետներով:
– Ե՞վ: Դուք երկուսդ, – ասում եմ ես, – ինչպե՞ս էր անցած ամառը:
– Դու գիտե՞ս ինչպես ստանալ մոխիրից վիշապ «DragonVale»-ում. – հարցնում է Ուիլլը:
– Ես գիտեմ ինչպես ստանալ կրակից վիշապ. – ասում է Թաֆտը:
– Դու կարող ես օգտագործել կրակից վիշապը ու ստանալ մոխիրից վիշապ. – ասում է Ուիլլը:
Ֆու: Տասը տարեկան:
– Դե՞: Անցած ամառը, – ասում եմ ես, – պատմեք ինձ: Դուք թենիս խաղացե՞լ եք:
– Իհարկե. – ասում է Ուիլլը:
– Գնացե՞լ եք լողալու:
– Հա. – ասում է Թաֆտը:
– Գնացե՞լ եք նավակով շրջելու Գատի ու Ջոննիի հետ:
Նրանք երկուսով դադարում է ցատկելը:
– Ոչ:
– Գատը իմ մասին ինչ-որ բան ասե՞լ է:
– Ես չեմ կարող խոսել քեզ հետ ջրում պատահածի ու մնացածի մասին, – ասում է Ուիլլը, – ես խոստացել եմ մորաքույր Փեննիին:
– Ինչու՞ ոչ:
– Դա քո գլխացավերը ավելի կվատացնի, մենք պետք է այդ թեման հանգիստ թողնենք:
Թաֆտը գլխով է անում.
– Նա ասաց, եթե մենք քո գլխացավերը ավելի վատացնենք, նա մեզ կկախի մեր ոտքերի եղունգների վրա ու կվերցնի մեր այփադները: Մենք պիտի լինենք բարեհամբույր և մեզ հիմարների նման չպահենք:
– Խոսքը իմ պատահարի մասին չէ, – ասում եմ ես, – խոսքը այն ամռան մասին է, երբ ես գնացել էի Եվրոպա:
– Կադի՞, – Թաֆտը դիպչում է ուսիս, – Բոննին քո սենյակում դեղեր է տեսել:
Ուիլլը ետ է գնում ու նստում է բազմոցի արմնկակալին:
– Բոննին մտել է իրերիս մե՞ջ:
– Եվ Լիբերտին:
– Աստված իմ:
– Դու ինձ ասացիր, թե թմրամոլ չես, բայց դու դեղեր ունես քո սեղանի վրա. – դժգոհում է Թաֆտը:
– Նրանց կասես, որ իմ սենյակից հեռու մնան, – ասում եմ ես:
– Եթե դու թմրամոլ ես, – ասում է Թաֆտը, – մի բան կա, որ դու պիտի իմանաս:
– Ի՞նչ:
– Թմրադեղերը քեզ ընկեր չեն, – Թաֆտը լուրջ տեսք է ընդունում, – թմրադեղերը քեզ ընկեր չեն, բացի այդ, մարդիկ են, որ պիտի լինեն ընկեր:
– Օհ Աստված իմ: Դու չէի՞ր կարող ուղղակի ինձ ասել, ի՞նչ եք արել անցած ամառ, մանրապճեղ:
Ուիլլը ասում է.
– Ես ու Թաֆտը ուզում ենք «Angry Birds» խաղալ: Մենք այլևս չենք ուզում քեզ հետ խոսել:
– Ինչ որ է, – ասում եմ ես, – գնացեք, դուք ազատ եք:
Ես քայլում եմ պատշգամբ ու նայում եմ ինչպես են տղաները վազում Րեդ Գեյթ:
35
Քադդլդաունի բոլոր պատուհանները բաց են լինում, երբ ես ճաշից ետ եմ գալիս: Գատը հին CD փլեյերով երաժշտություն է միացնում: Իմ հին, մատիտներով աշխատանքը մագնիսներով կպցրած է սառնարանին՝ հայրիկը վերևում, տատիկն ու շները ներքևում: Մի ուրիշ նկար փակցրած է պահարանին: Մեծ սենյակի մեջտեղում դրված է աստիճան ու մեծ արկղ՝ նվերների փաթեթավորման իրերով:
Միրրենը հրելով հատակի վրայով տեղաշարժում է բազկաթոռը:
– Ինձ երբեք դուր չի եկել, որ մայրիկը զբաղեցրել է այս տարածքը. – բացատրում է նա:
Ես օգնում եմ Գատին ու Ջոննիին տեղաշարժել կահույքը, մինչև Միրրենը գոհ կմնա: Մենք հանում ենք Բեսսի ջրաներկով բնանկարները և մի կողմ ենք գլորում գորգերը: Փոքրերի սենյակներից վերցնում ենք զվարճալի իրերը: Երբ ավարտում ենք, մեծ սենյակը զարդարված է լինում խոզուկի տեսքով խնայատուփերով, գույնզգույն ադեալներով, մանկական գրքերով ու բուի տեսքով լամպով: Առաստաղից կախված են փայլուն ժապավեններ:
– Բեսսը չի՞ կատաղի, երբ տեսնի քո ձևափոխությունները. – հարցնում եմ ես:
– Ես քեզ խոստանում եմ, նա ոտք չի դնի Քադդլդաուն մնացած ամռանը: Նա փորձել է դուրս գալ այստեղից այս տարիների ընթացքում:
– Ի՞նչ նկատի ունես:
– Օհ, – ասում է Միրրենը, – դե գիտես: Խոսում է ու խոսում, «նրան ամենաքիչն են սիրում», «խոհանոցը բանի պետք չէ»: «Ինչու՞ պապիկը չի վերանորոգում այն», և այդպես շարունակ:
– Նա դա ասե՞լ է պապիկին:
Ջոննին տարօրինակ նայում է ինձ.
– Դու չե՞ս հիշում:
– Նրա հիշողությունը խճճվել է, Ջո՛ննի, – գոռում է Միրրենը, – նա չի հիշում մեր տասնհինգերորդ ամռան մոտ կեսը:
– Չի՞ հիշում, – ասում է Ջոննին, – ես մտածում էի…
– Չէ, չէ, հենց հիմա ձայնդ կտրի՛ր, – բացականչում է Միրրենը, – դու չէի՞ր լսում, ինչ էի ես քեզ ասում:
– Ե՞րբ. – նա զարմանում է:
– Անցած գիշեր, – ասում է Միրրենը, – ես քեզ ասացի, թե ինչ է ասել մորաքույր Փեննին:
– Հանգստացիր. – ասում է Ջոննին՝ նետելով նրա վրա բարձը:
– Սա կարևոր է: Ինչպե՞ս կարող ես ուշադրություն չդարձնել այս հարցին. – թվում է, թե Միրրենը հիմա կլացի:
– Ես ցավում եմ, լա՞վ, – ասում է Ջոննին, – Գատ, դու գիտեի՞ր, որ Կադենսը չի հիշում տասնհինգերորդ ամռան մեծ մասը:
– Գիտեի. – ասում է նա: