355 500 произведений, 25 200 авторов.

Электронная библиотека книг » Էլյա Համբարձումյան » Էլիկո » Текст книги (страница 3)
Էլիկո
  • Текст добавлен: 24 октября 2019, 22:00

Текст книги "Էլիկո"


Автор книги: Էլյա Համբարձումյան



сообщить о нарушении

Текущая страница: 3 (всего у книги 3 страниц)

Իմ Աչոնը։ «Ցեբո» կոշիկների հետևից

Մի հետաքրքիր դեպք պատմեմ իմ երիտասարդությունից: Ամեն անգամ մեր հավաքույթներին խնդրում են նորից պատմել, ու սրտանց ծիծաղում ենք, կարծես առաջին անգամ պատմելիս լինեմ։

…Յոթանասունականների կեսն էր։ Տասնյոթ տարեկան էինք ես ու ընկերուհիս՝ Աչոնը (Աչոնը իմ պատանեկության անքակտելի մասն է)։ Երկուսս էլ ապրում էինք շատ համեստ, ու մեր մամաները (պապա չունեինք) չէին կարող շռայլություն թույլ տալ «ձեռքի վրայից» մեզ համար հագուստ կամ կոշիկ գնել, իսկ խանութներում դատարկություն էր։ Իմացանք, որ չեխական «Ցեբո» ապրանքանիշի կոշիկներ են ստացել խանութներում։ Աչքներս կայծկլտացին։ Հաստատ վստահ լինելով, որ, միևնույնն է, խանութում գտնողը չենք, ամեն դեպքում որոշեցինք այնքան թափառել, որ մի տեղ պատահաբար հանդիպի, ու գնենք։ Ուրեմն, մեր երազած կոշիկն ինչ տեսակի էր, նկարագրում եմ, որովհետև ձևը այս պատմության մեջ մեծ կապ ունի։ Կոպիտ, տափակ ներբաններով կոշիկներ էին՝ մուգ բալագույն։ Քթամասում գնալով բացանում էր գույնը։ Կապիչներով էին (քուղեր): Վերջը, մի ամբողջ օր թափառեցինք, ուր մտանք, ասացին, որ հենց նոր է վերջացել։ Փորուփոշման ու հոգնած որոշեցինք տուն գնալ։ Անցնում էինք «Մանկական աշխարհ» խանութի մոտով, որոշեցինք այդտեղ էլ մտնել։ Հասանք կոշիկի բաժին ու… ի՜նչ տեսնենք, ցուցափեղկին փառավոր բազմել էր մեր երազած կոշիկից։ Ու մարդ չկա… Արագ մտանք բաժին, հարձակվեցինք, ու զույգի մեկը ես գրկեցի, մյուսը՝ Աչոնը։ Համ ես եմ ուզում գնել, համ Աչոնը, ու քանի որ մենք երկուսս էլ պատրաստ էինք զիջելու մեկս մյուսին, նա ինձ մեկնեց, ես՝ նրան։ Երբ օդի մեջ երկու կոշիկները հայտնվեցին իրար կողքի, զգացինք, որ մի տարօրինակ բան կա։ Ուշադիր նայելուց հետո հասկացանք, թե ինչու այդ մի զույգը չի վաճառվել։ Մեկը երեսունյոթ համարի էր, մյուսը՝ երեսունութ, իսկ մենք հագնում էինք երեսունվեց։ Էն, որ ուզում ես ձայնով լացել, հենց այդ պահն էր։ Աչոնս խոր շունչ քաշեց ու դեմքի վճռական արտահայտությամբ ասաց, որ ինքը վերցնում է։ Զարմացա, ախր համ մեծ են, համ էլ՝ տարբեր համարների։ Ասաց, որ դա կապ չունի, կապիչներով են, ու ինքը պինդ կկապի, լայն շալվարի տակից մեծությունը չի երևա, կարևորը քթամասն է, դրանից էլ չի երևում մեծությունը։ Վերջը, գնացինք գումարը մուծելու։ Էս վաճառողն անտարբեր հայացքով նայելով մեր կողմը՝ ասաց, որ չի վաճառվում, և որ պետք է հետ ուղարկեն, քանի որ սխալ զույգեր են եղել։ Հիմա հո՜ չենք համոզում, հո՜ չենք խնդրում… Վերջը տեսավ, որ մեզնից պրծում չկա, գումարն ընդունեց ու մի քանի անգամ ասաց. «Տեսե՛ք, հա՜, հետ բերել չլինի»։ Նույնիսկ հետևներիցս գոռաց։ «Տո՛ չէ, հա՜, ի՜նչ հետ բերել, հազիվ ենք գտել»,– պատասխանեցինք մենք։ Աչոնս որոշեց հենց այդտեղ հագնել ու նոր կոշիկներով գնալ տուն։ Հագավ, պինդ կապեց կապիչները, ու դեմքի երջանիկ արտահայտությամբ դուրս եկանք խանութից։ Ուժեղ անձրև էր գալիս, և ինչպես այդ տարիքին է հատուկ, անձրևի տակ քայլելով բարձրացանք դեպի Շրջանային։ Մինչև հասանք կանգառ, անձրևից կոշիկի մեկը դարձավ երեսունութ, մյուսը՝ երեսունինը համար։ Իրոք հասկացանք, թե ինչ ենք արել, ու ինչ է մեզ սպասվում տանը։ Աչոնի մաման՝ լուսահոգի Փայլուն ծյոծյան, շատ խիստ կին էր։ Երբ հասանք «Գայի արձան», Աչոնը հասկանալով, թե ինչ է գալու գլխին, ասաց. «Արի՛ միասին գնանք մեր տուն (մի քանի շենք վերև էին ապրում): «Հո չե՞մ գժվել, մի զոհը լրիվ հերիք է, ես եկողը չեմ»։ Աչոնս գնաց իրենց տուն, ես՝ մեր։ Տուն հասա ու անմիջապես հեռախոսն անջատեցի, որովհետև պատկերացնում էի կատարվելիքը։ Մի երկու ժամ հետո վստահ, որ արդեն Աչոնը հարցերը լուծած կլինի, միացրի հեռախոսը։ Միացնելն ու զանգի հնչելը մեկ եղավ։ Փայլուն ծյոծյան էր.

– Էլյա՛, էս ի՞նչ եք արել, ձեր արածը ձեզ դուր է գալի՞ս, մեծ ու փոքր կոշիկներն առել եկել եք։

Մինչև ես կմտածեի ինչ պատասխանել, կողքից Աչոնը գոռաց.

– Չասեցի՞, որ տեղյակ չենք եղել՝ տարբեր համարներ են։– Էդ նշանակում էր, որ ես էլ պետք է նույնն ասեի.

– Փայլո՛ւն ծյոծյա, մենք չենք իմացել, որ էդպիսի բան կա։

– Էլյա՛ ջան, ես էս աննորմալի վրա չեմ կարողանում, արի՛ դու վերցրու էս կոշիկները, տար հե՛տ տուր, ասա՛, որ չեք նկատել։

Արյունը երակներումս սառեց, հիշեցի, թե աշխատողը վերջին անգամ ոնց հետևներիցս գոռաց՝ հետ եք բերել, չեմ վերցնելու, ու մենք ոնց վստահ ասեցինք, որ հետ բերողը չենք։ Հեռախոսից այն կողմ Աչոնս էլի օգնեց.

– Մա՛մ, ասում եմ, որ Էլյան տաքության մեջ պառկած է, չի կարող գնալ։

– Վա՜յ, Փայլո՛ւն ծյոծյա, սիրով կգնայի, բայց քառասուն աստիճան տաքություն ունեմ։

– Բա իհարկե կունենաս, խելառների պես անձրևի տակ թրև եք եկել։

Ուզում էի ասել՝ հա՜, խելա՛ռ ասեք, աննորմա՛լ ասեք, կուզեք՝ մի երկու անգամ թաղեք–հանե՛ք, ինչ ուզում եք, ասե՛ք, միայն թե ես չգնամ վերադարձնելու։ Փայլունս դրեց լսափողը։ Մի քիչ հետո Աչոնը զանգեց, ու ոչ մի բան չեղածի պես հարցրեց.

– Հետո՞, բա ուրիշ ի՞նչ կա–չկա։

– Աղջի՛, – հարձակվեցի վրան,– արածդ դուրդ եկա՞վ, բա ո՞ւր է մամադ։

– Գնացել է կոշիկները հետ տա,– ու դա ասում է հանգիստ ձայնով։

– Ա՛չ, մենք մեռանք, Փայլուն ծյոծյան հետ կգա կոշիկներով ու մեզ կսպանի։

– Աչքիդ է երևում։ Հետ կգա փողով, ու մի քանի անգամ էլ դրանք ներողություն խնդրած կլինեն վաճառելու համար, մամայիս լավ չգիտես։

Ու էդպես էլ եղավ։ Ես իրենց տանն էի, եկավ Փայլուն ծյոծյան՝ հաղթանակած, առանց կոշիկների: Ասաց.

– Գիտե՞ք՝ ինչ էր ասում էդ աշխատողը. իբր թե դուք իմացել եք, որ տարբեր համարներ են եղել ու համոզել եք իրեն, որ վաճառի։ Ասեցի՝ էհե՜ յ, իմ երեխեքը սուտ խոսացող երեխեք չեն, չես ամաչո՞ւմ՝ երեխեքիս զրպարտում ես, իրենք ինձ ասել են, որ չեն իմացել։ Հենց հիմա հե՛տ վերցրեք, թե չէ կգնամ ուղիղ տնօրենի մոտ, գործից վռնդել կտամ։

Ես ու Աչոնը նայեցինք իրար։ Աչոնիս միմիկան չշարժվեց։ Մի բան հաստատ հասկացանք, որ մոտակա մի տասը տարին այդ խանութ ոտք չենք կարող դնել։

Պնդուկի գողերը

Մի ամառ Աչոնի հետ գնացինք Սուխում հանգստանալու։ Այնտեղ Աչոնի քեռին և մայրական կողմի բարեկամների մի քանի ընտանիք էր ապրում, որոնց հիշում եմ ջերմությամբ։ Գնալիս Աչոնի մայրը՝ լուսահոգի Փայլուն ծյոծյան, մի քանի անգամ զգուշացրեց, որ մեծ մարդիկ ենք, մեզ խելոք պահենք։ Սկզբում չհասկացա, թե ինչ նկատի ուներ, էդ ի՞նչ պիտի անեինք, որ խելոք չպահեինք. դու մի ասա, Փայլուն ծյոծյան իր «դառը» փորձից ելնելով էր ասում։ Աչոնը՝ իմ մանկության սիրելի ու թանկ ընկերուհին, իսկական վայրի աղջիկ էր համ արտաքնապես, համ էլ բնույթով։ Սև աչք–ունքով, աննկարագրելի գեղեցիկ ու… չարաճճի։ Բոլոր բարեկամներն ապրում էին կողք կողքի։ Մաջարա գյուղն էր, որտեղ խիտ անտառի մեջ սեփական տներ էին։ Դարավոր թզենիներ կային, որոնց պտղից մեղր էր կաթում։ Աչոնն ինձ սովորեցնում էր, թե ինչպես պետք է վայելել թզի մեղրը՝ կանգնել տակն ու բերանը բաց սպասել, մինչև կկաթի։ Մինչև հիմա թուզ տեսնելիս ակամա հիշում եմ այդ պահերը (Ա՛չ ջան, ի՜նչ օրեր էին)։ Աչոնի քեռին, որի հետ ինքը, շատ մեղմ ասած, շեշտված սառը հարաբերությունների մեջ էր, պնդուկի այգիներում պահակ էր աշխատում։ Մի օր Աչոնն առաջարկեց գիշերով գնալ քեռու պահպանած այգուց պնդուկ գողանալու։ Ես էլ իմ բնույթով արկածախնդիր եմ, բայց այնքան շատ կային պնդուկի ծառեր, որ իմաստ չտեսա թաքուն սողոսկելու այգի։ Աչոնն ինձ շատ հանգամանալից բացատրեց, որ քեռու այգու պնդուկներն այլ են, ու նրան «հասնում է», որ պնդուկի «պակասորդ» տա։ Մենք պատրաստվեցինք «հարձակման»։ Երբ արդեն բավականին մթնել էր, լուսնի լույսի ուղեկցությամբ մտանք այգի։ Լավ խնամված այգի էր, բոլոր ծառերը մի գծով շարված էին։ Ոչ մի ավելորդ խոտ չկար։ Մի խոսքով՝ իդեալական վիճակ էր։ Երբ Աչոնին կամաց ասացի այդ մասին, պատասխանեց, որ քեռին ամեն ինչում է սիրում կարգապահություն։ Սկսեցինք բերքը քաղել ու լցնել Հայկուշ մորաքրոջ տնից վերցրած կտորից տոպրակների մեջ։ Հետն էլ դանդաղ համտեսում եմ։ Արդեն մոռացել եմ, որ սա գաղտնի գործողություն է, մեկ էլ մի տարօրինակ շրշյուն լսեցի, որը կապ չուներ քամու հետ։ Նայեցի Աչոնի կողմը. մատը դրեց շուրթերին՝ ձայն մի՛ հանիր։ Զգույշ մոտեցա նրան։ Հարցիս, թե ինչ կարող է դա լինել, շատ հանգիստ, իբր թե դա նորմալ վիճակ է, ասաց, որ քեռին հաստատ գլխի է ընկել, որ գողություն են անում, եկել է բռնելու։ Մեկ էլ հենց այդ խոսքի վրա քեռին մի երկու ծառի հեռավորությունից գոռաց.

– Стой, стрелять буду!

Նայեցի ձայնի ուղղությամբ ու մթության մեջ տեսա հենց ի՛նձ ուղղված փայլող հրացանի փողը։ Վախից սիրտս կանգնեց։ Հազիվ արտաբերեցի.

– Ա՛չ, կկրակի՞։

Հարցրի, բայց շատ մեծ հույս ունեի, որ Աչոնը կասի, որ ես հո չե՞մ գժվել, ի՜նչ կրակել, ի՜նչ բան, բայց Աչոնս նախանձելի հանգստությամբ ասաց.

– Հա, իհա՛րկե… անպայման կկրակի։

– Աղջի՛, գժվե՞լ ես, ո՞նց թե՝ կկրակի, այն էլ՝ անպայման, բա ինչի՞ նախօրոք չասացիր, որ այսպիսի բան է հնարավոր,– որքան հնարավոր է ցածրաձայն, բայց համարյա թե գոռացի ես։

– Դու ավելի լավ է սսկվես ու թաքնվես ծառի հետևում, հեսա կրակելու ա։

Պնդուկի ծառերն էլ, եթե տեղյակ եք, բոլորովին հաստաբուն չեն. ո՞ւր թաքնվեմ։ Հանկարծ մի միտք հղացավ մեջս.

– Աչո՛ն, ձա՛յն տուր քեռուդ ու ասա՛, որ դու ես. չի կրակի։

– Բա ո՛նց… Հենց իմանա ես եմ, անմիջապես կկրակի, դու դրան չգիտես, ինձ տանել չի կարողանում։– Պահի կարևորությունը թողած՝ հենց այդ պահին ինձ հետաքրքրեց, թե ինչու քեռին չի սիրում Աչոնին։

– Դե ո՞նց սիրի, խեղճն ամեն տարի շահում–պահում է այգին, մաքրում, կարգավորում, ես էլ գալիս եմ, ընկերներիս հետ մի գիշերում ավերակ սարքում ու գնում։ Ու շա՛տ է զայրանում, որ չի կարողանում բռնել, ժամանակին ծլկում ենք։ Չի կարողանում ապացուցել, որ ես եմ արել, – իրենից գոհ ականջիս տակ փսփսաց Աչոնը,– բայց երևի այս անգամ բռնվենք, չզգացի, թե երբ եկավ։

Քեռին առաջ էր գալիս, մենք կամաց–կամաց հետ էինք գնում։ Մեկ էլ Աչոնը ձեռքս բռնեց և ուղղությունը թեքեց դեպի ձախ. դեմ առանք փշալարի։

– Ես մի կերպ կբարձրացնեմ, դու տակով արագ անցի՛ր այն կողմ, ու հետո դու կբարձրացնես, ես կանցնեմ։ Հիմա այստեղ կանգնի՛ր, հեսա գալիս եմ։

Շունչս պահած սպասում եմ, թե Աչոնն ինչ է մտադիր անել։ Դու մի ասա, քեռու ուշադրությունն է շեղում։ Զգալիորեն աղմուկ հանելով՝ գնաց դեպի աջ, քեռին էլ՝ հետևից, ու հետո անձայն եկավ դեպի իմ կողմը։ Չերկարացնելու համար ասեմ, որ ամբողջ «բերքը» թափեցինք ու մի կերպ սողոսկեցինք փշալարի տակով։ Դիք էր այն կողմում, գլորվելով, բարձրանալ–ընկնելով հասանք մորաքույր Հայկուշենց տուն։ Ես կարծես նոր ծնված լինեի, հավատս չէր գալիս, որ չզոհվեցի «հերոսի մահով»՝ Աչոնի մարտական առաջադրանքը կատարելիս։ Ինքը շատ գոհ էր, ուրախ–ուրախ ասաց.

– Բա չէ՛, գիտեր այս անգամ կբռնի։

Մյուս օրը քեռին լուրջ, ուլտիմատումային զրույց ունեցավ Աչոնի հետ՝ ասելով, որ վստահ է՝ այգին գիշերն ավերողն ինքն է եղել։ Խոստացավ, որ եթե բռնի, դա իր վերջին Սուխում գալն է լինելու, որովհետև կրակելու է։– Աչոնի դեմքին ոչ մի մկան չշարժվեց։ Երեկոյան ինձ ասում է.

–Կուկուռուզ սիրո՞ւմ ես. տան հետևում քեռիս լավ կուկուռուզի արտ ունի…

«Ասացի՝ նյետ»

Սուխումի ծովափնյա այն մասը, որին հարում էր Մաջարա գյուղը, հիմնականում մարդաշատ չէր, մի քանի վրաններ էին խփված։ Անասելի լուռ հանգստավայր էր, որն էլ մեզ շատ էր դուր գալիս։ Ես ու Աչոնն առավոտյան ժամերին գնում էինք, երեկոյան՝ վերադառնում։ Առաջին օրերին ես արևայրուք ստացա, որի պատճառով նույնիսկ շտապօգնություն կանչեցին։ Աչոնիս դրա համար մի լավ «դաս» տվեցին բարեկամները. «Էդ աղջիկը խամ էր, չհասկացավ, որ արևի տակ չեն քնում, բա դո՞ւ ուր էիր նայում. ծովափին ես մեծացել»։ Եվ քանի որ Աչոնն աչքի չէր ընկնում առանձնահատուկ նրբանկատությամբ, իմ մասին ինչ մտածում էր, ասաց, որի ամենակարևոր մասն այն էր, որ ես երեկ չէի ծնվել ու պարտավոր էի այդքան բան ինքս հասկանալ։ Ես պառկածս տեղից կիսամեռ վիճակում Աչոնին հասկացրի, որ ես հենց լավ լինեմ, իր հետ «բարձր մակարդակի» զրույց կունենամ։ Ի պատասխան՝ Աչոնս չարախնդաց.

– Դու հլը լավացի՜ր…

Ինչևէ։ Մի քանի օրից նորից առավոտյան գնում էինք ծովափ, երեկոյան վերադառնում։ Մեր հանգստյան այդ օրերը երևի թե չմնային էլ մեր հիշողության մեջ, եթե չլիներ մի միջադեպ։

Որտեղից որտեղ այդ վրաններից մեկում երկու հայ տղա էին հանգստանում։ Ժողովրդի լեզվով ասած՝ քյարթու, «Ների՜ր ինձ, մամա՜» տարբերակի երգեր լսող։ Հենց մենք գալիս էինք, սրանք հայտնվում էին մեր կողքին ու իրենց սրբագույն պարտքն էին համարում հետաքրքրվել մեր որպիսությամբ, եղանակի մասին մեր կարծիքով, և ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակի մասին՝ մեր տեսանկյունից։ Հենց սկզբից Աչոնն առաջարկեց, որ իրենք չպետք է իմանան, որ հայ ենք, այլապես մեզ հանգիստ չեն թողնի։ Դե որպես էդ կողմերում «կռված» մարդ՝ ինձ համար ինքն անհերքելի հեղինակություն էր։ Աչոնն ասաց, որ ինքը վրացի է, Մանանա է անունը, ու խիստ եղբայրներ ունի, այնպես որ, մեզնից հեռու է պետք մնալ։ Նախորդ պատմության մեջ ասել էի, որ Աչոնն անթերի գեղեցկություն ուներ ու իրոք նման էր վրացուհու։ Սրանք խայծը կուլ տվեցին, բայց ես իմ արտաքինով չէի կարող որպես վրացուհի հանդես գալ. ստիպված «դարձա» Տանյա։ Բարեխղճորեն ներկայացան, հիմա տարիների հեռվից մեկի անունը չեմ հիշում, մյուսինն էլ չէի հիշի, եթե բարձրագոչ ձևով մեր գյոզալական «Հայկը» չսարքեր «Գայկ»։ Խոսում էինք ռուսերեն, պայմանականորեն ասած՝ ռուսերեն, որովհետև հազիվ մի կերպ էին արտահայտվում։ Մեկ–մեկ ուզում էի հայերեն ասել. «Լավ, մի՛ տառապեք, հայերե՛ն ասեք»։ Հիմա որ հիշում եմ, ծիծաղս չեմ կարողանում զսպել, թե ինչպես էին իրար մեջ հայերեն պայմանավորվում՝ ոնց գրավեն մեր սրտերը, ընդհուպ՝ ինչ պաղպաղակ հյուրասիրեն, որ թանկ չլինի։ Տեսանք, որ սրանք նպատակասլաց որոշել են մեր հանգիստը «լցնել» նրանց ներկայությամբ, դիմեցինք Աչոնի եղբայրներին՝ Պետիկին ու Ալիկին։ Ամեն ինչ ընկավ իր տեղը։ Մնացյալ օրերն անցկացրինք առանց նրանց ներկայության ու գերագույնս վայելեցինք ծովը։ Վերադարձանք Երևան։ Որոշ ժամանակ անց ես մտա աշխատանքի Կոշիկի 4–րդ ֆաբրիկայում. բարձրագույն հաստատություն ընդունվելու համար պարտադիր աշխատանքային վեցամսյա ստաժ էր պետք։ Մի առավոտ ավտոբուսի մեջ մի կերպ խցկված գնում եմ աշխատանքի։ Մեկ էլ ուղիղ ականջիս տակ մեկը սրտաճմլիկ գոռաց.

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.


    Ваша оценка произведения:

Популярные книги за неделю