355 500 произведений, 25 200 авторов.

Электронная библиотека книг » Էնիրամ » Նոր աշխարհ » Текст книги (страница 1)
Նոր աշխարհ
  • Текст добавлен: 9 ноября 2021, 20:03

Текст книги "Նոր աշխարհ"


Автор книги: Էնիրամ



сообщить о нарушении

Текущая страница: 1 (всего у книги 2 страниц)

Էնիրամ, Սիմ
Նոր աշխարհ

Մաս

1.

Իրականություն

Էնին աշխատում էր քաղաքի լավագույն ընկերություններից մեկի մասնաճյուղերից մեկում վաճառքի և սպասարկման մենեջեր։Նա տանել չէր կարողանում իր աշխատանքը, քանի որ նա այդքան էլ սեր չուներ վաճառքի և սպասարկման հետ։ Նրան ավելի շատ հետաքրքիր էին կրթությունը,գիտությունը, համամարդկային արժեքները, իրականությունից դուրս երևույթները,միստիկան։ Նա ստիպված էր աշխատում այդ ոլորտում, քանի որ աշխատանք գտնելը շատ դժվար էր,իսկ նրան ապրելու միջոցներ էին պետք։Էնին դժվար մանկություն և պատանեկություն էր ունեցել։Էնիի ընտանիքը բազմազավակ ընտանիք էր։ Էնիի ծնողներն առողջական խնդիրների և երկրում տիրող տնտեսական ճգնաժամի պատճառով դժվարությամբ էին կարողանում ապրուստի միջոցներ հայթհայթել ընտանիքի գոյատևման համար։Էնիին աղքատությունը չխանգարեց,որ դպրոցում շատ լավ սովորի։Տարիներ անց նա դառնում է իր դպրոցի լավագույն աշակերտուհիներից մեկը։ Էնիի երկրում տասնամյակներ շարունակ տիրում էր քաոս, շուրջբոլորը կոռուպցիա և անարդարություն։Երկիրը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում։Երկրում առկա էր գործազրկության և աղքատության բարձր ցուցանիշ։ Երկրի բնակչությունը բաժանված էր երեք խավի` հանցագործների խավ, ստրուկների խավ և արտագնա աշխատանքի մեկնող նոր ստրուկների խավ։ Հանցագործների խավը սեփականաշնորհել էր և իրենց ընտանիքների միջեւ էր բաժանել երկրի ողջ հարստությունը։Բարձր էլիտան ամեն ինչ անում էր,որ հարստությունը իրենց խավից դուրս չգա։ Ստրուկների խավը հանցագործների խավի կամակատարներն էին։Նրանք պատրաստ էին վերևից ներքև ցանկացած տիպի ստորության,որպեսզի մեկ աստիճան վերև գտնվողի ուշադրությունը գրավեին և հայտնվեին նրա հովանավորության ներքո։ Ավելի բարձր աստիճանում գտնվող ստրուկը երբեմն չէր կարողանում զսպել իր քմծիծաղը,երբ տեսնում էր,թե ինչպես երբեմնի իր վրա քարեր նետողները իր մեկ աստիճան վերև բարձրանալու շնորհիվ պատրաստ էին ցանկացած մեծության քարեր նետել այն մարդու վրա,որի վրա վերև բարձրացած ստրուկը մատը կդներ։Բավական էր նա մատը դներ այդ մարդու վրա, նրան կհոշոտեին հիմնովին։ Այն մարդիկ,ովքեր խելացի էին, տաղանդավոր, իրենց ներսում կրում էին բարձր համամարդկային արժեքներ,նկատվում էին առաջին հերթին, չեզոքացվում,հեռացվում իրենց շարքերից։

Արժանապատվություն ունեցողները վերցնում էին իրենց ունեցած չունեցածը,վերածում փողի և ժամ առաջ հեռանում երկրից ուր կպատահեր։ Նոր երկրներն ունեին համեմատաբար բարենպաստ պայմաններ իրենց երկրի համեմատ ավելի լավ ստրուկ լինելու համար։Նոր երկրներ մեկնածներն այնտեղ նույնպես շերտավորվում էին տարբեր խավերի մեջ։ Տարբերությունն այն էր,որ նոր երկրներում այդ նոր ստրուկները հանճարներ էին դառնում և նոր երկրները ծաղկեցնում և փթթեցնում։Իսկ իրենց երկիր գալիս էին երկրում մնացած իրենց հարազատների կարոտն առնելու համար։ Երբ հայտնվում էին նրանց կողքին ինչ-որ բան փոխված լինելու հույսով,իրենց հարազատների հուսահատ բողոքները և պատմություններն էին լսում,որից նոր ստրուկների վերքերը բացվում էին և արնահոսում,նրանք հիասթափված վերադառնում էին իրենց երկրները,գիշեր ու ցերեկ աշխատում, իրենց աշխատանքով ապահովում և իրենց,և իրենց հարազատներին։ Ոմանք էլ չկարողանալով նույնիսկ իրենց գլխի ճարը տեսնել,մոռանում էին նաև իրենց դժոխքում տառապող հարազատներին։

Երկրում ծնողները կրթության էին տալիս միայն տղաներին,իսկ աղջիկներին դպրոցն ավարտելուց հետո ստիպում էին ամուսնանալ և ամբողջ կյանքում ծառայել իրենց ամուսիններին և երեխաներին, նրանց հարազատներին։Ուստի փոքրուց երեխաներին դաստիարակում էին ստրուկի հոգեբանությամբ։ Տղաները պարտավոր էին որտեղից ուզում են ապրուստի միջոցներ հայթհայթել իրենց ընտանիքների համար,կապ չուներ նրանք դա ինչ ճանապարհով կանեին,կարեւորը լինեին ճարպիկ, իրենց ինքնասիրությունը մի կողմ դնեին,խաղային ընդհանուր խաղի կանոններով։ Իսկ աղջիկներին մանկուց համոզում էին,որ նրանք կենդանուն հավասար էակներ են,զրկված են մարդկային բոլոր իրավունքներից, եթե բախտը բերեր այնպիսի ընտանիք <<ընկնեին>>, որտեղ մարդիկ բարյացակամ կլինեին նրանց հանդեպ,նրանց կտային որոշ իրավունքներ։ Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ծանրությունը գրեթե զրոյի էր հավասարեցրել հասարակության բարոյահոգեբանական վիճակը` նրան վերածելով պարզապես ամբոխի։

Էնին դեռևս մանկուց չէր համակերպվում անարդարություններին և հաճախ էր ապստամբում։ Նա նաև ապստամբեց կրթության և աշխատանքի իրավունքի հարցում,որը սահմանված էր օրենսգրքով,բայց մնում էր թղթի վրա։ Նա ընդունվեց իր երկրի լավագույն համալսարաններից մեկը` հաշվի չառնելով նրա ընտանիքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։Երբ Էնին դպրոցն ավարտեց Էնիի հոր հարազատները Էնիի համար փեսացուներ ճարեցին և համոզում էին Էնիի հորը նրան շտապ ամուսնացնել.

Ահա գալիս է առաջին փեսացուն։ Խոսում է ընտանիքի անդամների հետ,իր պայմանները դնում.

Իմ կնիկը չպետք է կրթություն ստանա,էտ էր պակաս,որ ասեին իմ կնիկը քաղաք է գնացել, սովորել է,ձեռի հետ էլ սիրած-միրած է պահել,եկել է իմ օջախ։ Իմ կնիկը էտ էր պակաս աշխատի,տուն փող բերի, լեզուն երկարի,ինձ ու ծնողներիս պատասխան տա։ Իմ կնիկը ինձ ու ծնողներիս պետք է ենթարկվի ամեն հարցում, լինի հլու հնազանդ, հեզ և խոնարհ։Իմ կնիկը պիտի տուն տանելու աղջիկ լինի,մաքրասեր լինի,եփի,թափի, լինի արագաշարժ, պիտի իր չափը,իր տեղը իմանա իմ օջախում։Միշտ գլուխը կախ,սուսուփուս մնա տունը,իր գործին,իր էրեխեքին։Իմ կնիկը պետք է հորական տուն գա մենակ իմ ուղեկցությամբ,ոնց որ մեր պապենական ադաթն է։

Էնիի եղբայրները էլ չեն լսում,թե այդ ինքնահավանը էլ ինչեր էր բարբաջում,վերցնում են դրան և ուղարկում գրողի ծոցը։Հետո իմանում են,որ այդ տղան ամուսնացել է իրենց բնակավայրի ամենաաղքատ ընտանիքներից մեկի գեղեցկուհի, խելացի ,հանգիստ,համեստ,զուսպ,քչախոս աղջիկներից մեկի հետ։Նա օր ու արև չի տալիս այդ աղջկան, նրա կյանքը դարձրել էր դժոխք, հաճախ խմում էր և ծեծում վերջինիս։ Մի օր էլ իմացան,որ հանցագործը այնքան էր խմել,որ չէր զգացել,թե ինչքան էր ծեծել խեղճ աղջկան,որը մահացել էր հիվանդանոցում։Բայց քանի որ երկրում կոռուպցիա էր և անօրինակություն,նրա ոստիկան բարեկամներից մեկը ջրել էր գործը,իբր աղջիկը երկրորդ հարկից լվացք փռելիս ընկել էր ու մահացել։

Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է իր երկրի լավագույն համալսարաններից մեկը։Էնիի մեծ եղբայրները մեկնում են արտագնա աշխատանքի և վճարում են Էնիի, ինչպես նաև Էնիի փոքր քրոջ կրթության ծախսերը։ Նրանց համար շատ կարևոր էր,որ իրենց քույրերը լավ կրթություն ստանան,լավ աշխատանք ունենան և չտանջվեն իրենց նման։ Թվում էր լավ կրթությունը լիովին բավարար էր իր կյանքը փոխելու համար,սակայն կյանքն առջևում էր։ Համալսանն ավարտելուց հետո երկար ժամանակ Էնին չի կարողանում աշխատանք գտնել։Ինչ աշխատանք էլ գտնում էր,նրան տանում էին իբր փորձնակ և անվճար շահագործում էին։ Էնին սարսափելի հոգեվիճակում էր։ Ուսանող տարիներին սկսվել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամ,որի պայմաններում բոլոր երկրների վիճակն էր վատթարացել։ Ֆինանսական ճգնաժամն առաջին հերթին հարվածել Էր Էնիի ընտանիքին։ Նրանք հազիվ կարողանում էին եղբայրների աշխատավարձով ապրել։Էնին ստիպված էր թողնել ուսումը,սակայն համալսանում իմանում է,որ բանկերն այժմ ունեն <<ցածր>> տոկոսադրույքով ուսանողական վարկեր և ֆինանսավորում են լավ սովորողների կրթությունը։ Էնին իրեն չի կորցնում,նա որոշում է կրթությունը շարունակել։Ուսմանը զուգահեռ փորձում է աշխատանք գտնել, սակայն նրան չեն ընդունում աշխատանքի` պատճառաբանելով, որ իբր Էնին աշխատանքային փորձ չունի։Իրականում հարցազրույցների ընթացքում գործատուները հասկանում են,որ Էնին տարբերվում է մնացած թեկնածուներից, ունի ազնիվ,արդարամիտ և ըմբոստ բնավորություն,նա չի համաձայնվի իրենց խաղի կանոններով խաղալ։Նրանք ունեցել էին դեպքեր, երբ ընդունել էին աշխատանքի Էնիի նման մարդկանց և իրենց բիզնեսները տուժել էին նրանց պատճառով։Ուստի ժպիտը դեմքներին նրան համոզում էին աշխատանք փնտրել համալսարանն ավարտելուց հետո։

Համալսանն ավարտելուց հետո Էնիի հոր հարազատները գտնում են Էնիի համար երկրորդ փեսացուին,որը չէր բարեհաճել արտերկրից գալ և անձամբ Էնիի ձեռքը խնդրել։ Նա ուղարկել էր իր հարազատներին խնամախոսության։Այդ իմանալով Էնին` չի համաձայնվում սենյակից դուրս գալ, քանի որ դա համարում է անհարգալից վերաբերմունք իր նկատմամբ։

Կողքի սենյակից Էնին լսում է նման մի խոսակցություն.

– Մեր տղան մեր քաղաքի լավագույն համալսաններից մեկի պրոֆեսոր է, քանի որ նա տաղանդավոր է և հանճարեղ ,27 տարեկանում դարձել է իրավագիտության պրոֆեսոր,գնել է երեք բնակարան քաղաքի թանկարժեք թաղամասում, ունի տասը շքեղ մեքենա, ունի իր սեփական բիզնեսը,հիմա փնտրում է իր ծննդավայրից հալալ,կաթնակեր,կրթված աղջիկ,որ ամուսնանան,ձեռի հետ էլ աղջիկդ կծաղկեցնի մեր տղայի բիզնեսը։ Նա տեսել է ձեր աղջկա լուսանկարը համացանցում,հավանել է և ուզում է ամուսնանալ։Դե մենք տեսնում ենք, որ ձեր վիճակն էլ վիճակ չէ,մեծ եղբայրները հասուն են արդեն,իրենք էլ պիտի աղջիկ ճարեն, ամուսնանան, քրոջ ժամանակն էլ է արդեն եկել։Մնալու են տուն ձեր վզին,տանը մնացած հորքուր են դառնալու,իզուր տեղը խայտառակելու են ձեր ընտանիքը։

Էնիի ծնողները պատասխան չեն տալիս, պարզապես քաղաքավարությունից ելնելով նրանց սուրճ են հյուրասիրում` չիմանալով,որ իրենց ադաթի համաձայն սուրճ հյուրասիրելը նշանակում է,որ աղջկա ծնողները համաձայն են։ Էնիի ծնողները կրթված մարդիկ էին և վաղուց հնամենի ավանդույթներին չէին հետևում։ Հետո իմացան,որ ըստ ադաթի,եթե աղջկա ծնողները համաձայն չեն, պետք է գոռգոռան խնամախոսների վրա,թքեն,մրեն ու տան շեմիքից ներս չթողնեն։

Աղջկա ծնողները ամեն ինչ թողեցին Էնիի որոշմանը, քանի որ գիտեին,որ ինչ էլ որոշեին,միևնույն է վերջին որոշումն ընդունում էր Էնին։ Էնին լսելով այդ ամենը, գրկեց ծնողներին, ներողություն խնդրեց նրանցից,որ ինքն այդքան լավը և հաջողակը չէ,որ իր պատճառով իր ծնողները գլուխները կախ և լուռ լսել էին այդ ամենը։ Նա ինքն իրեն խոստացավ,որ նման բան այլևս չի կատարվի։

Խնամախոսները մտածել էին,որ իրենց գործը գլուխ է եկել։Աղջկա ընտանիքը,որը ըստ իրենց երևակայության իրենց մակարդակից ցածր էր , վազելով այդ առաջարկին կհամաձայնեին։ Նրանք արդեն իսկ իրենց <<հայտնի>> պատասխանը լսելու համար հարկ չհամարեցին երկրորդ անգամ մուտք գործել իրենց համար հավաբուն համարվող տուն,պարզապես զանգահարեցին հարսանիքի օրը և պայմանները իմանալու, և իրենց համար անակնկալ կերպով մերժում ստացան,նրանց հեռախոսահամարը հայտնվեց սև ցուցակում։

Երրորդ փեսացուին էլ ճարել էին հարևանները։

Երրորդ փեսացուն էլ արտագնա աշխատող էր, ըստ իրեն իրենց բնակավայրի ամենահարուստ մարդկանցից մեկն էր։ Էնիի ծնողները խնամախոսներին ասեցին, որ թող երեխաները շփվեն միմյանց հետ և իրենց պատասխանները տան։Նրանք առանձնացան շփվելու։Տղան լուռ նայում էր Էնիի դեմքին և չէր խոսում։Շուտով լռությունը խախտեց Էնին։ Նա սկսեց հարցեր տալ,իսկ տղան ամեն հարցին կցկտուր պատասխաններ էր տալիս։Էնին չէր հասկանում, թե այդ տղան վերջը ինչպիսինն է,իր տված բոլոր հարցերին տալիս էր հակասական,իրարամերժ,երբեմն անտրամաբանական պատասխաններ։ Տղան քամելեոնի նման փոխում էր իր պատասխանները Էնիին դուր գալու համար։Մինչ Էնին խոսում էր,տղան այդ ընթացքում սիրահարվեց նրան և շշմած,խուլ ու համրի նման նայում էր Էնիի դեմքին։ Խոսակցությունը տևեց մեկ ժամ։Էնին այդ մեկ ժամվա ընթացքում հասկացավ,որ նման մարդուն նա չի տեսնում իր կողքին և դադարեցրեց շփումը։

Հաջորդ օրը Էնին անզգուշաբար եռացող ջուրը թափեց ոտքին և ծանր վնասվածք ստացավ։Երբ խնամախոսները մտան ներս, առաջին բանը,որ տեսան Էնիի դժգոհ տեսքն էր, քանի որ Էնին մեծ ցավ էր զգում։ Այդ պահին խնամախոսները սկսում են անիմաստ կատակներ անել,ինչը դուր չի գալիս Էնիին,Էնին կատակներ լսելու ցանկություն չուներ այդ պահին, նրանց փորձեց քաղաքակիրթ ձևով հրավիրել հյուրասենյակ,սակայն չկարողացավ ձևեր թափել և դերասանություն անել, կոպիտ հնչերանգով ստացվեց։ Նա վերջնականապես մերժում է նրանց առաջարկությունը, քանի որ հիմա նրա համար կարևոր էր իր առողջությունը։ Խնամախոսները տնից դուրս գալով` ասում են տղային.

– Արի,արի էտ աղջիկը մարդ էլ կուտի, քեզ էլ կուտի, ծնողներիդ էլ։Քո համար խելոք աղջիկ կճարենք։Նա արժանի չէ քեզ։

Մի քանի րոպեում տղան,որն իբր սիրահարվել էր, խորը հիասթափվում է։ Բայց հարևանների միջոցով աղջկան տեղեկացնում է,որ նա պատրաստ է ներել և ամուսնանալ նրա հետ։

Աղջիկը լսելով այդ ամենը` չի կարողանում զսպել ծիծաղը և բարձր-բարձր ծիծաղում։Այդ օրը այնքան է ծիծաղում,որ էներգիան սպառվում է,պառկում է քնելու և հետո այդ դեպքի մասին մոռանում։

Ու այսպես ամեն տեղից բերում էին նրա համար թեկնածուներ,մեկը մեկից իրենց կարծիքով լավ,հանճարեղ և տաղանդավոր, իսկ Էնիի համար մեկը մեկից հիմար, անկիրթ, հետամնաց, անդաստիարակ, ցածր բարոյական արժեքներ ունեցող և այլն,բոլորն ինչպես գալիս էին,այնպես էլ մերժվում և ուղարկվում այնտեղ,որտեղից որ նրանք եկել էին։

Մի օր էլ Էնիի համար թանկ մարդկանցից մեկը,ասում է Էնիին,որ ունի մի ընկեր,որը շատ նման է Էնիին, նրա նման բարի է,ազնիվ, առանձնահատուկ,աշխատասեր,ունի այն արժեքները,ինչ Էնին,նրա մտածելակերպից ունի։ Այդ ընկերը համացանցում տեսել է Էնիի ուսանող տարիներին արված լուսանկարներից մեկը,հավանել է Էնիին, սակայն քանի որ Էնիի նման,ինքն էլ է ցանկանում գտնել իր իսկական սերը, համոզվել,որ իրենք համապատասխանում են միմյանց,դրանից հետո միայն քայլեր անել։ Էնին առաջարկում է առերես հանդիպել,բայց քանի որ այդ տղան ամաչկոտ էր,նախընտրեց սկզբում շփվել օնլայն։Նրանք շփվեցին միմյանց հետ,գտան շատ ընդհանրություններ և տարբերություններ, Էնիին դուր էր եկել այդ տղան,շփումից նա լավ տպավորություն էր ստացել։ Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին կատակներ անել,իսկ այդ ընթացքում Էնին խորամանկության դիմեց, նա սկսեց իմաստուն կերպով բացահայտել տղայի իրական մտածելակերպը։ Շփման ընթացքում պարզվեց, որ նա իր մտածելակերպով ոչնչով չէր տարբերվում այն մարդկանցից,որոնց նա տանել չէր կարողանում։ Նրանք որոշել էին հանդիպել և առերես շփվել, որպեսզի իրար ավելի լավ ճանաչեն։ Սպասված հանդիպումը չկայացավ։Էնին սկսեց դիտավորյալ կոնֆլիկտներ հրահրել և դադարեցնել շփումը։

Էնին երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել, քանի որ նա չէր հարմարվում երկրում տիրող կեղծ և անարդար խաղի կանոններին։ Բազմաթիվ աշխատատեղեր փոխելով` վերջապես գտնում է աշխատանք վաճառքի և սպասարկման ոլորտում։Սակայն այդ ոլորտը նրան ընդհանրապես չէր հետաքրքրում։Ժամանակի հետ Էնիի կյանքը դարձավ ձանձրալի և անհետաքրքիր։ Տարիներ անց նա ծանոթացավ Ջեյքի հետ։ Ջեյքն իր մշտական հաճախորդներից մեկն էր,որը հայտնվել էր կյանքի ծանր պայմաններում։ Նա բիզնես էր սկսել,վարկ վերցրել,բայց սնանկացել էր ու հայտնվել վարկերի և պարտքերի մեջ։Նրա կնոջ ծնողները,ովքեր իրենց համարում էին բարձր խավի ներկացուցիչներ( իրականում նրանք ստրուկների աստիճանակարգում պարզապես ունեին բարձր դիրք), համոզում են իրենց աղջկան,որ նա երիտասարդ է և գեղեցիկ,նա արժանի չէ այն տառապանքներին,որի մեջ հայտնվել է ամուսնու պատճառով,առաջարկում են ամուսնալուծվել և կրկին ամուսնանալ։Որոշ ժամանակ անց նրանք բաժանվում են, Ջեյքի կինը լքում է ամուսնուն և աղջկան,ամուսնանում իրենց խավի ներկացուցիչներից մեկի տղայի հետ և մեկնում արտերկիր,որտեղ նրանք ցմահ դատապարտվում են բազմաթիվ խարդախություններ և ծանր հանցագործություններ անելու մեղադրանքով ։

Իսկ Ջեյքը հանուն աղջկա` Մեգիի չի կոտրվում,գիշեր ու ցերեկ աշխատում է, որպեսզի ոտքի կանգնի։ Էնին այդ ընթացքում դառնում է Ջեյքի լավագույն ընկերներից մեկը,երբեմն օգնում աղջկան խնամելու հարցերում։Ջեյքի աղջիկն ու Մեգին այնքան ընկերացան,որ երբեմն աղջիկը ջերմելիս Էնիին մայրիկ էր անվանում։Էնիի ամբողջ մարմնով սարսուռ էր անցնում այդ բառը լսելիս։Էնին այդպես էլ չէր գտել իր կյանքի կեսին, չէր ամուսնացել երկար տարիներ։ Նա շատ էր ուզում իր սեփական ընտանիքը ունենալ,իր երեխային ունենալ, վայելել մայրության բերկրանքը։

Շուտով Ջեյքի և Էնիի մտերմությունը վերածվում է սիրո։Նրանք հասկանում են,որ ստեղծված են միմյանց համար և ամուսնացան։ Էնին ապրում էր սովորական մարդկանց նման։ Աշխատում էր, բավարարում էր իր առաջին անհրաժեշտության պահանջմունքները, ուներ ընտանիք, հարազատներ, ընկերներ։Կյանքն ընթանում էր իր հունով։ Նա սիրում էր իր ամուսնուն և աղջկան,որին ընդունել էր իր հարազատ աղջկա նման։Ջեյքը և Մեգին նույնպես սիրում էին Էնիին։ Ջեյքի բիզնեսը շուտով ոտքի է կանգնում,Ջեյքը մարում է իր բոլոր պարտքերը, վաստակում այնքան,որ կարողանում է ինչպես որ հարկն է ապահովել իր ընտանիքին։

***

–Հիմար հարցերում թռնում եք մարդու դեմքին, երբ գալիս է ճշմարտությունն ասելու,կարևորն ասելու ժամանակը լռում եք,երբ գալիս է գործելու ժամանակը փախցնում եք ձեր հայացքները, ձեր թուլությունները բացատրում եք դարի բարոյալքությամբ. (դարն է այդպիսին)( դարը չէ այդպիսին,այդ դուք եք ստեղծում դարը)։Ձեր կողքին իմաստունները նախընտրում են լռել իրենց խոսքը չարժեզրկելու համար։ Ձեր կողքին ուժեղները զգուշանում են թիկունքից հարված ստանալու սպասումով։Ձեր կողքից ազնիվներն ու պարկեշտները հեռանում են լուռ և աննկատ,առանց ետդարձի հետքի անգամ։21-րդ դար,21-րդ… ապականության և մեղքի դարաշրջան,որտեղ ապականությունն ընդունվում է որպես ճշմարիտ կենսակերպ,մեղքն ընդունվում է որպես ազատության դրսևորում, բոլոր բարձր արժեքները հավասարվել են հողին և կեղտին,մարդը ստրուկ է մարդուն,փողին,փառքին և սեփական ագահությանը։

– Դու այս դարից չես սիրելիս,քանի դար ես դու հետ մնացել։Քո ազնվության համար քեզ հում– հում կխշռեն։Գայլերի հետ պետք է սովորես գայլերի նման ոռնալ,որս անել,ոհմակից ետ չմնալ։ Մարդն այնպիսի կենդանի է,որ առյուծների հետ կդառնա առյուծ,աղվեսների հետ աղվես, բորենիների հետ բորենի։ Ճկուն եղիր, այլապես դու չես գոյատևելու,քեզ կտրորեն ու քեզնից անգամ հետք չի մնա։

– Ոչ, մարդը վաղուց այլևս կենդանի չէ։Մարդը դադարեց կենդանի լինելուց,երբ դադարեց ծառի վրա ցատկոտել,կենսաբանական էակ լինելուց զատ դարձավ բանական և հոգևոր էակ,ստեղծեց գիտությունը, արվեստը,կրոնը, սկսեց ստեղծագործել,ստեղծեց բարին,վեհը,գեղեցիկը։ Նա այլեւս այն կենդանին չէ,որը շարժվում էր միայն կենդանական բնազդներով։Մարդն ավելին է,քան կենդանին։ Աստված մարդուն իր նմանությամբ մարդու նման ստեղծեց,ոչ թե կենդանու։Նա մարդուն տվեց ողջ երկրագունդը, հրահանգեց աճել և բազմանալ,իշխել ողջ բնության վրա,այլ ոչ թե մարդու։ Չնայած Ադամից մինչև 21-րդ դարի մարդը դեռևս մնաց ադամական գիտակցությամբ ու ես այս հարցում անզոր եմ։ Գուցե այս հարցում անզոր եմ,բայց իմ հարցում զորեղ եմ։ Ես դեռ ինձ համարում եմ մարդ,ոչ թե գազան և ոչ էլ գազանի համար նախատեսված կերակուր։

– Շատ մի փիլիսոփայիր։ Թեթև ապրիր,եղիր բոլորի նման,մի տարբերվիր։ Տարբերվողներին նկատում են առաջին հերթին։Ինձնից լավը չլինես,ես,որ դիմանում եմ,դու էլ դիմացիր,ինձնից ինչով ես լավը։ Միշտ հիշիր, առանց փողի ու թիկունքի դու ոչինչ ես ու հերիք է,կյանքին ռեալ նայիր,դուրս եկ քո երազների հեքիաթային աշխարհից։ Քո նմաններին հիմա հիմար( հարիֆ) են համարում։Ուզում ես մնալ հարիֆ,մնա,ինձ հետ գործ չունես։ Ես ապրել եմ ուզում։Ես ուզում եմ լավ ապրել։ Միշտ հիշիր,որ նպատակին հասնելու համար միջոցները կարևոր չեն։Խոսելուց առաջ էլ մտածիր,հետո խոսիր։ Դու պարզապես ընկել ես քո հետևից։ Քո համար << խախանդ>> ապրիր էլի։ Քեզ պետք է էտքան գլխացավանք։

– Ես չեմ կարող անարդարության կողքով աննկատ անցնել,կապ չունի ինձ հետ է կատարվել այդ,թե իմ նման մարդու։ Ես Ձեր նման վախկոտ չեմ և չեմ պատրաստվում կեղծիքը հանդուրժել։

Էնին վրդովված դուրս եկավ կառավարչի աշխատասենյակից, հերթական ծանր աշխատանքային օրից հետո նա վերադարձավ տուն և ամբողջ բարկությունը թափեց ամուսնու և աղջկա վրա։ Էնին մի անգամ չէր,որ նման կերպ էր վարվում։Նրա ամուսնու համբերության բաժակը լցվեց և նրանք թունդ վիճեցին.

– Էլի Էնի, այսպես շարունակվել չի կարող։Ես քեզ ասել եմ դրա լուծումը։Ես ի վիճակի եմ քեզ ու աղջկաս ապահովել ամեն ինչով։ Եթե ատում ես այդ աշխատանքը,դուրս արի աշխատանքից։Դուրս կգաս,մի փոքր կհանգստանաս,կվերագտնես ինքդ քեզ,նոր աշխատանք կգտնես,որը կանես սիրով և հեշտությամբ։Ոչ մեզ կտանջես,ոչ քեզ,ոչ առավել ևս հաճախորդներիդ և գործընկերներիդ։

–Ջեյք, ես չեմ կարող այդ աշխատանքից զրկվել։Գիտես ինչքան դժվարությամբ եմ այդ աշխատանքը ձեռք բերել։Գիտես ինչքան դժվարությունների միջով եմ անցել մինչև կարողացա այն ունենալ։Ես չեմ կարող պարզապես տնային տնտեսուհի լինել։Ես ինձ խոստացել եմ,որ երբեք,լսում ես երբեք դա թույլ չեմ տա։ Կինը պետք է լինի ինքնուրույն,ուրիշից կախվածություն չունենա,ես չեմ ցանկանում որևէ կերպ որևէ մեկից կախված լինել։

– Էնի,եթե դու համարում ես,որ ես քեզ համար ուրիշ եմ ու քեզ ապահովելն ինձնից կախվածություն է,ուրեմն ես ու դու այլևս խոսելու ոչինչ չունենք։

– Մի նեղացիր,Ջեյք, դու ինձ սխալ հասկացար։ Ոչ թե օտարից կախված լինելու իմաստն ես ի նկատի ունեի,այլ իմ անձից բացի այլ մարդուց կախված լինելու իմաստը։ Ես չեմ ցանկանում իմ չվաստակածը ծախսել։Ներիր ինձ,խնդրում եմ,ես այլևս չեմ անհանգստացնի քեզ ու աղջկաս։

–Էնի, այսօրվա միջադեպն ինձ այդքան չի անհանգստացնում,որքան քո հոգեկան և առողջական վիճակը։Այդ աշխատանքը քեզնից խլում է շատ էներգիա,դու մշտապես գտնվում ես լարված և նյարդային վիճակում,դու սկսել ես հազվադեպ անկեղծ ժպտալ,իմ իմացած Էնիից գրեթե ոչինչ չի մնացել։

–Ամեն ինչ լավ կլինի,Ջեյք,իսկ հիմա խնդրում եմ ինձ ժամանակավորապես հանգիստ թողեք, ես այսօր սարսափելի ծանր օր եմ ունեցել։

– Էնի,եթե ցանկանաս խոսել,ես պատրաստ եմ քեզ լսել։Քո սխալն այն է,որ ամեն ինչ դու պահում ես քո ներսում,չես կիսվում, արդյունքում վնասում ես ինքդ քեզ։

–Հիմա չէ,Ջեյք, մի փոքր հանգստանամ, կպատմեմ։Խնդրում եմ, այսօր ընթրիքին մի բան պատվիրիր կամ մի տեղ իրար հետ գնացեք ընթրեք,ես ի վիճակի չեմ ընթրիք պատրաստել,ոչ էլ ախորժակ ունեմ ընթրելու։Օգնիր Մեգիին կատարել տնային առաջադրանքները։Այսօր նրա ուսուցչուհին ինձ բողոքեց,որ Մեգին սկսել է ծուլանալ։

– Էնի, մի մտահոգվիր, ես արդեն ընթրիքը պատվիրել եմ, Մեգիին էլ կօգնեմ ընթրելուց հետո։Երբ ախորժակ կունենաս քո բաժինը սառնարանում է,իսկ հիմա հանգստացիր։

***

Ջեյքը դուրս եկավ սենյակից,իսկ Էնին միացրեց հեռուստացույցը և սկսեց ուշադրությամբ հետաքրքիր գիտական հաղորդում դիտել,որտեղ մի խորագետ պատմում էր.

–Ամեն ինչ սկսվեց ոչնչից։Ոչինչը ամեն ինչի սկզբնապատճառն էր։Այն իրենից ներկացնում էր ձվածիր,որը գնալով ընդարձակվում էր կամ փոքրանում։Ոչինչը պարունակվում էր էլի մեկ այլ ոչնչի մեջ։Իսկ այդ ոչինչը պարունակում էր անվերջ թվով ոչինչներ։Ոչինչները անհաշվելի թվով ոչինչներով պարունակում և պարունակվում են միմյանց մեջ։ Մարդկային գիտակցությունը դեռևս այնքան զարգացած չէ,որ բացահայտի ողջ օրինաչափությունը և ոչինչների գաղտնիքը։

Ոչինչներից մեկին պարզապես անվանենք Էլիպս։ Էլիպսը բաղկացած է երկու մասից` պայմանական սպիտակ և սև մասից։Սպիտակ մասը կազմված է դրական լիցքերից,սև մասը բացասական լիցքերից։ Սև և Սպիտակ մասերի լիցքերը միասին ստեղծում են դրական էներգիան և բացասական էներգիան։Դրանք անընդհատ պայքարի մեջ են և պտտում են Էլիպսը կամ դրական էներգիայի ուղղությամբ կամ բացասական էներգիայի ուղղությամբ։Էլիպսն իր էներգիաների ամբողջությամբ չեզոք էներգիա է,որն ընդարձակվում է կամ փոքրանում` կախված այն բանից,թե որ էներգիան է հաղթում։Դրական էներգիան ստեղծարար էներգիան է,որն ընդարձակում է Էլիպսը,իսկ բացասական էներգիան քայքայիչ էներգիան է,որը փոքրացնում է Էլիպսը։Էլիպսի յուրաքանչյուր մաս իր մեջ պարունակում է փոքր մասնիկ իր հակառակ մասից։Սպիտակ մասը պարունակում է սև մասնիկ,սև մասը պարունակում է սպիտակ մասնիկ։Էլիպսի տարբեր հատվածները փոխազդում են միմյանց վրա այդ փոքր մասնիկների շնորհիվ։Երբ դրական մասնիկն է մեծանում,սպիտակ կողմն է հաղթում,իսկ երբ բացասական մասնիկն է մեծանում,հաղթում է սև կողմը։ Էլիպսի սպիտակ մասին պայմանականորեն անվանենք`Աստված,իսկ սև մասին` Սատանա կամ Չար։ Ով է կամ ինչ է Աստված, ով է կամ ինչ է Սատանան կամ Չարը։Աստված գոյություն ունեցող գերագույն բանական,հոգևոր և կենսաբանական էակ է,որն ունի միտք,հոգի,մարմին։ Աստծո միտքը գոյություն ունեցող ողջ ճշմարիտ գիտությունն է,որը ստեղծվում է Աստծո գերագույն գիտակցության միջոցով։ Մարդուն հայտնի բոլոր ճշմարիտ գիտությունները և կրոնը Աստծո իմացած գիտության մի մասն է ընդամենը։Աստծո հոգին գոյություն ունեցող ողջ կենսական էներգիան է։ Աստծո մարմինը ողջ տիեզերքն է,որի կենսաբանական նվազագույն միավորը մոլորակներն են ։ Մոլորակները կարելի է համարել Աստծո մարմնի բջիջները։ Աստծո մարմնի մի բջիջ է երկիր մոլորակը։Մարդը երկիր մոլորակի մի օրգանոիդն է,որը Աստծո նման բանական,հոգևոր և կենսաբանական էակ է,որն ունի միտք,հոգի և մարմին։ Մարդու միտքը մարդու գիտակցության գործունեության արդյունքն է։ Մարդու հոգին մարդու կենսական ուժը։Մարդու մարմինն էլ տարբեր տեսակի և տարբեր գործառույթներ իրականացնող բջիջների ամբողջությունն է։Աստծո միտքը կառավարում է Աստծո հոգուն և մարմնին։ Աստծո միտքը հոգու միջոցով հասնում է մարմնի բոլոր բջիջներ,բջիջներից բոլոր օրգանոիդներ,այդ թվում մարդուն,ազդում նրա գիտակցության վրա։ Իր հերթին մարդու մտքերն էլ մարդու հոգու միջոցով կառավարում են մարդու մարմինը,բջիջները և օրգանոիդները։ Ինչպես մարդու օրգանիզմում բջիջներն են փոխազդում միմյանց հետ, այնպես էլ մոլորակները` որպես տիեզերքի մասնիկներ ( Աստծո մարմնի բջիջներ) փոխազդում են միմյանց հետ։ Նույն ձևով էլ մարդիկ են փոխազդում միմյանց հետ։Վաղ թե ուշ մարդու մարմնի բջիջները մահանում են,նորերն են առաջանում։Նույն ձևով էլ ոչնչանում են մոլորակները,նորերն են առաջանում։Երկիր մոլորակն էլ վաղ թե ուշ ոչնչանալու է։ Իսկ ով է Չարը։ Չարը նույնպես բանական,հոգևոր և կենսաբանական էակ է,որը Աստծո հակասությունն է։ Աստված և Չարը մշտապես հակամարտության մեջ են,ինչպես երկու խիստ տարբեր մարդիկ,որոնք պայքարում են միմյանց դեմ։ Երկուսն էլ փոխազդում են միմյանց գիտակցության և վարքագծի վրա։ Աստված վտանգավոր է Չարի համար,Չարը վտանգավոր Աստծո համար։ Չարի ինֆորմացիան կործանարար է Աստծո մի մասնիկը համարվող մարդու համար, իսկ Աստծո ինֆորմացիան կործանարար է Չարի մի մասնիկը համարվող էակի համար։Այն բոլոր դրական ինֆորմացիան,որ կա այժմ Ասծտուց եկող ինֆորմացիան է,որն անհրաժեշտ է մարդուն նորմալ կենսագործունեություն ծավալելու համար։Իսկ այն բացասական ինֆորմացիան,որ կա այժմ ,մարդու նորմալ կենսագործունեությունը խաթարող ինֆորմացիա է։ Բայց Աստծո գիտակցությունը որքան հնարավոր է ոչնչացնում է Չարից եկող ողջ ինֆորմացիան Աստվածային մտքի միջոցով։ Ոչինչների միջեւ կա տարածություն,որոնք նույնպես լցված են մասնիկներով,դրանք քաոսային շարժում կատարող դրական,բացասական և չեզոք մասնիկներն են,որոնք ոչինչների պտույտի ընթացքում ներթափանցում են ոչինչների մեջ և տարբեր գործառույթներ կատարում։ Դրանք չար կամ բարի ոգիներն են,դիցերը,տարբեր գործառույթներ իրականացնող չարքերը և տարբեր գործառույթներ իրականացնող աստվածները,տարբեր տեսակի կենդանակերպերը և այլն։ Այսպիսով մեծ ոչինչները պարունակում են անհաշվելի թվով փոքր ոչինչներ։Կամ այլ կերպ կարող ենք ասել մեծ էներրգիաները պարունակում են անհաշվելի թվով փոքր էներգիաներ,որոնք էլ պարունակում են անհաշվելի թվով մասնիկներ։Ուստի ամեն ինչ ստեղծվեց էներգիայից,իսկ էներգիան ոչ ստեղծվում է,ոչ էլ անհետանում,այլ մի տեսակից փոխակերպվում է մեկ այլ տեսակի էներգիայի։

Էներգիայից ծնվեցին բնության 4 տարերքները` օդը,ջուրը,հողը և կրակը,ապա օդի,ջրի,հողի և կրակի տարբեր համակցումից ստեղծվեցին բակտերիաները,սնկերը,բույսերը, կենդանիները, մարդիկ, ոգիները,դիցերը,աստվածները,այդ թվում բնության վերածննդի և վերակենդանացման թռչունները` Հազարան Բլբուլները, մոլորակները, աստղերը,գալակտիկաները, փոքր տիեզերքները,Մեծ տիեզերքները և մինչև Աստված և Սատանա։

Էնիի ուշադրությունը սևեռվեց հատկապես Հազարան Բլբուլի մասին հատվածին.

–Հազարան Բլբուլը մի թռչուն է,որի երգից բուսական և կենդանական աշխարհը վերածնունդ և զարթոնք է ապրում։Կանխազգալով իր մոտալուտ վախճանը` Հազարան Բլբուլն ինքնահրկիզվում է,ապա վերածնվում է իր իսկ մոխիրից։ Հազարան բլբուլները պահում են չորս տարերքների,բնականի և գերբնականի հավասարակշռությունը և երբ այդ հավասարակշռությունը խախտվում է,նրանք սկսում են երգել։ Հազարան բլբուլի երգի ձայնից ստեղծվում է նոր էներգիա,որը վերակենդանացնում է շուրջբոլորն ամեն ինչ…

Էնին այնքան էր հոգնել,որ աչքը կպավ և չհասցրեց հաղորդումն ամբողջությամբ դիտել։

***


    Ваша оценка произведения:

Популярные книги за неделю